Լրահոս

14.03.2020 16:25


Համաճարակը չի տարբերում «սևերին» ու «սպիտակներին», «նախկիններին» ու «ներկաներին»

Համաճարակը չի տարբերում «սևերին» ու «սպիտակներին», «նախկիններին» ու «ներկաներին»

ՀՅԴ ՀԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համավարակի վտանգավորություն ստացած կորոնավիրուսի (2019-nCoV ենթատեսակ) համաշխարհային տարածումն ու հատկապես դրա միտումները ժամ առ ժամ ավելի ահագնացող են դառնում։

Ցավոք, մեր հանրապետությունում նույնպես հնարավոր չեղավ խուսափել հիվանդացության դեպքերից: Առավել անհանգստացնողը, սակայն, հիվանդացության դեպքերի աճող դինամիկան է: Չնայած բազմաթիվ հորդորներին՝ ՀՀ կառավարությունը չընկալեց համավարակի վտանգավորության և լրջության աստիճանը և չձեռնարկեց համարժեք գործողություններ: Դեռ առիթ կլինի գնահատելու թույլ տրված սխալներն ու բացթողումները:

Ստեղծված իրավիճակը վտանգավոր է ոչ միայն առողջապահական-համաճարակաբանական, այլ նաև անվտանգային բոլոր բաղադրատարրերի՝ ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, տրանսպորտային հաղորդակցության սահմանափակման և այլ առումներով: Սառնասրտությունն ու խուճապի չմատնվելը, համակարգված աշխատանքը չափազանց կարևոր և անհրաժեշտ պայմաններ են ներկա վիճակից արդյունավետ ելք գտնելու համար:

Ըստ այդմ՝ ՀՅԴ ԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը (ՄՈՀ) համարում է.

  1. Անհրաժեշտ է չեղարկել կամ կասեցնել բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները, քանի որ դրանք կարող են հանգեցնել անկառավարելի համաճարակաբանական իրավիճակի՝ նպաստելով վարակի՝ երկրաչափական պրոգրեսիայով աճին։ Օգտվելով միջազգային փորձից՝ հարկ է նաև սահմանափակել ժամանցային և մշակութային կենտրոնների գործունեությունը։
  2. Խնդրահարույց կարող է լինել նաև միջմարզային և ներքաղաքային տրանսպորտի շահագործման ներկայիս վիճակը: Կա տրանսպորտային միջոցների պարբերական վարակազերծման, ինչպես նաև վարորդների բժշկական ամենօրյա զննությունների անցկացման անհրաժեշտություն։
  3. Վարակի լայն տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է ազգաբնակչությանն ապահովել կենսական նշանակության միջոցներով և բժշկական պարագաներով (դիմակներ, ախտահանիչ միջոցներ և այլն):
  4. Խիստ հսկողություն պետք է սահմանել դեղատնային գործունեության նկատմամբ՝ կանխելով առաջին անհրաժեշտության միջոցների ու պարագաների չհիմնավորված գնային տատանումները։
  5. Կազմակերպել բժշկական հաստատությունների աշխատակիցների և մասնագիտական խմբերի կողմից ամենօրյա բակային այցեր՝ հիվանդների ու գանգատվողների արագ հայտնաբերման և մեկուսացման, ինչպես նաև ախտահանիչ գործողություններ իրականացնելու համար։ Առաջարկում ենք այս գործընթացում ներգրավել նաև ակտիվ ու գիտակից կամավորների խմբերին, ինչը ևս կնպաստի հիվանդության վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև բնակչության ինքնակազմակերպմանը:
  6. Անհրաժեշտ է ընդլայնել առցանց (on-line) խորհրդատվությունների կազմակերպումը պատկան մարմինների կողմից, ինչը ևս կնպաստի բնակչության շրջանում անհրաժեշտ գիտելիքների տարածմանը և համաճարակի դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացմանը։
  7. Կարևոր է մարզային հիվանդանոցների արագ հագեցումը անհրաժեշտ միջոցներով, այդ թվում՝ կորոնավիրուսի թեստերով, ինչը ևս կնպաստի Երևան քաղաք հիվանդների և կասկածվողների հոսքերի նվազմանն ու կթեթևացնի մեկ բժշկական կենտրոնի ծանրաբեռնվածությունը (անհրաժեշտության դեպքում՝ ձևավորելով մարզային շտաբներ)։
  8. Ունենալ մշակված պլան՝ որևէ բնակավայրում համաճարակի բռնկման դեպքում անմիջապես այնտեղ մտցնել տեղաշարժի որոշակի սահմանափակումներ, անհրաժեշտության դեպքում՝ նաև կարանտին։

Ստեղծված իրավիճակում կոչ ենք անում՝

  1. Ազգաբնակչությանը՝ չմատնվել խուճապի, պահպանել հանգստություն և հետևել հանրային ու անհատական պաշտպանական միջոցառումների իրականացմանը՝ պատկան մարմինների խորհուրդներին ու ցուցումներին համապատասխան։
  2. Երկրի իշխանությանը՝ լայնորեն կիրառելով համաճարակի դիմագրավման միջազգային լավագույն փորձը, առաջնորդվել ուժերի համախմբման և համաճարակին միասնաբար դիմակայելու իրական քայլերով, այդ թվում՝ ներգրավել թեկուզ իշխանության քաղաքական հայացքները չկիսող, սակայն խնդրի լուծմանը նախանձախնդիր անձանց և կիրառել նրանց խորհուրդները, ներառյալ՝ սույն հայտարարությամբ ներկայացված առաջարկությունները:
  3. Քաղաքական կուսակցություններին և քաղաքացիական հասարակությանը՝ մինչև համաճարակի հաղթահարումը հնարավորինս զերծ մնալ քաղաքական ընդդիմության և իշխանության դիմագրավման գործողություններից (հիշեցում՝ համաճարակը չի տարբերում «սևերին» ու «սպիտակներին», «նախկիններին» ու «ներկաներին»
  4. Բոլոր գործատուներին՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել աշխատավայրերը հիգիենայի անհրաժեշտ պարագաներով համալրելու և ներկա վիճակում աշխատավորների բացակայությանը ըմբռնումով մոտենալու համար:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ընդգծելով բուժաշխատողների նվիրվածությունը, հույս ունենալով, որ պետական առավել համակարգված մոտեցման առկայության դեպքում կհաջողվի առանց կորուստների և համավարակի լայն տարածման հաղթահարել ստեղծված իրավիճակը, մեր պատրաստակամությունն ու աջակցությունն ենք հայտնում ազգային անվտանգությանը սպառնացող հարցերի լուծմանը, ինչի հավաստիքն է նաև ժամեր առաջ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի և Հայ օգնության միության աջակցությամբ Հայաստան հասած բժշկական պարագաների և միջոցների խմբաքանակը։

Այս խորագրի վերջին նյութերը