Մեկնաբանություն

17.03.2020 21:24


Կորոնավիրուսի դաշնակիցը. Արսեն Թորոսյանի իրավական նիհիլիզմը

Կորոնավիրուսի դաշնակիցը. Արսեն Թորոսյանի իրավական նիհիլիզմը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ժողովրդական լեզվով ասած, էս նեղ մաջալին ուղիղ եթեր է մտել ու հակաիրավական հայտարարություն արել։

Նա ասել է, որ թեև ինքը դատական բոլոր ատյաններում պարտվել է Արա Մինասյանի հետ դատական վեճը, ըստ որի՝ պարտավոր է ներողություն խնդրել իր խոսքերի համար, բայց միևնույն է մնում է նույն կարծիքին ու կրկնում նախկինում հնչեցրած խոսքերը։ Սա քրեական ենթամշակույթին հարիր պահելաձև է։

Նկատենք, որ Թորոսյանի արածը շատ վտանգավոր ու անպատասխանատու է։ Այն էլ արտակարգ դրության պայմաններում։ Սա հակապետական քայլ է։ Ռազմական դրության ժամանակ նման բաներ ասելու համար պատին դեմ կտային ու 9 գրամը կշարեին ճակատին։ Պետականորեն։

Նախարարն ասում է, որ դատարանը չի վայելում ժողովրդի վստահությունը, և թող իրեն հաղթող կողմը շատ չուրախանա։ Թորոսյանի այս խոսքերը իրավական նիհիլիզմի դասական օրինակ են։

Եթե նա արտակարգ դրության պայմաններում իրավական նիհիլիզմ է ցուցաբերում, ապա դա կարող է շղթայական ռեակցիա առաջացնել և ազդել հանրային կարգապահության վրա։

Թորոսյանի տրամաբանությամբ՝ որևէ հպարտ կամ ոչ այնքան հպարտ քաղաքացի կարող է հայտարարել, որ ինքը համարում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, հետևաբար՝ ինքը թքած ունի արտակարգ դրություն հայտարարելու որոշման վրա ու կվարվի այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում։ Պատկերացնո՞ւմ եք, թե ուր կհասնենք, եթե Թորոսյանի մտածելակերպը հաղթի։

Եվ այս մարդուն վստահված է մեր քաղաքացիների առողջության ապահովո՞ւմը։ Նման ցածր իրավագիտակցության մակարդակ ունեցողն ինչպե՞ս կարող է նորմալ որոշումներ կայացնել։

Ի դեպ, տեղին է հիշելը, որ ոչ վաղ անցյալում Թորոսյանը փափուկ բարձ էր դնում բոլորիս գլխի տակ, թե բա կորոնավիրուսը վտանգավոր չէ։

Կառավարությունում պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն ու այս նիհիլիստին կարգի հրավիրեն։ Դատական վճիռները ենթակա են պարտադիր կատարման։ Հակառակ դեպքում մեզանում քաոս կտիրի։

Թորոսյանը իրավական առումով կորոնավիրուսություն է անում՝ հայտարարելով, որ նույն կարծիքին եմ մնացել, ու կրկնում է իր խոսքերը՝ խախտելով անմեղության կանխավարկածը։ Նրա խոսքերը պետք է նրա իսկ հետույքը մտցնել։ Առավելևս արտակարգ դրության պայմաններում։

Թորոսյանին պետք է մեկուսացնել իրավական նիհիլիզմի ճիրաններից ու ստիպել, որ նա զբաղվի կոնկրետ գործով, եթե իհարկե հասկանում է այդ գործից։ Կամ էլ՝ նրա փոխարեն խելքը գլխին մեկին նշանակել այս օրհասական պահին։

Թեև ռուսական խոսք կա, ըստ որի՝ «на переправе коней не меняют», բայց կա նաև այլ խոսք. «загнанных лошадей пристреливают»։ Նկատի չունեմ բառիս բուն իմաստով «կրակելը»։ Հասկացողը կհասկանա։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը