Մեկնաբանություն

17.03.2020 01:43


Ընդդիմությունն, ինչպես միշտ, ճիշտ էր, Նիկոլը` սխալ

Ընդդիմությունն, ինչպես միշտ, ճիշտ էր, Նիկոլը` սխալ

Ընդդիմադիր ճամբարը կորոնավիրուսի բռնկման առաջին իսկ օրից ահազանգում էր «թավշյա ռեժիմի» անհետևողականության, անկազմակերպվածության, անգործության, չկշռադատված քայլերի, որոշումների և հայտարարությունների աղետալի հետևանքների մասին։

Իշխող դասը ձևացնում էր, թե ոչինչ չի տեսնում, ոչինչ չի լսում` որևէ արտառոց բան չկա ու չի կարող լինել. աշխարհը` կորոնավիրուսով, մենք` «սևերի» դեմ քաղաքական հետապնդումներով, սպիտակ թելերով կարած գործերով, դատական ֆարսերով, կուլակաթափության և սեփականության ապօրինի վերաբաշխման նկրտումներով։ Իրենց բնորոշ անպատասխանատվությամբ դեռ մի բան էլ զազրախոսում էին, չարախոսում, «ծաղրում» ընդդիմախոսներին, մեղադրում խուճապային տրամադրություններ տարածելու մեջ, փափուկ բարձ դնում գլխներիս տակ, թե` մի՛ մտածեք, կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով հատ-հատ կքերենք` կհանենք, չենք թողնի` հպարտ քաղաքացու գլխից մազ պակասի...

Ողջամիտ մարդիկ ասում էին` պետք է օր առաջ փակել դպրոցները, «դիմացից» հակադարձում էին, թե` չեք ուզում ձեր երեխաներին դպրոց ուղարկել, մի՛ ուղարկեք, երկու ժամ չանցած` հայտարարում դպրոցները, բուհերը և մանկապարտեզները մի շաբաթով «փակելու» մասին։

Ընդդիմադիրները, ձեն-ձենի տված`խոսում էին մարդկային շփումները հնարավորինս սահմանափակելու, անհարկի կուտակումներից խուսափելու, «այո»-ի քարոզարշավը «կանգնեցնելու» անհրաժեշտության մասին, իշխանությունը «շրխկացնում» էր, թե`հանգիստ նստեք տեղնե՛րդ, դուք ո՞վ եք դուք, որ մեզ խելք սովորեցնեք, դասեր տաք, նույն օրը` հայտարարում քարոզարշավը «հետաձգելու» մասին, ինքնամեկուսացվում ու սկսում «վրա-վրա» կորոնավիրուսի տեստեր հանձնել։

Ընդդիմադիրները երկու-երեք օր է`կոկորդ են պատռում, թե պետք է անհապաղ արտակարգ դրություն մտցնել, սրանք բանի տեղ չէին դնում` ավելի կարևոր գործ ունեին, ստուգում էին` էդ «չոռուցավը» հո չի՞ կպել մեր «ազգային հարստությանն» ու իր ընտանիքին։ Հիմա, երբ կասկածները կարծես՝ փարատվել են, վերջապես հիշեցին այդ մասին` կառավարության արտակարգ նիստ արեցին ու արտակարգ դրություն հայտարարեցին։

Նույնը` «ատելության քարոզի» դեպքում էր։ Երբ Նիկոլն ու իր «շնաբարո դուրսպրծուկները» հարյուրի վրա հայհոյում էին «սևերին», սպառնում, ատելություն և մաղձ թափում ընդդիմախոսների վրա, խելոք մարդիկ զգուշացնում էին ատելության քարոզի հետևանքների մասին, բայց լսող չկար։ Երբ այդ ամենը բումերանգով իրենց դեմ շուռ եկավ, սրտնեղեցին, սկսեցին ատելության քարոզի դեմն առնելու մեխանիզմներ ման գալ, ու մինչև հիմա ստեղծագործական «տվայտանքների» մեջ են` փնտրում են, փնտրում ու չեն գտնում։

Երբ «կոնվեյերի ռեժիմով» ապօրինի որոշումներ էին կայացնում Քոչարյանի և մյուսների դեմ, շանտաժի ենթարկում, ահաբեկում Սահմանադրական դատարանի նախագահին ու դատավորներին, փորձում կաշառել, հետո էլ` հանրաքվե անցկացնելու անօրինական «որոշում» կայացրին, ընդդիմությունը զգուշացնում էր` ժամանակն է կանգ առնել. հակասահմանադրական էդ «բոլոլաները» չե՛ք մարսելու` արդեն իսկ լուրջ խնդիրներ եք ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում, վաղը եվրոպական կառույցներից են դեղին քարտ ցույց տալու խորհրդատվական կարծիքների, որոշումների, բանաձևերի տեսքով։ Բայց այդ ամենը հնչում էր որպես «ձայն բարբառոյ հանապատի»։

Այսօր՝ ի դեմս իրենց վարչա(հրամայա)պետի, հրապարակավ մուննաթ են գալիս եվրոպական կառույցների վրա, մատ թափ տալիս, թե` «մենք մեր բոլոր միջազգային գործընկերներին հարգում ենք։ Բոլոր եվրոպական կառույցներին, Եվրամիության կառույցներին, Եվրախորհրդի կառույցներին, ԱՊՀ-ի կառույցներին, ԵԱՏՄ-ի կառույցներին, ՀԱՊԿ-ի կառույցներին, ՄԱԿ-ի կառույցներին, ԵԱՀԿ-ի կառույցներին, բոլորին հարգում ենք, բոլորը մեր գլխի վրա տեղ ունեն։

Բայց էդ կառույցներից որևէ մեկը ավելի բարձր չէ, քան մեր ժողովուրդը։ Եվ չի կարող լինել ավելի բարձր, քան մեր ժողովուրդը։ Չի կարող լինել, չի կարող լինել... Եթե մեր ժողովուրդը մի բան կորոշի, ես ոչ մի օտարերկրյա կառույցի թույլ չեմ տա` մտքներով անցնի, լեզուները պտտվի, ասի` ձեր ժողովուրդը սխալ բան ա որոշել»։ Հետն էլ` սպառնում է ընդդիմախոսներին, թե «հյուսիսների ու հարավների վրա հույս չդնեք։ Էս երկրում մի տեր կա, մի տիրական կա, և էդ տիրականը Հայաստանի հպարտ քաղաքացին ա, խոնարհվեք քաղաքացու առաջ»`կամա-ակամա խոստովանելով, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելը չեն պատրաստվում աչք փակել «ժողովրդավարության» անվան տակ Հայաստանում մոլեգնող իրավական և քաղաքական բեսպրեդելի վրա։

Նույնը լինելու է Արցախի դեպքում։

Ընդդիմությունը «մեռավ» ասելով` սթափվե՛ք, քանի ուշ չէ, բայց լսող չկա։ Եվ եթե ինքնասիրահարված «թավշյա սիրամարգերը» շարունակեն այս կործանարար ընթացքը` հայտնվելու են ոչ թե կամավոր, այլ հարկադիր ինքնամեկուսացման` լիակատար միջազգային մեկուսացման մեջ, «իզգոյի» կարգավիճակում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը