Կարծիք

28.03.2020 15:42


Չեմ կարծում, որ դասեր ենք քաղելու տեղի ունեցածից

Չեմ կարծում, որ դասեր ենք քաղելու տեղի ունեցածից

Օգոստինոս Երանելին (Ավրելիոս Օգուստինոս) է ասել. “Կարևորն այն չէ, թե ինչպիսին է փորձությունը, այլ միայն այն, թե ինչպիսին է փորձվողը: Քանզի նույն շարժումով թափ տված թրիքը անտանելի գարշահոտում է, իսկ խունկը` բուրում ”:

Սոցիալական այս հարթակում (և ոչ միայն ) վերջին շրջանի մոդայիկ դիսկուրսը հետևյալն է՝ ինչպիսի՞ն է լինելու հետվիրուսյան աշխարհը և մենք` այդ աշխարհում: Տեսակետները հիմնականում նույնն են` ինչպես և միշտ է եղել նմանօրինակ իրավիճակներում:

Լավատեսների կարծիքով ամեն բան փոխվելու է դեպի դրականը. մարդիկ սկսելու են կարևորել իրական արժեքները, առավել մարդկային են լինելու միմյանց հանդեպ, աշխարհը կառուցվելու է բարու, համերաշխության, սիրո վրա: Հոռետեսները հակառակ կարծիքն ունեն. ամեն բան գնալու է դեպի ավելի վատը. մարդիկ դառնալու են ավելի էգոիստ, մրցակցությունն ու պայքարը ավելի դաժան ձևեր են ընդունելու, հոգևոր արժեքները լիովին ու վերջնականապես զիջելու են նյութականին:

Իրատեսները (այդ թվում ձեր խոնարհ ծառան) համոզված են՝ ոչ մի բան չի փոխվելու` ոչ դեպի վատը, ոչ էլ, առավել ևս, դեպի լավը: Ով մինչ այժմ ինչպիսի արժեհամակարգ ուներ` նույնն էլ ունենալու է: Բարի մարդիկ մնալու են բարի, չարերը`չար: Խելոքների խելքը չի պակասելու, հիմարները չեն խելոքանալու: Եվ ամենակարևորը`բնավ չի խախտվելու նրանց տոկոսային հարաբերակցությունը: Հատկապես` մեր մեջ, հատկապես`որոշումներ կայացնողների մեջ: Զանգվածների այսօրվա խոհափիլիսոփայական ու լիրիկական զեղումներն անցնելու են, ամեն ինչ ու ամենքը վերադառնալու են ի շրջանս յուր:

Մեզանում այդպես է եղել միշտ ու լինելու է հերթական անգամ: Չեմ կարծում, թե հանկարծ մենք՝ որպես հավաքականություն, ինչ-որ դասեր ենք քաղելու տեղի ունեցածից: Այդ ո՞ր մի հին կամ նոր դասերից ենք ինչ-որ բան քաղել: Մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների ընկալման ու հասունացման առումով մենք՝ որպես հավաքականություն, թերևս մի քանի դար է` պատմության նույն դասարանում ենք մնում: Իսկ այլոք առաջ են անցնում` նաև մեր օրինակով սովորելով, թե ինչը և ինչպես չի կարելի անել: Պատճառները շատ են, դրանց մասին` մեկ այլ առիթով:

Դե, իսկ եթե չեք հավատում, ապա չեմ վիճի` չուզողը թող ես լինեմ: Սպասենք մի քիչ` ինքներդ կհամոզվեք:

Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը