Մեկնաբանություն

13.03.2020 14:25


Երբ ոջամտությունը հակահեղափոխական է հռչակվում... «պարում են բոլորը»

Երբ ոջամտությունը հակահեղափոխական է հռչակվում... «պարում են բոլորը»

Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը որոշել էր շան տեղ չդնել ալամ աշխարհն իրար խառնած կորոնավիրուսն ու դրա տարածման վտանգը: Բայց անտեր վիրուսն իր անկանխատեսելի երթուղիներն ու ծրագրերն ուներ ու եկավ Հայաստան:

Դե, մենք էլ՝ հյուրընկալ, հյուրասեր ժողովուրդ, կորոնավիրուսը տարանք ման տալու հայտնի տուրիստական տեղերով՝ Ծաղկաձոր, Վաղարշապատ, այսինքն՝ Էջմիածին...

Հետևում էի քարոզարշավային արձակուրդն ընդհատած ու երևանյան աշխատասենյակ վերադարձած Նիկոլ Փաշինյանի իրարահաջորդ ուղիղ միացումներին: Հետաքրքիր է, նա գիտակցո՞ւմ է, որ ստեղծված վիճակի համար առաջինների շարքում ի՛նքն է պատասխանատվություն կրում՝ որպես ի սկզբանե այդ վարակի վտանգը հրապարակավ բանի տեղ չդրած, անլուրջ վերաբերմունք դրսևորած վարչապետ:

Վերջին հաշվով, կանխարգելիչ, կարանտինային միջոցառումները կարելի էր և ավելի վաղ ու բազմապատիկ ավելի լրջորեն կազմակերպել, այլ ոչ թե՝ հապճեպ, հախուռն, ոտքի վրա:

Յուրաքանչյուր բանիմաց մարդու հասկանալի է, որ այդ միջոցառումները՝ արտերկրից ու վիրուսային վտանգի երկրներից ուղևորահոսքերի սահմանափակում, ժամանողների կարանտինային հսկողություն, տեղաշարժերի ու մարդկանց կուտակումների հնարավորինս նվազեցում և այլն, գերազանցապես կանխարգելիչ բնույթ ունեն և լիովին չեն ապահովագրում որևէ վարակի ներթափանցումից ու, առավել ևս՝ տարածումից: Բայց դրանք այն մինիմալ անհրաժեշտ, նաև՝ սխեմատիկ քայլերն են, որոնք պարտավոր է անել ցանկացած կառավարություն:

Առհասարակ, հիվանդությունների դեմ պայքարում լուծումներ գտնում են բժիշկները, բժշկագիտական միտքը: Բայց վարակների, համաճարակների դեմ պայքարում են վարչական ռեսուրսների լայն գործադրմամբ. հավաքների, տեղաշարժերի, շփումների սահմանափակում, կրթական հաստատությունների աշխատանքի դադարեցում, մարզական ու մշակութային միջոցառումների չեղարկում, բացատրական, տեղեկատվական լայն արշավ՝ զանգվածային տեղեկատվության բոլոր միջոցներով:

Իսկ ի՞նչ էր անում Հայաստանի «թավշյա» կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս վերջին մի 10-15 օրվա ընթացքում: Պատկերավոր ասած՝ հակասահմանադրական հանրաքվե էր «պարացնում» ու «այո»-ի քարոզարշավ՝ մարդկանց կուտակումներով, միտինգներով: Հա, մի պահ կրթօջախները «փակեցին«: Բայց անհեթեթություն է՝ դպրոցներն արձակուրդ ուղարկել, իսկ նրանց ծնողների ու նաև արձակուրդված երեխաների մասնակցությամբ տարբեր քաղաքների հրապարակներում բազմամարդ միտինգներ նախաձեռնել:

Հիմա, երբ արդեն կորոնավիրուսի վարակի հայաստանյան տարածման մախաթները ոչ մի թավշյա պարկում ու պոպուլիստական տոպրակում չես թաքցնի, հայտարարվում է 10 օրով բոլոր կարգի կրթօջախների աշխատանքը դադարեցնելու մասին: Չնայած, վարչապետի ու իր նախարարների ելույթները հուշում են, որ իրենց պատասխանատվությունը զգալու և զգաստանալու փոխարեն նրանք նախընտրում են «փիլիսոփայել» բնակիչների անհատական գիտակցույթան, սոցիալական պատասխանատվության մասին: Իբր՝ իրենք մի այն կարգի պատասխանատվության գիտակցություն ունեն, որ այլոց սոցիալական պատասխանատվության մասին են խոսում: Հայաստանի՝ բոլոր ժամանակների ամենից անպատասխանատու, ամենից շատ հակասական ու վտանգավոր հայտարարություններ անող իշխանությունը խոսում է ժողովրդի և այդ ժողովուրդը կազմող անհատների սոցիալական պատասխանատվության մասին:

Տրամաբանությունը հուշում է, որ եթե սթափ դատողություն դրսևորվի, ապա պետք է չեղարկել ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավը, ու այդ՝ բացառապես մեկ անձի քմահաճույքին հագուրդ տալու համար հրահրված թանկանոց հանրաքվեն, ընդհանրապես:

Ինչպես քարոզարշավը, այնպես էլ՝ քվեարկությունը զանգավածային միջոցառումներ են իրենց բնույթով, այսինքն՝ վարակի տարածման ու նոր դեպքեր թույլ տալու ավելորդ հնարավորություն: Եթե հասարակության, ժողովրդի, մարդկանց առողջությունն ու կյանքն ավելի բարձր դրվեն, քան իշխանության եկածների խմբակային շահերը, հանրաքվեն չեղարկվելու որոշում պետք է կայացվի: Մյուս հավանական տարբերակն այն է, որ հանրային կարծիքի ճնշումը կառավարությանը հարկադրի, ստիպի գնալ նման քայլի: Երրորդը. ոչինչ չի չեղարկվում և հանրաքվեն ուղղակիորեն տապալվում է՝ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական պարտությունը, զուգահեռաբար, նաև իր գլխավորած կառավարության անձեռնահասությունը:

Բայց ժամանակակից Հայաստանում ողջամտությունը, տրամաբանությունը հռչակված են հակահեղափոխական, «ժողովրդի թշնամի»:

Իսկ երբ ողջամտությունը թշնամի է հռչակվում, «պարում են բոլորը»...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը