Կարծիք

28.03.2020 08:59


Աճ, որ չթմբկահարվեց երկու պատճառով. կորոնավիրուսային կոլապս-կանգառը ծանր հարված է

Աճ, որ չթմբկահարվեց երկու պատճառով. կորոնավիրուսային կոլապս-կանգառը ծանր հարված է

Այս տարվա առաջին երկու ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող տվյալները հավանաբար աննկատ էլ կմնան: Որոշ ժամանակ, իհարկե: Հետո դրանք կօգտագործվեն զուտ քարոզչա-պրոպագանդիստական նպատակով՝ ի ցույց դնելու, թե ինչ թափով էր զարգանում մեր տնտեսությունը մինչև կորոնավիրուսային համաշխարհային առողջապահական ու տնտեսական ճգնաժամը: Իսկ այսօր այլ պատկեր է:

Անհավանական է, բայց կառավարությունը դեռ չի հպարտացել առաջին երկու ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշով: Ճիշտ է, այն «աննախադեպ» չէ: Բայց արժանի է հարգանքի: Ինքնին: Ի վերջո 8.7 տոկոս է կազմել: Ընդ որում, աճն ապահովվել է հիմնականում արդյունաբերության հաշվին:

Շինարարությունն արձանագրել է 5.8 տոկոսանոց աճ, առևտուրը՝ 6.3: Նույնիսկ ծառայություններն են արդյունաբերությունից պակաս աճ արձանագրել՝ 11.2 տոկոս (առանց առևտրի): Իսկ արդյունաբերության աճի ցուցանիշը 15.3 տոկոս է: «Ի՞նչի և ո՞ր ոլորտի հաշվին» հարցին կարելի է պատասխանել նույն արդյունաբերության աճի կառուցվածքը դիտարկելով: Իհարկե, վիճակագրության բազմաթիվ ոլորտների թվերի հրապարակումը հետ է մնում սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակումից: Բայց արդյունաբերության մասին արդեն հրապարակված տվյալներից կարելի է որոշակի պատկեր ստանալ:

Օրինակ այն, որմշակող արդյունաբերությունն աճի տեմպով (7.2 տոկոս) կրկնակիից ավելի զիջում է արդյունաբերության ընդհանուր աճին: Արդյունաբերության կառուցվածքում ավելի բարձր տեմպ ունի սննդարդյունաբերությունը (11.4 տոկոս), որն էլի ցածր է միջին ընդհանուրից (առաջ ընկնելով կարելի է ենթադրել, որ առաջիկայում հենց սննդի արդյունաբերությունն է պարզերես անելու մեր տնտեսությունը: Իր ծավալների չափով, իհարկե): Ակնհայտ է, որ արդյունաբերության աճն ապահովվել է հանքարդյունաբերության հաշվին:

«Կորոնավիրուսային» ճգնաժամի սկիզբը մեր հանքարդյունաբերության ու բացահանքերի շահագործման ընդլայնման տապ էր: Օրինակ, պաշտոնապես պղնձի խտանյութի արտադրությունն աճել էր 48.1 տոկոսով (համարյա կրկնակի): Հրապարակված մեկ պաշտոնական թիվ ևս՝ այս տարվա հունվար ամսին արտահանվել է մոտ 50 մլն դոլար արժեքի պղնձի խտանյութ (նախորդ տարվա հունվարի 40 մլն-ի դիմաց): Ցինկի խտանյութի թվերը մի փոքր համեստ են: Արտադրության աճը 44.3 տոկոս է: Ոլորտի աճն օգնել է, որ դրական պատկեր արձանագրվի արտաքին առևտրի ոլորտում: Արտահանման աճը 8.8 տոկոս գերազանցել է նախորդ տարվան: Իսկ ներմուծումների մասին կարելի է արձանագրել, որ այն կրճատում արձանագրած միակ մակրոտնտեսական ցուցանիշն է: Բայց անկումը մեծ չէ՝ ընդամենը 0.8 տոկոս:

Հունվար-փետրվարին ճանապարհային խնդիրներ ունեինք: Բայց դրանք համեմատելի չեն այս օրերին ընթացող ինքնամեկուսացման ու սահմանների փակման համաշխարհային մասշտաբների հետ: Հունվար-փետրվար ամիսների ամենաէական (ու դրական) փաստը էլեկտրաէներգիայի ծավալների աճն էր: Թե որքանով էր դա պայմանավորված արդյունաբերության աճով ընդհանրապես ու հանքահումքային արդյունաբերությունով՝ մասնավորապես հնարավոր կլինի դիտարկել շատ ավելի ուշ: Հիմա կարելի է ընդամենը արձանագրել, որ թե՛ մեր, թե՛ համաշխարհային տնտեսության կորոնավիրուսային կոլապս-կանգառը ծանր հարված է: Այնքան ծանր, որ մեր իշխանությունները ժամանակ չգտան ուրախանալու իրենց սիրելի Տնտեսական ակտիվության ցուցանիշով, որն առաջ էլ, այս տարվա առաջին երկու ամսին էլ պայմանավորված էր հանքարդյունաբերությամբ: Ու հիմա մեր տնտեսության հույսը մնում է այն, թե ինչ արագությամբ «կվերադառնա» չինական տնտեսությունը: «Կվերադառնա» ու կսկսի ներմուծել իր արդյունաբերության ավանդական հումքատեսակները:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը