Լրահոս

31.03.2020 12:24


«Թուրքի պլենին ըտենց չեն ծեծում». ոստիկանների կողմից բռնության ենթարկված տղամարդու ընտանիքը՝ վարչապետին (տեսանյութ)

«Թուրքի պլենին ըտենց չեն ծեծում». ոստիկանների կողմից բռնության ենթարկված տղամարդու ընտանիքը՝ վարչապետին (տեսանյութ)

Ոստիկանների կողմից բռնության ենթարկված տղամարդու ընտանիքը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նրանք պնդում են, որ իրենց որդին անմեղ է, եւ, որ նրան կալանավորելու որեւէ հիմք չկա։

«Պարոն Փաշինյան, մեծ խնդրանքով դիմում ենք ձեզ։ Եղբայրս ընկերոջ հետ տանը մի փոքր ալկոհոլ էր օգտագործել, երեխան ջերմություն է ունեցել, մեքենան արագ վարելով գնացել են դեղատուն՝ երեխայի համար ջերմիջեցնող դեղ գնելու։ Պարետային ոստիկանները՝ քաղաքացիական հագուստով մոտեցել են նրանց, հայհոյանքներ հնչեցրել եղբորս հասցեին, թե՝ արա, ինչի՞ ես մեքենան արագ վարում։ Եղբայրս չճանաչելով ոստիկաններին, դիմել է՝ արան դու ես, դու ո՞վ ես, որ ինձ տենց ես ասում։ Սկսվել է հրմշտոց, քաշել են եղբորս ու իր ընկերոջը ահավոր ծեծել են, հետո նստեցրել են մեքենան, տարել իրենց մոտ, այնտեղ նույն ձեւ ծեծել են, ինչ ասես արել են։ Էս ո՞ր թիվն է։ Այսպիսի՞ն էր ազատ քաղաքացի լինելը»,-ասաց տղամարդու քույրը։

Նա հայտնեց, որ իրենց թույլ չեն տալիս տեսակցել տղամարդուն. «Նրանք մեզ չեն զանգել, թե ձեր եղբայրը կամ որդին այստեղ են գտնվում։ Թաքցրել են, որ մենք չտեսնենք՝ ինչ ձեւի եղբորս այլանդակել են։ Գնացել ենք բաժին, մեզ չեն թողել, որ երեխային տեսնենք»։

Կինը հայտնեց, որ ամուսինն այս պահին կալանավորված է ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Բռնության ենթարկվածի մայրն ասաց, որ իր որդին ոստիկաններին չի հարվածել. «Տղաս իրենց չի հարվածել, անկանոն շարժումներ է արել, որի հետեւանքով կպել է ոստիկանի աչքը բացվել է։ Դա չի նշանակում, որ տղաս իրենց խփել է։ Եթե որդիս խախտումներ է արել, թող կանչեին ՃՈ, տուգանք նշանակեին»։

Հայրը պատմեց, որ որդու՝ բռնության ենթարկվելու լուսանկարները իրենց փոխանցել է փաստաբանը. «Թուրքի պլենին տենց չեն ծեծում։ Սրանք թուրքից էլ բեթար են։ Փաստաբանի միջոցով որդուս նկարները տեսա։ Սպիրտը լցրել են բերանը խեղդվել է, հետո հետաքննություն են նշանակել, թե ինքն իբր հարբած է եղել»։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը