Կարծիք

23.03.2020 17:02


Առանց դեպքերի որոշակիացման՝ գործատուի վրա դրվում են լրացուցիչ սահմանափակումներ ու պարտավորություններ

Առանց դեպքերի որոշակիացման՝ գործատուի վրա դրվում են լրացուցիչ սահմանափակումներ ու պարտավորություններ

Կառավարությունը հրատապ ռեժիմով փոփոխություններ է առաջարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքում՝ օրերս հայտարարված արտակարգ դրությունից բխող:

Փոփոխությունների նախագծի բովանդակությունից պարզ են դառնում ժամանակավորապես ներմուծվող նոր կարգավորումների կիրառական կոնկրետ խնդիրներ: Մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգրքով սահմանվելու են նոր կարգավորումներ, որոնք մեղմ ասած հեռու են որոշակիության սկզբունքից և գործնականում առաջացնելու են նոր խնդիրներ գործատու-աշխատող հարաբերություններում: Հետևանքում ունենալու ենք նոր հիմքեր աշխատանքային վեճերի համար:

Օրինակ՝ եթե աշխատողը արտակարգ դրությամբ պայմանավորված օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել պահպանել իր աշխատանքի ռեժիմը, ապա նախագծով առաջարվում է արգելել գործատուին՝ կիրառելու կարգապահական տույժեր։ Այս դեպքերում, գործատուն պարտավոր է նաև վարձատրել աշխատողին՝ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան: Իրավակիրառական պրակտիկայում գործատուն և աշխատողն անխուսափելիորեն բախվելու են մի շարք հարցերի հետ, որոնք կարող են հանգեցնել աշխատանքային վեճերի՝ որո՞նք են օբյեկտիվ հնարավորությունները, կամ եթե օբյեկտիվ է պատճառը, ապա աշխատանքի չներկայանալու դեպքում ինչու՞ աշխատողը չպետք է վարձատրվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ որպես ոչ իր մեղքով հարկադիր պարապուրդ, նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով:

Հաջորդը՝ նախագծով առանձնացված են արտակարգ դրության ռեժիմում, երեխայի խնամքը կազմակերպելու պատճառով աշխատողի կողմից իր աշխատանքային ռեժիմի խախտման իրավական հետևանքները: Այս դեպքում ևս գործատուին արգելվում է կիրառել կարգապահական տույժեր: Եվ գործատուն պարտավորվում է պահպանել աշխատողի ամբողջական վարձատրությունը։ Այսպիսի կարգավորումը ևս գործնականում հարուցելու է կոնկրետ խնդիրներ: Գործատու-աշխատող իրավունքների և պարտականությունների հավասարակշռությունն էականորեն խախտվում է: Առաջարկվող ձևակերպմամբ աշխատողի կողմից այս արտոնությունը չարաշահելու լայն հնարավորություն է տրված: Ասենք օրինակ՝ 15 տարեկան երեխա ունեցող և 1 տարեկան երեխա ունեցող աշխատողների համար առաջարկվում է նույն արտոնությունը, ինչը բացառապես օբյեկտիվ և հիմնավորված չէ: Մյուս կողմից էլ այս կարգավորումը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հարկադիր պարապուրդի վճարման կարգավորմանը, ինչպես նաև նախագծով առաջարկվող՝ արտակարգ դրության պայմաններում առաջացող օբյեկտիվ հիմքով աշխատողի կողմից աշխատանքից բացակայելու դեպքում վարձատրության կարգավորմանը (նախագծով առաջարկվող այս լրացման մասին գնահատականը բերված է վերևում):

Փաստորեն ստացվում է, որ առանց դեպքերի որոշակիացման՝ գործատուի վրա դրվում են լրացուցիչ սահմանափակումներ ու պարտավորություններ, աշխատողի համար սահմանվում են արտոնություններ: Իսկ այդ դեպքերից մի մասի համար էլ նախատեսվում է աշխատողին ընդհանրապես չվարձատրելու հնարավորություն: Ասենք օրինակ՝ եթե ոչ իր մեխքով և արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված օբյեկտիվ պատճառով աշխատողը չի ներկայանում աշխատանքի, ապա գործատուն կարող է նրան այդ օրվա համար չվճարել: Եվ սա այն պարագայում, երբ գործող օրենսդրությունն այս դեպքի համար նախատեսում է վարձատրություն՝ այդ աշխատողի միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով:

ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ նշված է նաև ընթացիկ իրավիճակից բխող, գործնական մեկ այլ կարևոր խնդիր: Մասնավորապես, այս օրերին գործատուների մի մասը առաջնորդվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ և վճարում է իր աշխատողներին, իսկ մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չի վճարում: Ընդ որում՝ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար գործատուն չի վճարում աշխատավարձ:

Ակնհայտ է, որ նախագծով առաջարկվող փոփոխություններով այս խնդիրը մնում է չլուծված: Գործնականում այս խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ է աշխատանքային օրենսդրությամբ մինչև վերջ հստակեցնել անհաղթահարելի ուժ համարվող պատճառներից բխող դեպքերը, որի դեպքում գործատուն կարող է չվճարել իր աշխատողներին: Ասենք օրինակ՝ կոնկրետ այդ դեպքերը սահմանելու իրավունք վերապահել ՀՀ կառավարությանը կամ պարետին: Մյուս կողմից, այդ պատճառներով վարձատրություն չստացող աշխատողների համար պիտի սահմանվեն սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ պետական աջակցությամբ:

Ամփոփելով, բնականաբար այս պարագայում օրակարգային է դառնում «մի՛ վնասիր» հորդորը:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող

Այս խորագրի վերջին նյութերը