Մեկնաբանություն

20.03.2020 23:05


Տէր, կեցո դու զՀայս

Տէր, կեցո դու զՀայս

Կորոնավիրուսային փորձության այս օրերին դրվատանքի ու վաստակած երախտագիտության բազում խոսքեր ուղղվեցին հայրենի բժիշկներին ու բուժաշխատողներին: Շատերը, իրենց նվիրյալ մոտեցմամբ ու մասնագիտական բարեխղճությամբ, անկասկած, արժանի են ու ոչ միայն դրվատանքի խոսքերի:

Բժիշկներն ու բուժաշխատողներն այսօր առաջնագծի մարտիկներն են՝ կորոնավիրուսի ու դրա տարածման դեմ մղվող ծանր պայքարում:

Լրագրողների, հատկապես օպերատիվ լրատվությունն ապահովող գործընկերների աշխատանքը, կարծում եմ, նույնպես դրվատանքի է արժանի, հատկապես նկատի ունենալով արտակարգ դրության հանգամանքն ու դրանով պայմանավորված ինչպես ընկալելի, այնպես էլ, երբեմն, անհասկանալի սահմանափակումները:

Միաժամանակ, պետք է նկատել, որ ընդգրկուն այս փորձության պահին իր բարձրության վրա է, իր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ է Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի գլխավորությամբ: Չնայած այն հանգամանքին, որ այս վարակի տարածումը կանխելու և հաղթահարելու հիմնական «մեխանիկական» եղանակը մարդկանց ինքնամեկուսացումն է, անմիջական շփումներն ու հավաքները նվազագույնի հասցնելը, հեռահաղորդակցական միջոցների գործածությամբ, Հայ Առաքելական եկեղեցին հավատացյալ ժողովրդին առաջարկեց հոգևոր աջակցության տարբերակներ: Հայ Առաքելական եկեղեցին՝ կաթողիկոսի գլխավորույթամբ, բնականաբար, իր ազգի հետ է, իր ժողովրդի կողքին ու, իր հնարավորությունները ներածին չափով, անում է ամենը, որպեսզի ֆիզիկական ինքնամեկուսացման մեջ հայտնված մարդիկ հոգևոր մենության ու մաշող տագնապի խորխորատը չընկնեն: Այդ շնորհակալ նպատակին են ծառայում, օրինակ, և՛ միասնական աղոթքի նախաձեռնությունը, և՛ ամենօրյա ժամերգությունները, և՛ Նարեկացու ընթերցումները:

Հայտնի է, որ կորոնավիրուսի տարածման շղթաներից մեկը Վաղարշապատից սկսվեց, ու դրանով էր պայմանավորված նաև, թեպետ նկատելի ուշացումով, բայց հայոց հոգևոր մայրաքաղաքի ելումուտի վերահսկման անհրաժեշտ քայլը: Գնահատելի է, որ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շարունակում են մնալ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնում: Իրենց տեղում են, իրենց կոչմանը հավատարիմ, իրենց բարձրության վրա: Այլ կերպ, վստահ եմ, չէր էլ կարող լինել:

Ու այդ իրողությունը նկատի ունենալով՝ բազմապատիկ առավել վրդովեցուցիչ են զանազան ապատեղեկացնող և իրենց բնույթով՝ հակահայկական որոշ վիրտուալ միջոցների կողմից մեր ազգային եկեղեցու և Վեհափառի մասին տարածած բացահայտ ստերը: Ավելին, ամենևին պատահական չէ, որ հենց այս օրերին վերստին աշխուժացան Հայ Առաքելական եկեղեցու դեմ հանդես եկող ոչ անհայտ շրջանակները: Այո, խոսքը հատկապես Սորոսի ֆոնդից ֆինանսավորվող շրջանակների մասին է, այն նույն Սորոսի, որ բառացիորեն վերջերս էլ հրապարակավ կոչ էր արել Թուրքիային աջակցել... Ռուսաստանի դեմ պայքարում:

Ընդհանուր առմամբ, պարզ է, թե օտարասուն ուժերն ինչու են թիրախավորել Հայոց Եկեղեցին: Հայտնի է, եթե որևէ ազգի ցանկանում են ծնկի բերել, որևէ պետություն ուզում են կազմաքանդել, առաջնահերթ հարվածում են նրա հիմնական արժեքներին, ինքնության էական բաղադրիչներին՝ բանակ, եկեղեցի, պետական համակարգ, ազգային ավանդույթներ, հերոսներ... Դա պարզ է, համենայն դեպս բոլորին, ովքեր երևույթների խորքն են տեսնում և միամտության վիրուսով չեն վարակվել:

Բայց այդքանով հանդերձ, ուշագրավ է, որ հենց այս օրերին սորոսյան էմիսարների դեր ստանձնած ոմանք չխորշեցին թարմացնել իրենց ծաղրական ու անալի արտահայտությունները՝ մեր եկեղեցու, նաև մեր հավատքի հասցեին:

Սորոսն իրենց հետ, իհարկե:

Սակայն այ թե ի՛նչն է հետաքրքիր: Նման դրսևորումներով «աչքի ընկնող» ոմանք ու նման շրջանակները սովորաբար զանազան աղանդավորների, սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առաջին շարքերում են, չափազանց նրբազգաց են ինչ-ինչ խախտումներ գտնելու գործում և սաստիկ բոցաշունչ՝ նշյալների իրավունքները պաշտպանելու, գործնականում՝ այդ երևույթները քարոզելու հարցերում:

Հետաքրքիր է, իսկ նրանց մտքով գոնե անցնո՞ւմ է, որ առհասարակ, բոլոր մարդիկ ունեն իրավունքներ: Մասնավորապես, որ Հայաստանի բոլոր քաղաքացիներն ունեն իրավունքներ. և՛ անհավատները, և՛ հավատացյալները, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներս: Իրավունքներ ունեն նաև, կներեք, արտահայտության համար, սեռական մեծամասնության ներկայացուցիչները:

Ասեմ ավելին. մենք ունենք ոչ միայն իրավունքներ, այլև ազգային ու մարդկային արժանապատվություն: Հարց է ծագում (հռետորական, իհարկե), դուք ո՞վ եք, ձեզ ինչի՞ տեղ եք դրել կամ ի՞նչ իրավունք ունեք, առհասարակ, վիրավորական արտահայտություններ անել մարդկանց ազգային ու կրոնական արժեքների հասցեին, դիպչել մարդկանց ազգային արժանապատվությանը:

Քրիստոնաբար կարելի է ասել՝ ինքնամեկուսացեք ու մի հատ ինքներդ ձեզ կարգի հրավիրեք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը