Մեկնաբանություն

23.03.2020 15:00


Այդ ո՞ր իշխանությունն ու կառավարությունն են խոսում դրակոնային սանկցիաներից

Այդ ո՞ր իշխանությունն ու կառավարությունն են խոսում դրակոնային սանկցիաներից

Մի կողմից թվում է, թե գործող կառավարությունն ընկալել է հայտարարած արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակման անարդյունավետությունն ու անհեռանկարայնությունը և շտկումներ է անելու: Բայց մյուս կողմից, դա, կարծես, այնքան էլ այդպես չէ, քանզի գործնականում գրեթե հստակեցումներ չեն արվում, այլ ընդունվում են որոշումներ՝ «պատժել, տուգանել, կրկնակի տուգանել» մոտեցումներով:

Եվ դա այն դեպքում, երբ կառավարության նախաձեռնությամբ հայտարարված արտակարգ դրության ռեժիմի իրավական ակտում (կառավարույթան մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ պարագրաֆ, 23-26-րդ կետեր), անգամ այն խմբագրելուց հետո, լրատվամիջոցներին ներկայացվող պահանջները շարունակում են մնալ անհստակ, ընդհանրական, տարածական ու կամայական մեկնաբանությունների տեղիք տվող:

Մասնավորապես, հնարավոր չարաշահումների տեղիք են տալիս խուճապային կամ «խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկություններ» խնդրահարույց ձևակերպումները: Ի՞նչ իմանաս, թե իշխանավորներից կամ ԱԴ պայմաններում որոշակի լիազորություններ ունեցողներից ով հատկապես ի՛նչը կհամարի «խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող» տեղեկություն:

Բայց սրանք դեռ միայն ընդունված իրավական ակտի խուճուճ ձևակերպումներին, անհարթություններին վերաբերող դիտողություններ են:

Կան ավելի խորքային ու բովանդակային հարցեր: Դրանցից առաջինն այն է, որ վարչապետ Փաշինյանի կողմից «ժողովրդավարության բաստիոն» հռչակված «նոր Հայաստանի» թավշյա, ոչ բռնի և այլն իշխանությունը խոսքի ու մամուլի ազատության հարցերում դիմում է այնպիսի սահմանափակումների, որ երևի միայն բացարձակ տոտալիտար, հյուսիսկորեական տիպի պետական կազմավորումներին են բնորոշ: Շատ հեռու չգնանք, կարելի է դիտարկել հարևան Վրաստանի օրինակը, դեռ չենք խոսում եվրոպական տերությունների մասին:

Համավարակի վտանգի առաջ ու նաև վարակի ճիրաններում հայտնված երկրներում լրատվամիջոցների գործունեության դեմ ուղղված նման սահմանափակումների չեն դիմել: Նրանք՝ այդ «միամիտները», երևի համարում են, որ 21-րդ դարում ու համահասանելի արագ ինտերնետի ժամանակներում դրակոնային արգելքներն ու մեթոդները ոչ միայն անարդյունավետ են, այլև կարող են լրիվ հակառակ էֆեկտ ունենալ: Առհասարակ, ցանկացած նորմալ մասնագետ ձեզ կասի, որ նման պայմաններում ամենից արդյունավետ մոտեցումը տեղեկատվական հոսքերի օպերատիվ կառավարումն է:

Կամ էլ, բռնեք ու ինտերնետն անջատեք, օրինակ, հեռախոսակապն էլ, էներգամատակարարումն էլ: Հետո՞...

Կատակը՝ կատակ, բայց արդեն առանց կատակի, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի գործող կառավարությունը ոչ այնքան կորոնավիրուսի համավարակից ու դրա տարածման վտանգից է անհանգստանում, որքան խոսքի ու մամուլի ազատությունից, իշխանությանը ոչ ենթակա լրատվամիջոցների գոյությունից:

Այս ամենի մեջ կան հարցի նաև քաղաքական ու բարոյական բաղադրիչները:

Այդ ո՞ր կառավարությունն ու իշխանությունն են խոսում դրակոնային պատժամիջոցներից, ավելին՝ սահմանում նման պատժամիջոցներ: Այո, դրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորած այն նույն կառավարությունն ու իշխանությունն են, որ անընկալելի արհամարհանքով ու թեթև էին վերաբերվում նշված վարակի տարածմանը, ցուցաբերում էին անհիմն արխայինություն (անհոգություն), ասում էին՝ «կորոնավիրուսն ում շունն է», «պինցետով կբռնենք ու տնական արաղով կախտահանենք» և այլն, և այլն: Այն կառավարությունը, որի անդամներից մեկը հրապարակավ հայտարարում էր, թե լուրջ բան չկա, և ինքը իր երեխաներին, օրինակ, դպրոց է ուղարկում:

Հիշեցնե՞մ, թե վարակի տարածման իրական վտանգի պայմաններում ինչպես էին քարոզարշավ անում ու բազմամարդ հավաքներ անցկացնում գործող կառավարության ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թե՞ հիշում եք: Իսկ որ այդ ժամանակ վտանգն իրական էր, հավելյալ ապացույցներ կամ փաստարկներ նշելու կարիք չունի: Բայց ով ապացույց է ուզում, թող մի անգամ էլ ծանոթանա, թե ինչից հետո վարչապետը երկրորդ անգամ առողջական թեստ հանձնեց այդ վարակի հետ կապված:

Եվ ահա, հենց այդ նույն կառավարությունը, որ նախ՝ ակնհայտորեն հապաղեց հատուկ քայլերի դիմելու հարցում, ապա՝ իրավիճակի թելադրանքով ստիպված եղավ դիմել նման քայլերի, հիմա էլ դրակոնային պատժամիջոցներ է սահմանում: Ի՞նչ բարոյական իրավունքով: Գոնե մի հատ հրապարակավ ընդունեք, որ 15 օր առաջ դուք մոլորության մեջ էիք ու ակամայից նաև այլոց էիք մոլորեցնում, թե «լուրջ բան չկա»: Գոնե ներողություն խնդրեք ձեզ ընտրած ու իշխանություն դարձրած մարդկանցից՝ «ժողովրդից», ինչպես շատ եք սիրում պատեհ-անպատեհ ասել:

Համահասարակական համախմբմամբ այս վարակի փորձությունը հաղթահարելուց հետո, անկասկած, առաջ է գալու այս իշխանության քաղաքական պատասխանատվության հարցը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը