Լրահոս

20.03.2020 13:14


Ստեղծվել է Հայաստանում կորոնավիրուսի մասին տեղեկատվության փաստահավաք խումբ

Ստեղծվել է Հայաստանում կորոնավիրուսի մասին տեղեկատվության փաստահավաք խումբ

Հարգելի համաքաղաքացիներ,

Ինչպես հայտնի է, մեր երկրում Նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման փաստով պայմանավորված, Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ից մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն, որի պայմաններում քաղաքացիները պարտավորված են ենթարկվել նոր իրավիճակից բխող մի շարք պահանջների ու սահմանափակումների։ Առկա իրավիճակում հանրությունը ստիպված է բավարարվել միայն պարետատան և ՀՀ համապատասխան կառույցների ու պաշտոնյաների տրամադրած տեղեկություններով՝ փաստորեն զրկված լինելով նաև իրեն մատուցված լուրերի արժանահավատությունը ստուգելու հնարավորությունից։

Ելնելով ցանկացած գործընթացի վրա հանրային վերահսկում ապահովելու անհրաժեշտությունից՝ մենք՝ իրավական, առողջապահական և լրատվական համայնքների ներկայացուցիչներս, նախաձեռնում ենք փաստահավաք խմբի ստեղծում, որը զբաղվելու է Նոր կորոնավիրուսի տարածման և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքում հանրության համար կասկածելի, դեռևս չստուգված կամ անուշադրության մատնված փաստերի հավաքագրմամբ, վերլուծմամբ և լուծման առաջարկներ մշակելով։

Հայտնում ենք, որ անհրաժեշտության պարագայում մեր նախաձեռնած Փաստահավաք խումբը պատրաստ է համագործակցել պետական համապատասխան մարմինների հետ՝ հուսալով, որ մեզ մոտ հավաքագրվող փաստերը կարող են նպաստել Նոր կորոնավիրուսի տարածման դեմ ընթացող պայքարին։ Վստահ ենք՝ մեր կողմից հավաքագրված փաստերը կարող են այլընտրանքային տեղեկատվության աղբյուր դառնալ պարետի համար, ինչն էլ կբարձրացնի պարետատան աշխատանքների արդյունավետությունը։

Փաստահավաք խումբը գործելու է խստագույնս պահպանելով հայտարարված արտակարգ դրության ռեժիմը և ՀՀ գործող օրենսդրությունը, անհրաժեշտության դեպքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները տրամադրելով միայն արտակարգ դրության պարետին:

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտարարված ժամկետի ավարտից հետո Փաստահավաք խմբի կողմից հավաքված նյութերը կհանրայնացվեն։

Փաստահավաք խմբի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կոչ ենք անում համապատասխան ոլորտների մասնագետներին և փորձագետներին միանալ այս նախաձեռնությանը։

Նմանապես կոչ ենք անում մեր քաղաքացիներին Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված փաստերի, անգամ ամենաչնչին կասկածների մասին տեղեկացնել Փաստահավաք խմբին հետևյալ հեռախոսահամարով և/կամ էլ. փոստով՝ 043 20 52 63, Covid19armenia@

COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ

Այս խորագրի վերջին նյութերը