Քաղաքական

20.03.2020 10:59


Չեղավ, անլրջացնում եք, դե լավ Դուք լրջացրեք․ իմքայլական պատգամավորները բախվեցին իրար

Չեղավ, անլրջացնում եք, դե լավ Դուք լրջացրեք․ իմքայլական պատգամավորները բախվեցին իրար

«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանն ու Աննա Կարապետյանն առաջարկում են փոփոխություններ կատարել ՀՀ Դատական օրենսգրքում:

Նախագծի հիմնական զեկուցող իմքայլական Արթուր Դավթյանի խոսքերով, այսօր գործող օրենքներով մագիստրատուրայի կրթությունը պարտադիր չէ փաստաբան, քննիչ, դատախազ դառնալու համար:

Դատավորի դեպքում այլ կարգավորում կա, չնայած Սահմանադրությունը սահմանում է, որ դատավոր կարող է լինել բարձրագույն կրթություն ունեցող անձը, իսկ բարձրագույն կրթության մասին օրենքում նշվում է, որ բարձրագույն կրթություն է համարվում և մագիստրատուրան և բակալավրիատը. «Այսինքն, անձը, սովորելով կամ բակալավրիատում կամ մագիստրատուրայում, ունենում է բարձրագույն իրավաբանի կրթություն: Մենք տեսնում ենք, որ Սահմանադրության և դատական օրենսգրքի մեջ հակասություն կա»:

Պատգամավորը ճիշտ չի համարում այն, որ անձը դատավոր դառնա միայն մագիստրատուրայի կրթությամբ, քանի որ հիմնական կրթությունը ստանում են բակալավրիատում:

Իմքայլական պատգամավորներն առաջարկում են, եթե անձն ունի և բակալավրի և մագիստրոսի կրթություն, նրան թույլ տրվի դառնալ դատավոր, իսկ եթե մագիստրատուրա, դրա փոխարեն պետք է ունենա 15 տարվա իրավաբանի մասնագիտական ստաժ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ցանկացավ իմանալ՝ արդյոք այլ երկրներում այս փորձը կիրառվո՞ւմ է, ուսումնասիրվե՞լ է արդյոք այլ պետությունների փորձը:

Դավթյանը հայտարարեց, որ տարբեր երկրներում տարբեր կարգավորումներ կան, պետություն կա, որտեղ մարդը կարող է դատավոր դառնալ 50 տարեկանից հետո. «Տեսեք, օրինակ, Դուք չունեք մագիստրատուրայի կրթություն, ուստի այս օրենքը լավ հնարավորություն է տալիս, որ Դուք դատավոր դառնաք»:

«Հարցս այլ էր, Դուք կատակի եք վերածում»,-արձագանքեց Բաղդասարյանը:

«Ուսումնասիրել եմ: Տեղ կա՝ կա, տեղ կա՝ չկա: Ի՞նչ կապ ունի դա այս նախագծի հետ: Օրինակ Ճապոնիայում կա, Չինաստանում չկա: Ի՞նչ կապ ունի դա»,-ասաց Դավթյանը:

«Դե այդպես չեղավ, անլրջության եք վերածում»,-պատասխանեց Բաղդասարյանը:

«Դե լավ, Դուք լրջացրեք հարցը»,-հայտարարեց Բաղդասարանի թիմակիցը:

Երբ Բաղդասարյանը նշեց, որ ցանկանում է իմանալ, թե որքանո՞վ են վտանգավոր այս նախագծի հնարավոր հետևանքները, Դավթյանը պատասխանեց. «Ահավոր վտանգավոր է, երբ կորոնավիրուսի պայմաններում է»:

«Այլ պետություններում ի՞նչ հետևանքներ է ունեցել այդ կարգավորումը»,-կրկին հարցրեց Բաղդասարյանը:

Հարցն, ըստ էության, մնաց անպատասխան:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը