Կարծիք

22.03.2020 12:53


Իրենց ստեղծած ինֆորմացիոն վակուումը լցվելու է հենց այս տիպի կեղծ լուրերով

Իրենց ստեղծած ինֆորմացիոն վակուումը լցվելու է հենց այս տիպի կեղծ լուրերով

Ինչպե՞ս անենք, որ աշխատանքի բերումով հանրային վայրերում մշտապես գտնվողներին բացատրենք, որ իրենց համար կենսական է դիմակ և ձեռնոց կրելը + անվտանգության բոլոր կանոնները խստագույնս պահպանելը՝ ձեռքերը օճառով 60 վրկ հաճախ լվալը, 1–1,5մ հեռավորությունն իրարից ու հաճախորդից պահելը։ Նամանավանդ փակ տարածքներում աշխատողներին՝ խանութների վաճառողներին, ռեստորենների աշխատողներին, տաքսիստներին։

Այսօր 3 մեծ խանութ եմ մտնել, տեղ-տեղ դիմակներով էին, տեղ-տեղ՝ ոչ, ամենուրեք իրար գլխի հավաքված մարդիկ դրամարկղերի հերթերում և այլն, և այլն։

* * *

Այսօր չեմ-ասի-թե-որ-խանութում մեկ վաճառողուհին մյուսին համոզում էր, որ եթե «էէէէն» հատուկ հանդերձանքով մարդիկ գան, ապա ոչ մի դեպքում դուռը չբացի, իրենց չենթարկվի, որովհետև տենց գալիս են, ասում են որ «պետական մարդ են», բայց իրականում քեզ տանելու են, իսկ տունդ թալանելու։ Թե բա. «Ֆեյսբուքում եմ կարդացել»։

Վերջին օրերին ռուսական լրատվամիջոցներում էր աչքովս ընկել, որ այդպիսի բամբասանք կա, այսինքն այնտեղ էլ է տարածված։ Հավանաբար, այս տիկինն էլ էր ինչ-որ ռուսաստանցու գրածը կարդացել։ Չեմ բացառում, որ ամբողջ աշխարհով մեկ է արդեն տարածվել այդ միֆը։

Ըստ էության, այդ կեղծիքը դրդում է տարբեր երկրների պողոսներին կարանտինային բրիգադներին չենթարկվելու։
Հոգեբանական մեխանիզմը, թե ինչու են մարդիկ հավատում, կարծում եմ իմաստ չունի բացատրել, շատ պարզ է։ Հետևանքները, համոզված եմ, հասկանալի են։

Պիտի որ հասկանալի լինի նաև ՀՀ իշխանություններին, որ իրենց ստեղծած ինֆորմացիոն վակուումը լցվելու է հենց այս տիպի կեղծ լուրերով, խուճապ առաջացնող միֆերով ու բամբասանքներով։

Լավ եղե՛ք, մի՛ փռշտացեք, մի՛ հազացեք։

* * *

Ընկերներ, երբ անընդհատ կրկնում եք. «Իրականում այդ դիմակները չեն օգնում» կամ «Դիմակները հիվանդներին են միայն պետք», գոնե հասկանո՞ւմ եք, որ.

Ա. իրականում դիմակները վարակվելուց չեն երաշխավորում, բայց ճիշտ օգտագործման դեպքում այնուամենայնիվ վարակվելու որոշ ռիսկեր նվազեցնում են;

Բ. չկա այս պահին երաշխիք, որ դուք վարակակիր չեք, նույնիսկ եթե ոչ ջերմություն ունեք, ոչ էլ հազ։

ՀԱՎԵԼՈՒՄ. ցանկացած պաշտպանություն՝ գործողությունների համալիր է։ Եթե դուք խանութի դռան բռնակին կպնելուց հետո այդ ձեռքով աչք եք քորում, ապա, բնականաբար, դիմակ կրելը դառնում է համարյա անիմաստ։ Դիմակ կրելը պաշտպանական գործողությունների համալիրի տարրերից միայն մեկն է և ոչ միակը։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը