Լրահոս

13.03.2020 18:40


Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի. վերցվել են նմուշառումներ

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի. վերցվել են նմուշառումներ

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ: Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում»,-նշել է Նիկողոսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով այլ վայրերում կորոնավիրուսի կասկածով հավանական հոսպիտալացումների մասին տեղեկություններին՝ նա ասաց. «Քանի որ Հայաստանում արդեն սկսել են հայտնաբերվել դեպքեր, ու նրանց հետ շփված անձինք, եթե մենք սկսենք ֆիքսել նրանց կապերի մասին ինֆորմացիաներ, մենք մեր հաշիվը կորցնելու ենք: Պետք է ուղղակի հիմա սկսենք խոսել թվերով, որ կա այսքան դեպք, ու սահմանափակվենք դրանով: Ուղղակի ֆիքսենք, թե Հայաստանում ինչ դեպքեր են գրանցվում ու նախարարությունն ինչ տեսակի գործողություններ է անում: Կապերը գտնելու փոխարեն տարածենք նախարարության հորդորները՝ ուղղված մարդկանց, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը»:

Նա շեշտեց՝ այս պահին կարևոր է, թե ինչպես կանխարգելել: Նիկողոսյանը վստահեցրեց՝ Առողջապահության նախարարությունը այս պահին անում է անհրաժեշտ բազմաթիվ գործողություններ: «Հայաստանի տարբեր տեղերից կարող են մարդիկ հայտնվել կարանտինում, քանի որ մենք արդեն ունենք տեղական հաստատված դեպքեր: Մենք ամեն մեկի մասին առանձին-առանձին տեղյակ ենք, բայց այդ մասին հրապարակելն իմաստ չունի: Եթե դեպքերի հետևից գնանք, մեր հաշվարկը կորցնելու ենք»,-ասաց նա:

Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի վարակման 8 դեպք:

Այս խորագրի վերջին նյութերը