Կարծիք

14.03.2011 22:06


Սոչիում է՞լ ինչ են շոշափել

Սոչիում է՞լ  ինչ են շոշափել

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած հանդիպումից տառացիորեն մեկ-երկու օր առաջ ՌԴ նախագահ Մեդվեդևը բանակի սպայական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շատ հետաքրքիր գնահատական տվեց արաբական երկրներում իրականացվող իշխանափոխությունների շքերթին` դրանք որակելով որպես ԱՄՆ եւ Եվրոպական որոշ երկրների կողմից հրահրվող գործընթացներ: Նա չբացառեց, այլ մի բան էլ հասկացնել տվեց, որ Արևմուտքը նման նկրտումներ ունի նաև Ռուսաստանի նկատմամբ եւ արդեն իսկ քայլեր է ձեռնարկում երկրի ներքին կայունությունը սասանելու ուղղությամբ: Նա վկայաբերեց վերջին շրջանի ահաբեկչական գործողություններն ու երկրի մահմեդական ազգաբնակչությանը ռուսների դեմ գրգռելու փորձերը, որոնք իրավիճակի ապակայունացման ընդհանուր շղթայի օղակներն են կազմում:

Սոչիում, թեև այդ մասին որևէ բառ չի ասվում, երեք նախագահներն անտարակույս մտքեր փոխանակել են արաբական թեմայով: Նրանք պարզապես չէին կարող շրջանցել խնդիրը, մանավանդ, որ երեք երկրներում էլ, կարծես, մտավախություն կա, որ արաբական երկրներում ծայր առած հեղաշրջումների վտանգը կարող է թակել նաև իրենց դուռը:

Նկատենք, որ Սերժ Սարգսյանը Սոչի էր մեկնել Մարի Յովանովիչի` Երևանի պետական համալսարանի ուսանողական եւ դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: Այդ հանդիպումն ու Յովանովիչի զարգացրած մտքերը, չմոռանանք, հետագայում նույնիսկ որակվեցին որպես «Ժառանգություն» կուսակցությանը ակտիվության կոչելու ազդանշան, եւ շաղկապվեցին նույն օրը` մարտի 3-ին, կառավարության տան առջև տեղի ունեցած ծեծուջարդի հետ:

Սոչիում լուրջ բեռան տակ էր նաև Ալիևը, ում երկիրը հավանական հեղաշրջումների շղթայում ընդհանրապես առաջավոր դիրքեր է զբաղեցնում: Արևմտյան լրատվամիջոցներն արդեն հասցրել էին հրապարակել ռիսկային երկրների ցանկը, որտեղ մեր հարևանը 10-րդն էր, ինչը նրան դեռ մի բան էլ կմղի Ռուսաստանի հետ նոր ու ավելի սերտ համագործակցության, միայն թե ամեն ինչ կործանող հրդեհն իր տուն չհասնի:

Այդ հանդիպման խրոնիկայից մեզ մի քանի անգամ ցուցադրեցին կադրեր, որոնցում Սերժ Սարգսյանը սրտանց ծիծաղում է, իսկ նրա զրուցակիցները` չափի մեջ միայն: Ինչո՞ւ են նրանց եւ մեր տրամադրություններն այդքան տարբեր: Այս հարցը գուցե եւ հազարավոր պատասխաններ ունի, բայց դրանցից առավել ճշմարտանման է թվում այն, որ Սերժ Սարգսյանն, ի տարբերություն Մեդվեդևի եւ Ալիևի, շատ ավելի քիչ է անհանգստացած տարածաշրջանը համակած հրդեհից: Այսօր նույնիսկ Ալիևը չի կարող մրցակցել նրա հետ իր միահեծան իշխանությամբ: Այսօր Ռուսաստանում նույնիսկ «Եդինայա Ռոսիյան» չի հայտարարել, որ գալիք նախագահական ընտրություններում սատարելու է իր միակ արևի` Մեդվեդևի թեկնածությանը: Դրա համար էլ, երևի ծիծաղում ենք նրանց անճարակության վրա:

Մեդվեդևը եւ Ալիևը դեռ հեչ: Ցավոք, սկսել ենք ծիծաղել նաև արաբական աշխարհն իրար խառնած Արևմուտքի վրա, մոռանալով, որ Մուբարաքից էլ, Քադաֆիից էլ հետ չենք մնում: Բանավիճում ենք, կասկածի տակ առնում արևմտյան լրատվամիջոցների ու պաշտոնյաների հայտարարությունները եգիպտական ու լիբիական թեմաներով: «Իրականում Քադաֆիի ինքնաթիռները չեն գնդակոծել խաղաղ ցույցերը։ Եթե կարդանք ոչ միայն ճչացող վերնագրերը, այլեւ տեղեկատվական հաղորդագրություններն ամբողջությամբ, ապա պարզ է դառնում, որ ռմբակոծել են ապստամբների զավթած ավիաբազան, պահեստներն ու ռադիոկայանը»: Ահա այսպիսի բաներ են հայտնաբերել հայաստանցի իշխանամետ ստրատեգները, որոնք նույնիսկ երկու էշի գարի չափելու ընդունակություն չունեն: Դուք նրանց «հայրենասիրական» հարցադրումները լսեք. «…որտե՞ղ են օդաչուների հետ հարցազրույցները։ Որտե՞ղ են պատմությունները հանցավոր հրամանների, ռեժիմի վերջին ջղաձգությունների մասին»: Մարդիկ երևի ուզում են Քադաֆիի ագիտացիոն բաժնի վարիչը դառնալ: Մի հարցնող լինի` ձեր ի՞նչ գործն է, թե ուր են Քադաֆիի օդաչուները, որոնք արևմուտքի պնդմամբ` հրաժարվել են ռմբակոծել ցուցարարներին ու հեռացել են դեպի իտալական օդանավակայաններ: Ուրիշ բանուգործ չունե՞ք, որ հիմա էլ Օբամա եք կատաղացնում: Մի՞թե սա իշխանական թերթի գրելու բան է. «Եվ այսօր, երբ Արեւմուտքը զինված ներխուժում է պատրաստում Լիբիա, ակամայից զուգահեռներ են առաջանում Իրաքի հետ։ Այնտեղ էլ կանխամտածված սուտը պակաս չէր»: Ի՞նչ են ուզում ասել, ո՞ւմ համար են առաջ տանում իրենց «ճիշտը»: Քադաֆիի՞: Էն էլ այսպիսի նվիրվածությա՞մբ:

Երևի հույսները դրել են Հայաստանի սահմաններին շնթռած մի երկու ռուս գեներալի վրա եւ անգամ լուր չունեն, որ իրենց ռազմավարական դաշնակիցն արդեն միացել է Քադաֆիի ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու Արևմուտքի կոչին` դադարեցնելով զենքի մատակարարումը Լիբիային: Իսկ եթե հիմա Արևմուտքը մեզ լիուլի հիշեցնի Քադաֆիի պատմությունն ու պատասխանի մեր հարցին, թե որտեղ են վայրէջք կատարել լիբիացի օդաչուները, ի՞նչ ենք անելու:

Իսկ գուցե գոռանք` ձեռքներդ հեռու Քադաֆիի՞ց: Դա կօգնի՞ մեզ «չմուբարաքվել»: Ես ինչ-որ կասկածում եմ:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը