Տնտեսական

19.03.2020 15:51


Ամերիաբանկն իր աշխատակիցների մեծ մասի համար սահմանել է տնային ռեժիմ` պահպանելով վարձատրության չափը 100 տոկոսով

Ամերիաբանկն իր աշխատակիցների մեծ մասի համար սահմանել է տնային ռեժիմ` պահպանելով վարձատրության չափը 100 տոկոսով

Ինչպե՞ս են հայկական բանկերն արձագանքում COVID-19 նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած խնդիրներին: Ի՞նչ է արվում հաճախորդներին աջակցելու և նրանց առողջությունը պաշտպանելու համար: EADaily տեղեկատվական գործակալության այս հարցերին պատասխանեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

-Ձեր բանկը հիմնական ֆինանսական ցուցանիշներով առաջատարն է Հայաստանում: Ինչպե՞ս է հանրապետության ամենախոշոր բանկն արձագանքում կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում իր հաճախորդների մոտ ծագած խնդիրներին:

-Հաշվի առնելով բիզնես հանրության առջև կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում ծառացած խնդիրները, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից, մեր հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար, որոշեցինք ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող մեր բոլոր հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը տրամադրել «վարկային արձակուրդ» տրամադրել: Նշված ժամանակահատվածում նրանք կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդի վարկային պատմության վրա: Չվճարված ամբողջ գումարը կհաշվարկվի և կվերաբաշխվի հետագա վեց ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը հաճախորդները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով: Նշեմ, որ բանկը ստանձնել է բոլոր ծախսերը, և վերաբաշխված գումարների վրա տոկոսներ չեն հաշվեգրվելու:

Անհատական մոտեցում ենք ցուցաբերում նաև խոցելի դրության մեջ հայտնված` տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի ընկերություններին: Սկսած ս.թ. մարտի 16-ից, նրանք կարող են հետաձգել իրենց վարկերի մայր գումարների մարումները 3-6 ամսով: Չվճարված ամբողջ գումարը կհաշվարկվի և կվերաբաշխվի վարկի մնացած ամիսների վրա:

Պայմանավորված խոշոր առևտրի կենտրոնների աշխատանքի դադարեցման հանգամանքով, մենք ստիպված եղանք փակել այդ առևտրային կետերում գործող մեր մասնաճյուղերը: Մնացած բոլոր մասնաճյուղերն աշխատում են ստանդարտ աշխատանքային գրաֆիկով: Եվ, հանդիսանալով որպես թվային բանկինգի ուղղությամբ զարգացած բանկ, մեր հաճախորդներին առաջարկում ենք առցանց ծառայությունների լայն տեսականի: Մենք ընդառաջեցինք մեր հաճախորդներին և անվճար դարձրեցինք այդ ծառայությունները:

-Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում բանկը` իր աշխատողների առողջությունը պաշտպանելու համար:

Թիմում առողջ և դրական մթնոլորտի պահպանումը մեր բիզնեսի շատ կարևոր բաղադրիչն ու արժեքն է: Աշխատողների և հաճախորդների անվտանգության և առողջության պաշտպանության շրջանակներում մենք շարունակաբար ախտահանում ենք բոլոր տարածքները և ակտիվորեն պահպանում ենք հիգիենայի կանոնները: Մեր աշխատողների անվտանգությունն ու առողջությունն առաջնային կարևորություն ունեն մեր գործունեության համար: Բոլոր հանդիպումները, դասընթացները և աշխատանքի ընդունման նպատակով կազմակերպվող հարցազրույցներն անցկացվում են հեռահար եղանակով: Աշխատանքային սենյակները մշտապես ախտահանվում և օդափոխվում են, աշխատակիցներին ամեն օր տրամադրվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանող միջոցներ:

Անվտանգության նկատառումներից ելնելով և գործարար ակտիվության նվազման արդյունքում աշխատողների ավելի քան 50%-ը աշխատանքի չեն գալիս, սակայն վարձատրվում են ամբողջությամբ: Թեև ունեինք հարկադրված պարապուրդ հայտարարելու և աշխատանքի մասնակի վարձատրության հնարավորություն, որոշեցինք աշխատավարձը վճարել ամբողջությամբ` պահպանելով նաև աշխատակիցներին հասանելիք արձակուրդային օրերն ամբողջությամբ:

Ուրախ ենք, որ բոլորիս համար առաջացած ծանր իրավիճակում մեր աշխատողներն ակտիվորեն նպաստում են բիզնեսի շարունակականության ապահովմանը, և ստեղծված բոլոր աշխատանքային խմբերը գործում են օպերատիվ և դինամիկ ռեժիմով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ այս դժվարին ժամանակահատվածում նրանց միասնական և անձնուրաց աշխատանքի համար: Համոզված եմ, որ համախմբվածության շնորհիվ միայն մեր ժողովուրդին կհաջողվի հաղթահարել այն խնդիրները, որոնք առաջացրել են ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Տեղեկատվական գործակալության հարցազրույցի հղումը` EADaily.com

Այս խորագրի վերջին նյութերը