Մեկնաբանություն

20.03.2020 14:05


Հին աշխարհից նոր աշխարհ`կորոնավիրուսի մի համաճարակ է

Հին աշխարհից նոր աշխարհ`կորոնավիրուսի մի համաճարակ է

Փաշինյանն իր հարազատ տարերքի մեջ է` քեֆին քեֆ չի հասնի։ 2018-ի «թավշյա բոլոլաներից» հետո երբեք այսքան բարձր տրամադրության մեջ չէր եղել` այսպես ոգևորվա՜ծ, լի էնտուզիազմով և «լուսավոր ապագայի» մասին երազանքներով։

Ձեռքը ոչ թե, էնպես` մանրից քանդելու, այլ հիմնահատակ ավերելու բան է ընկել. «հին աշխարհը» գետնին հավասարեցնելու և իր երազած «նոր աշխարհը» սարքելու բացառիկ հնարավորություն`կորոնավիրուսային սպառնալիքով ու դրանից բխող անթիվ-անհամար, գլոբալ և լոկալ «անորոշություններով»։

Պարզվում է` կորոնավիրո՛ւսն է անհայտ կորած կախարդական փայտիկը, որ պակասում էր «ժողովրդի» վարչա(հրամայա)պետին «տնտեսական հեղափոխություն» անելու խոստում-սպառնալիքը վերջապես ի կատար ածելու` կոռումպացված «հին իրականությունը» գրողի ծոցն ուղարկելու և «կորոնավիրուսահենք» նոր տնտեսություն կառուցելու համար։ Ինչո՞ւ կորոնավիրուսահենք։ Որովհետև «գիտելիքահենք» տնտեսությունն այլևս անցած փուլ է, անցյալի վերապրուկ` մեզ գիտություն պետք չէ, գիտությունների ակադեմիա պետք չէ` ինչքան շուտ մաս-մաս անենք ու տարրալուծենք «թավշյա» նախարարությունների մեջ, այնքա՛ն մեր օգուտն է։

Կորոնավիրուսային էքսպանսիային նախորդած շատ թե քիչ կանխատեսելի իրավիճակին վերադառնալու խնդիր Փաշինյանն իր առջև չի դնում. «Մենք չենք մտածում` վա՜յ, ոնց վերադառնանք նախաճգնաժամային վիճակին։ Ո՛չ, մենք ասում ենք` ո՞նց օգտագործենք այս հնարավորությունը, որ եթե նախկինում մենք պլանավորել ենք տարեկան 8 տոկոս, միջինը 8-9 տոկոս տնտեսական աճ, ոնց անենք, որ ունենանք 20 տոկոս։ Նու, 20 տոկոսը ես... բայց ով գիտի։ Անորոշությունը հե՛նց դրա մեջ է։ Կարող է այնպես ստացվի, որ պատրաստված երկրների համար, ճիշտ դիրքավորված երկրների համար կարող ա պարզվի, որ գոնե հետճգնաժամային մեկ-երկու տարում 20 տոկոսը ֆանտաստիկայի ոլորտից չի»։

Իսկ այն, որ չկա աշխարհում մի երկիր, որ այնքան «պատրաստված» լինի` վարպետորեն մանևրելու հետճգնաժամային անորոշությունների ամենակուլ հորձանուտում, «ճիշտ դիրքավորվելու» և, ի հեճուկս ամեն տեսակ կորոնավիրուսային խոչուխութերի, ապահով ափ հասնելու, ինչքան թավշյահեղափոխական հին «նոր Հայաստանը»` Նիկոլի և իր թրաշամանուկների զգայուն ղեկավարությամբ, կարող եք չկասկածել։

Այնպես որ, 2020թ. բյուջեով նախատեսված խղճուկ 4,9 տոկոս տնտեսական աճը վարչա(հրամայա)պետին արդեն հետաքրքիր չի. «Դա արդեն անցյալի թեմա ա, անցյալի մեթոդ ա»։ Պարզ պատճառով. համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսի թեթև ձեռքով ուր-որ է` կփլուզվի, հին կապերը, միջպետական, տնտեսական, շուկայական հարաբերությունները կդադարեն գործել, կհայտնվեն «զրոյական կետի» վրա, և նախաստեղծ այդ քաոսից փյունիկի պես կհառնի ինքը` սպիտակ նժույգի վրա, սպիտակ ժիլետը հագին` գլոբալ անորոշություններից առավելագույնը քաղելու իր վարպետությամբ, և Հայաստանը կդառնա համաշխարհային շուկայի «լիդերներից» մեկը։

ԵՄ երկրները հերթ կկանգնեն «արտադրված է Հայաստանում» պիտակը կրող ապրանքները, այդ թվում, Նիկոլի սրտի օլիգարխի, ուզում էի ասել` խոշոր սեփականատիրոջ թողարկած «ալկոգելի» խմբաքանակներն առնելու համար, տնտեսությունը կաճի ու կբարգավաճի մինչև ուշաթափություն, և հպարտ քաղաքացու կյանքը միանգամից կդառնա շոկոլադ։

Այդ զարմանահրաշ «պերֆորմանսը» տեղի ունենա` նախ և առաջ այն պատճառով, որ «նախկին կոռումպացված համակարգը»` էն, էլի, որ կատաղորեն դիմադրում է հեղափոխությանը, չի թողնում ցույց տա` «ժողովրդի իշխանությունն» ինչի է ընդունակ, ինքնիրեն տեղի կտա` բախվելով կորոնավիրուսի ավերիչ հետևանքներին։ Եվ Նիկոլին ոչինչ չի խանգարի` առանց հետ նայելու կյանքի կոչել իր չունեցած ռազմավարական պրոյեկտները։ Օրինակ` լուծել Ամուլսարի հարցը, որի տակից ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ, քանզի ինքն էլ չգիտի` ինչ է ուզում. «և՛ կողմ է, և՛ դեմ» հանքի շահագործմանը` նայած քամին որ կողմից է փչում։

Եվ ուրեմն` «էդ թվերը էկեք մոռանանք ու դնենք մի կողմ։ Այ, հիմա իսկապես էկել ա տնտեսական հեղափոխության ժամանակը։ Որովհետև էս կորոնավիրուսը էսպես թե էնպես անցնելու է։ Էկեք չմտածենք այլևս կորոնավիրուսի մասին, չմտածենք նույնիսկ վիճակագրության մասին։ Մտածենք մի բանի մասին. մաքսիմումը անենք, որ մեր մոտ կորոնավիրուսից մահվան դեպքեր կամ չարձանագրվեն, կամ արձանագրվեն հնարավորինս քիչ։ Մնացած մասով մենք ամեն ինչին նայենք որպես հնարավորություն։ Փլուզում ա` շա՛տ լավ։ Երբ որ մեզ պետք ա նոր տուն կառուցել, մենք հին տունը քանդում ենք, ստեղծում ենք շինհրապարակ, և դրա վրա նախագծված նոր կյանք, նոր տրամաբանություն, նոր տնտեսություն, նոր երկիր ենք կառուցում»։

Մի բան չհակացա` էդ «նոր աշխարհում» հասարակությունը սև-սպիտակի բաժանելու, «սևերի» նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, կուլակաթափ անելու, բոմժ դարձնելու, ասֆալտին պառկըցնելու, պատերով տալու, բռնել-բաց թողնելու կամ բռնել-բաց չթողնելու, գործ տալու, գործ կարելու հին մեթոդները, «հին աշխարհից» եկող հին քաղաքական հետապնդումները, ոչինչ չանելու համար «գյուռ-գյուռ» պարգևավճարներ բաժանելու մեխանիզմները գործելո՞ւ են, թե՞ չէ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը