Լրահոս

12.03.2020 17:12


Ընտանիքներով առանձին սենյակներում ենք մնում. ինչ վիճակում են «Գոլդեն Փելեսում» մեկուսացվածները

Ընտանիքներով առանձին սենյակներում ենք մնում. ինչ վիճակում են «Գոլդեն Փելեսում» մեկուսացվածները

Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջ ընտանիքի անդամի նշանադրությանը ներկա անձանց մի մասն արդեն տեղափոխվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոց, որտեղ մեկուսացման մեջ կմնան 14 օր։ Նրանցից մեկը, որը նշանադրությանը մասնակցել է հարսնացուի կողմից, NEWS.am-ին պատմեց, որ իրենք բոլորն այս պահին իրենց լավ են զգում։

«Մեզ առավոտյան են տեղափոխել, ընտանիքներով առանձին սենյակներում ենք մնում, մենք գիտենք, որ բոլորն էլ այստեղ են, ոչ մեկս ոչ մեկի հետ չենք շփվում։ Ոչ մի տեսակի գանգատ չունենք, ամեն ինչ նորմալ է, կոնկրետ մեր կողմից ոչ մի հյուրի մոտ ոչ մի նախանշան չկա»,– նշեց նա։

Կինը պատմեց, որ իրենց հետ մանկահասակ 5 երեխա կա՝ ամենափոքրը 2 ամսական։

Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված երեք դեպքերից մեկը Էջմիածնի բնակիչ է: Քաղաքացին, որի մոտ հաստատվել է վարակը, մարտի 8-ին մասնակցել է նշանադրության արարողության։ Նրա հետ սերտ շփում ունեցած անձիք այս պահին մեկուսացվում են։ Էջմիածնում, ընդհանուր առմամբ խուճապային տրամադրություններ կան, ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դպրոցներ եւ մանկապարտեզներ չի տարել։ Վերջին պաշտոնական տվյալով Հայաստանում կա 4 վարակված, 88 մարդ մեկուսացված է։

Այս խորագրի վերջին նյութերը