Մեկնաբանություն

30.03.2020 18:55


Տոտալ հսկողության և իրավունքների ոտնահարման հարմար պատրվա՞կ են գտել

Տոտալ հսկողության և իրավունքների ոտնահարման հարմար պատրվա՞կ են գտել

Ինչ էլ ասվի, փաստը մնում է փաստ, որ գործող կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ի սկզբանե անպատասխանատու և վարակի եղած սպառնալիքին անհամարժեք վերաբերմունք դրսևորեց: Դրա համար գործող կառավարությունն անկասկած քաղաքական պատասխանատվություն է կրում և դրսևորած նախնական անլրջության հետևանքներն ու անդուր պտուղները դեռ քաղելու է:

Եվ ահա, նույն այդ կառավարությունը, որի համար փետրվարի 29-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում «կորոնավիրուսն ո՜ւմ շունն» էր կամ առնվազն՝ «ստից բան», ստեղծված իրավիճակի թելադրանքով մարտի 16-ից հայտարարած արտակարգ դրության պայմաններում հանդես է գալիս մեկը մյուսից ավելի դրակոնային արգելքների ու սահմանափակումների իրարահաջորդ նախաձեռնություններով:

Պետք է ասել, որ հասարակությունը հիմնականում ըմբռնումով է վերաբերվում այդ սահմանափակումներին: Համենայն դեպս՝ մինչև հիմա: Ավելին, հանրային դժգոհության հախուռն կամ կազմակերպված արտահայտման դրսևորումներ կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ, քավ լիցի, չկան: Ընդհանուր տպավորությամբ, հասարակության մեծամասնությունը նախապես էլ շատ ավելի պատասխանատու վարաբերմունք ուներ, քան կառավարող ու իշխանական բուրգի գագաթին հայտնված անձանցից շատերը:

Ի՛նչն է հետաքրքիր:

Երբ հայտարարվեց արտակարգ դրություն մտցնելու մասին, այսինքն՝ մարտի 16-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների պաշտոնական տվյալը 50-ի սահմաններում էր: Մասնավորապես, առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, օրինակ մարտի 16-ի առավոտյան 8:00-ի դրությամբ կար 30 հաստատված դեպք, իսկ արդեն մարտի 17-ի ժամը 00:00-ի (կամ մարտի 16-ի կեսգիշերվա) դրությամբ՝ 52 հաստատված դեպք:

Արտակարգ դրության ռեժիմի անցած երկշաբաթյա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերի տվյալները մեր երկրում անշեղորեն աճել են, ըստ որում՝ անգամներով: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 482 դեպք, որոնցից 30-ը՝ առողջացած, 3-ը` մահվան ելքով:

ԱԴ հայտարարելու մեկնակետի համեմատ, հաստատված դեպքերի թիվը աճել է 8-9 անգամ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Արդյոք դա խոսում է ձեռնարկված քայլերի՞ անարդյունավետության, թե՞ քայլեր անողների թերացման մասին:

Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ օպերատիվ ու կազմակերպված ի հայտ չեն բերվել մինչ այդ պահը հայտնի վարակվածների հետ շփված անձինք: Ի վերջո, չմոռանանք նաև, որ մի իրավիճակում, երբ մոտ մեկ շաբաթ արդեն արտակարգ դրություն էր հայտարարված, վարակի երկու նոր մեծ օջախի մասին հայտնի դարձավ (Կոտայքի մարզի և Էրեբունի վարչական շրջանի դեպքերի մասին հայտարարությունը):

Ի միջի այլոց, վարակվածների թվով Հայաստանը վաղուց առաջ է անցել թե՛ Ադրբեջանից (209 դեպք, մարտի 29-ի դրությամբ), թե՛ հատկապես Վրաստանից (91 դեպք) (օն-լայն վիճակագրական տվյալների հղումը՝ https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/

Առայժմ արտակարգ դրություն է, որը կշարունակվի առնվազն մինչև ապրիլի 14-ը: Դժվար է ասել՝ դրանից հետո կհայտարարվի այս ռեժիմը երկարաձգելո՞ւ, թե՞ չեղարկելու մասին: Փոխարենը, կարելի է չկասկածել, որ ԱԴ ռեժիմի ավարտից հետո կամ նույնիսկ դրան զուգընթաց, եթե որոշվի այն երկարաձգել, ավելանալու են փաստարկված և սուր հարցադրումները՝ ուղղված գործող ՀՀ կառավարությանը, գործող իշխանությանն ու այն գլխավորող Նիկոլ Փաշինյանին:

Հիմա էլ մի նոր օրինագիծ են մտածել, որը (կարելի է չկասկածել՝ կընդունեն) իշխանությանը թույլ է տալու օնլայն ռեժիմով ստանալ տեղեկություն այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ արդեն իսկ հաստատված է կորոնավիրուսի վարակը: Այսպես ասում են կառավարության ներկայացուցիչները, կոնկրետ՝ ՀՀ փոխվարչապետ ու ԱԴ պարետ Տիգրան Ավինյանը: Այսինքն, որ միայն կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ են օնլայն ռեժիմով տեղեկություններ ստանալու:

Կներեք, իսկ ո՞վ է վերահսկելու օնլայն տեղեկություններ ստանալու այդ գործընթացը, ո՞վ է երաշխավորելու կամ ո՞րն է երաշխիքը, որ այդ պատրվակը չի օգտագործվելու առհասարակ բոլորի վերաբերյալ օնլայն ռեժիմով տեղեկություններ ստանալու համար:

Կա՞ երաշխիք, որ սա չի հանգեցնելու կառավարության, գործող իշխանության կողմից բոլոր քաղաքացիների տեղաշարժի, նաև՝ հեռահաղորդակցական միջոցներով շփումների ու շփման շրջանակի բացարձակ կամ տոտալ վերահսկողության:

Չկա՛ նման երաշխիք:

Լսեք, իսկ միգուցե անխտիր բոլորի վրա մի-մի ջի-փի-էս փակցնե՞լ (չնայած բջջային հեռախոսները մոտավորապես նույն դերը կատարում են), կամ է՛լ ավելի զիլ՝ յուրաքանչյուրի տանը կառավարությանն ու պարետին հասանելի-տեսանելի հսկման տեսախցիկնե՞ր դնել, ավելին, յուրաքանչյուր անձի՛ վրա փակցնել նման դյուրակիր տեսախցիկներ, գաղտնալսել ոչ թե միայն իշխանությանը քննադատողներին, այլ անխտիր բոլորին:

Այնպիսի տպավորություն է, որ եղած բավարար գործիքակազմի ու ռեսուրսների պայմաններում չկարողանալով դրանք լիարժեք ու արդյունավետ օգտագործել՝ կառավարությունը շարունակ ինչ-որ նորանոր պատրվակներ է փնտրում՝ տոտալ հսկողություն հաստատելու և մարդու իրավունքները զանգվածաբար ոտնահարելու համար: Հատկանշական է, որ գործող կառավարիչներն իշխանության են եկել ազատությունների, իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ կոչերով, դրոշակներով, պոպուլիստական լոզունգներով: Միանգամայն բնութագրական է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը