Մեկնաբանություն

19.03.2020 23:05


Մոռացե՞լ եք, որ թշնամին էլ է ձեր ասածները «մոնիտորինգ անում»

Մոռացե՞լ եք, որ թշնամին էլ է ձեր ասածները «մոնիտորինգ անում»

Հայրենի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինձ ավելի ու ավելի է ոգևորում: Ամեն անգամ կարողանում են անել այնպիսի մի բան, որ մտքովդ չէր անցնի, թե կանեն: Ստեղծագործական ոգեշնչման մշտակարկաչ աղբյուր են, ազնիվ խոսք:

Մի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել էր, թե նախընտրում է սովորել սեփական սխալների վրա: Դե, այդ առումով նա, կարծում եմ, այնքան առիթներ է ստեղծել, որ ինչպես ասում էր պատմությունից հայտնի մեկ այլ հեղափոխական առաջնորդ, կարող է դեռ երկար սովորել, սովորել ու սովորել...

Վերցնենք թեկուզ ՀՀ կառավարության այսօրվա նիստը, ավելի ճիշտ, այդ նիստի ընթացքում արձանագրված այն դրվագը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց անդրադառնալ հանրապետության պարենային ապահովվածության մակարդակին:

Նա, իհարկե, կարող էր ընդամենը ասել, որ սիրելի ժողովուրդ, անհրաժեշտ բոլոր պաշարներն ու մի բան էլ ավելին առկա են, այդ առումով մենք խնդիր չունենք, ու դրանում դուք կարող եք համոզվել մերձակա ցանկացած մթերային խանութում: Առավել ևս, որ ԱԴ հայտարարելու նախօրեին ու հաջորդած երկու օրերին մարդիկ հիմնականում կատարեցին իրենց մեծածավալ գնումները, ապա շատ արագ հասկացան, որ «աշխարհի վերջը» չէ, որ բոլոր ապրանքատեսակներից խանութներում առաջվա նման կա ու հակառակը՝ ծախսերի ու խոշոր գնումների տակ ճկռելու կարիք չկա:

Կարող էր այսպես ասել, և այդքանը միանգամայն բավարար կլիներ: Բայց Նիկոլ Փաշինյանը, հավաստիացնելով, որ պարենային ապահովվածության մակարդակի առումով խնդիր չկա, չգիտես թե ինչու, որոշեց, որ պետք է բարձրաձայնի իրեն տրամադրված ու սննդի «բավականին լավ պաշարներ ունենալու մասին վկայող» տեղեկանքի առանձին փաստական տվյալներ:

Ինչո՞ւ: Ո՞րն էր դրանք բարձրաձայնելու գերանհրաժեշտությունը: Անընկալելի է:

Մեր նախկին գործընկերը սկսեց ու՝ այսքան օրվա շաքարավազի պաշար ունենք, այնքան օրվա թռչնի մսի, այսքան շաբաթվա ձեթի պաշար...:

Լավ է, որ ունենք: Այդքանն իմանալը արդեն բավարար է:

Բայց՝ չէ՛:

Դա էլ քիչ համարվեց ու թե՝ այսքան ու այսքան բեռնատար է նախօրեին մտել Հայաստան, բերել են այսքան տոննա ձեթ, ցորեն, հրուշակեղեն և այլն:

Նիկոլ Փաշինյանը կոնկրետ թվերով ու ցուցանիշներով ասաց, բայց ամենևին մտադիր չենք կրկնել այդ տվյալները:

Դա էլ քիչ համարվեց, ու թե՝ այսքան ամսվա բենզինի պաշար ունենք, այնքան ամսվա դիզվառելիքի...

Հարգելիներս, դուք պատահաբար հիշո՞ւմ էիք, որ կառավարության այդ նիստը ուղիղ եթերով հեռարձակվում է: Իսկ կարո՞ղ է մոռացել եք, որ այդ հեռարձակմանը ուշի-ուշով հետևում են նաև Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված, նաև փաստացի ագրեսիվ պատերազմական գործողություններ իրականացնող երկրների, կոնկրետ՝ ադրբեջանական ու թուրքական հատուկ ծառայությունները:

Օրինակ, միջին վիճակագրական ՀՀ քաղաքացուս ինչի՞ն է պետք իմանալ, թե երկրում բենզինի քանի ամսվա պաշար կա: Ինձ բավարար է այն, որ մոտենամ լցակայանին ու այնտեղ բենզին լինի:

Կամ ի՞նչ է, Հայաստանում պարենային սպառման քարտային համակա՞րգ է նորից մտցվել, որ այդքան մանրամասն ցորենի ու այլ պարենային ապրանքների վերաբերյալ բացեիբաց, այսինքն՝ թշնամուն էլ լսելի տվյալներ ու տեղեկություններ է, որ բարձրաձայնում եք:

Այո, միջին վիճակագրական քաղաքացուն այդ տվյալները մեծ հաշվով «բան չեն ասում», իսկ ցանկացած հետախուզական ծառայության կարող են շատ բան ասել ու նաև՝ հուշել:

Լավ էլի, ախր որքա՞ն կարելի է սայթաքել այնպիսի տեղերում ու հարցերում, որտեղ սայթաքել, թվում է, թե ընդհանրապես հնարավոր չէ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը