Մեկնաբանություն

28.03.2020 19:05


I just called to say... duxov u... arants xuchapi !

I just called to say... duxov u... arants xuchapi !

Իր իսկ գլխավորած կառավարության հայտարարած արտակարգ դրության պայմաններում ՀՀ վարչաապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, այնքան ազատ ժամանակ ունի, որ արդեն մի երկու օր է՝ զանգում է տարբեր բաժանորդ-քաղաքացիների, հետաքրքրվում՝ ինչ կա-չկա, ոնց են, ոնց չեն...

Այս ինքնամեկուսացման ռեժիմից քաղաքական առումով ամենից շատ երևի հենց Նիկոլ Փաշինյանն է տուժում: Նրա հիմնական «հաղթաթուղթը» բազմությունն է (կապ չունի՝ 1.000 հոգի՞, թե՞, օրինակ, 10.000)՝ պայմանով, որ ինքը հարթակում ու միկրոֆոնի մոտ լինի: Որքան ավելի շատ մարդ է հավաքված, այնքան ավելի բոցաշունչ են ելույթները, նյարդային՝ ձայնի ելևէջները, հախուռն ու հակասական՝ խոսումներն ու հայտարարույթունները:

Պոպուլիստին ունկնդիրներ են պետք: Միտինգ, հույզեր: Դրա համար էլ նրա ամեն մի ելույթ, լինի դա նույնիսկ խորհրդարանում, թե կառավարության նիստում, վերածվում է միտինգի՝ աջուձախ մեղադրանքներ ցայտելով, բոլորին մեղավոր ու պատասխանատու նշանակելով ու... մշտապես պատասխանատվությունից խուսափելով, իր անհատական ու քաղաքական պատասխանատվությունը ջրելով:

Եվ ահա, արդեն երկու օր է՝ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով է «միտինգ անում»: Բազմություն է պետք:

Բայց նման զանգերը կարող են և հակադարձ էֆեկտ ունենալ, մարդկանց մեջ խուճապ, տագնապ ու անհանգստություն տարածել: Երևի ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արժե մտածել արտակարգ դրության պայմաններից ելնելով՝ վարչապետ Փաշինյանին քաղաքային հեռախոսակապից հեռացնելու մասին:

Չնայած, մյուս կողմից, ինչո՞ւ այս տանը մնացած օրով զրկել մարդկանց ասել-խոսելու, ուրախանալու, սրամտելու հարմար առիթից:

Առհասարակ, պատկերը բավականին զվարճալի է: Ինքս, օրինակ, աշակերտի օրագիրը ստուգելու հին անեկդոտի նման մի վիճակ պատկերացրեցի.

-Ալո, բարև Ձեզ: Վարչապետն է զանգել...

-Ո՞ր վարչապետը: Վա՜յ, պարոն Փաշինյան, Դո՞ւք եք:

-Միանշանակ ու աներկբա...

-Հա՜: Էդ լավ է, որ զանգել եք: Կարելի՞ է մի երկու բան հարցնեմ:

-Միանշանակ ու...

-Պարոն Փաշինյան ջան, սահմանները փակելու, մարդկանց շփումները սահմանափակելու, արտակարգ դրություն մտցնելու հարցում նախ, անլուրջ վերաբերմունք դրսևորեցիր, հետո՝ ուշացար, հետո՝ վարակից սաստիկ վախեցաք, հետո բոլորիս տանը նստեցրիք: Այդպե՞ս է:

-Դե, պինցետով, տնական արաղ, սխտոր...

-Այդպե՛ս է: Հետո հայտարարեցիք, թե վարկեր, տուրքեր, վճարումները հետաձգելու մասին խոսելը ձեռ առնել է նշանակում...

-Աղքատությունը մարդկանց...

-Ու էդքանից հետո մի հատ էլ զանգո՞ւմ ես...

Ինչպես մեր պատանեկության տարիներին շատ հայտնի երգիչ Սթիվի Ուանդերը կասեր, ավելի ճիշտ երգում է՝ I just called to say...:

Հիմա երևի Նիկոլ Փաշինյանինն է, զանգում է, որ ասի՝ «սիրում եմ բոլորիդ հպարտանում եմ բոլորովդ, duxov u... arants xuchapi...»: Բայց բոլոր վարկերը, տուրքերը, տուգանքները, հարկերը, վարձերը պարտադիր պիտի մուծեք, թե չէ մի հատ էլ արտակարգ դրության համար իշխանությունը ձեզ կտուգանի:

Ու երբ տեսնում եմ, որ Փաշինյանը զանգում է, մեկ էլ սովետական էստրադայի մշտական աստղ Ալլա Պուգաչովայի «Ալլո՜» երգն է հնչում:

Այն որ հեռախոսազանգի առիթով ասում է՝ գնալով ավելանում է կեղծիքը մեր միջև, մի՞թե դու էն համակրելի տղան ես: Ասում է՝ ո՜նց էի հավատում քո ասածներին, ու ինչ խնդալու է հիմա ու անհեթեթ, ասենք, արդեն միևնույնն է: Ալո՜...

Իրավիճակին միանգամայն համապատասխան:

Բայց հենց այդ պահին բաժանորդի հետ կապն ընդհատվեց, մի խոսքով՝ տո՜ւ-տո՜ւ-տո՜ւ...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը