Մեկնաբանություն

26.03.2020 23:55


Ես չեմ հասկանում. նրանք գոնե կռահո՞ւմ են, որ չեն հասկանում

Ես չեմ հասկանում. նրանք գոնե կռահո՞ւմ են, որ չեն հասկանում

Ուզում եք՝ բզկտեք ինձ քոռ կորոնա-դանակով, միևնույն է, չեմ հասկանում ԱԴ պայմաններում տնից ելնելիս ձեռագիր «ձևաթուղթ» լրացնելու իմաստը: Որ ի՞նչ: Եթե ես խոսելու կամ լսելու խնդիրներ չունեմ, այդ ձևական թուղթն ի՞նչ պիտի անեմ: Ոստիկանի՞ն ցույց տամ: Իսկ ի՞նչ է, չե՞մ կարող այդ ամենը բանավոր ասել՝ ով եմ, ուր եմ գնում կամ ինչու: Չէ՛, ասում են, պարտադիր պիտի գրես, ստորագրես, կարճ ասած՝ ինքդ քեզ անցաթուղթ դուրս գրես: Ավելի անհեթեթ բան դժվար էր հորինել:

Չեմ հասկանում նաև, որ եթե ավտոբուսներն ու, ասենք, մետրոն գործում են, մեկ մարդատար մեքենայի մեջ, վարորդին էլ հաշված՝ երկու հոգուց ավելի ուղևորով տեղ գնալու արգելքի իմաստը ո՞րն է: Այսինքն, եթե ես ու տիկինս ինչ-որ տեղ ենք ուզում գնալ (մարդ ես էլի, նույնիսկ արտակարգ դրության պայմաններում կարող է նման անհրաժեշտություն ծագել), պիտի երկո՞ւ տաքսի պատվիրենք:

Նրանք՝ այն իմաստունները, որ նման կանոններ են իրենց գլխից հորինում, հասկանո՞ւմ են, որ բան չեն հասկանում: Լավ, գոնե կռահո՞ւմ են:

Էլի բաներ կան, որ չեմ հասկանում: Այ, ինչ այս կորոնա-բոլոլան ծավալվում է, լսում եմ հայրենի կառավարիչների ելույթները, հասկանալի է, առաջին հերթին Փաշինյանի (նախընտրում եմ կարդալ, ոչ թե լսել) հայտարարությունները, և այդպես էլ չեմ հասկանում. կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, թե՞ «բասկերվիլների շունն ա», այսինքն՝ սարսափելի ու վտանգավոր:

Չեմ հասկանում, թե ո՞նց կարելի է միաժամանակ և՛ տանը մնալ, և՛ գյուղատնտեսությամբ զբաղվել, ինչպես հորդորում են:

Չեմ հասկանում, թե թավշյա փողոցափակման օրերին եղած ու ակտիվացած օրավարձով աշխատողները ինչպե՞ս գոլորշիացան ու վերացան, որ հիմա ասում են, թե այդպիսիք չկան: Բայց հարցը միայն օրավարձով աշխատողները չեն: Իսկ ի՞նչ է, ամսավարձով աշխատողների վիճակը ավելի՞ նախընտրելի է:

Այ, ասում են, թե այդ գրողի տարած վարակն այնպիսին է, որ մարդը կարող է նույնիսկ ակնհայտ ախտանշաններ չունենալ (կարծեմ, էլի Փաշինյանն էր ասողներից մեկը), այսինքն՝ հազ, փռշտոց, ջերմության բարձրացում, հևոց կարող է չլինել, բայց նա վարակված ու վարակ տարածող լինի: Ու չեմ հասկանում, եթե այդ բոլոր ախտանշանները չկան, ապա մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ ինքը վարակված է, վարակակիր ու դրա տարածող: Հա, բայց եթե նման բան կատարվի, նրան վաղը կարող են բռնել ու «անզգուշությամբ վարակ տարածելու» հոդվածով տուգանել, քրեական պատասխանատվության ենթարկել, մինչև 5 տարի ազատազրկման դատապարտել: Եվ, եթե նման բան լինի, ապա ի՞նչ պիտի անի նման անձնավորությունը, մի հատ ստուգողական փռշտո՞ց արձակի դատավորի ուղղությամբ:

Ես չեմ հասկանում, օրինակ, թե ո՞րն էր ոստիկանական զրահատեխնիկան մայրաքաղաքի փողոցներ հանելու անհրաժեշտությունը: Մանավանդ այնպիսի գործիչների կարգադրույթամբ, որ տանկն ու զրահամեքենան միմյանցից այնքան չեն տարբերում, որ պնդում էին, թե 2008-ի մարտի 1-ին տանկեր էին հանվել փողոց:

Լավ, բա հիմա՞ ինչու էիք այդ զրահատեխնիկան հանել կիսադատարկ փողոցներ: Որ մարդկանց ա՞հ տաք:

Ես չեմ հասկանում, երբ խոսում են տասնյակ միլիարդավոր դրամանոց տնտեսական կամ հակաճգնաժամային «բարձիկներից», իսկ հետո լղոզում են շատ ավելի հողեղեն հարցեր, նույն օրավարձով աշխատողների խնդիրների հետ կապված, իրենք գոնե հասկանո՞ւմ են, որ առաջին կետում նշված «բարձիկների» փետուրները դրանից հետո տարրալուծվում են, ինչպես վաղորդյան մշուշը անտառում՝ արևի առաջին շողերից:

Ու, առհասարակ, նրանք այնտեղ, իշխանության Օլիմպոսում հասկանո՞ւմ են, որ արդեն շատ ավելի շատերն են տեսնում, որ իրենք առանձնապես բան չեն հասկանում: Առնավազն այն ամենից, ինչի համար հայտնվել են նույն այդ Օլիմպոսում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը