Մեկնաբանություն

12.03.2020 08:20


Անամոթության մաստեր կլաս Փաշինյանից

Անամոթության մաստեր կլաս Փաշինյանից

«Էն քաղաքական համակարգին ձեռ էր տալիս, որ քաղաքացին լինի խեղճ։ Որովհետև ինչքան խեղճ, էնքան լավ։ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, նրանց պետք էր, որ մարդիկ հնարավորինս լինեն աղքատ։ Գիտե՞ք՝ ինչի։ Որ երբ ընտրությունների ժամանակ 10 հազար կամ 5 հազար դրամ ընտրակաշառք առաջարկեն, մարդը էնքան խեղճ լինի, որ 5 հազար դրամ տենալիս զարմանա։ Որտև եթե մարդը 5 հազար կամ 10 հազար դրամ տենալիս չի զարմանում, նա այլևս ընտրակաշառքով չի քվեարկի»,-սիսիանցի «հանդիսատեսին» անամոթության ահա այսպիսի մաստեր-կլաս է ցույց տվել ստահոդ «նոր Հայաստանի» ստահոդ վարչա(հրամայա)պետը։

Սա ասում է մեկը, ով կողմնորոշիչները կորցրած, խաբված, մոլորված «խեղճ» սիսիանցու ու մնացած աղքատ-հպարտների ականջներից մակարոնեղեն կախելով, ոսկի սարեր խոստանալով` նստեց գլխներիս, շատ արագ հաղթահարեց «խեղճությունը», այսինքն` աղքատությունը սեփական գրպանում (ավաղ, ո՛չ գլխում)։ Ու հիմա բոլոր ամբիոններից իրեն ճղելով՝ դիվադադար է անում բոլորիս, թե բա` 3-4 հազար դրամով ավելացրել եմ կենսաթոշակները, բյուջետային աշխատողների մի մասին կրճատելու գնով` բարձրացրել կրճատումից մազապուրծ քաղաքացիների աշխատավարձերը, 7,6 տոկոս տնտեսական աճ արձանագրել...

Առավելագույնը, ինչ կարողացել է անել ավտոմեքենաների սպեկուլյացիայի, ստվերից դուրս բերված, բայց այդպես էլ չստեղծված տասնյակ հազարավոր աշխատատեղերի և մեր բնական հարստություններն առաջանցիկ տեմպերով «հարստահարելու» հաշվին։

Երբ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն առանց կարմրելու զազրախոսում է մի նախագահի հասցեին, որի ժամանակ գրանցված ռեկորդային տնտեսական աճի համար Համաշխարհային բանկը Հայաստանին կովկասյան վագրի հետ համեմատեց, սա, կներեք, լկտիություն է` առանց սահմանների։

Համենայն դեպս հիշեցնենք` Քոչարյանի օրոք 7 տարի շարունակ` 2000-2008թթ., մեր երկրում ամեն տարի գրանցվում էր երկնիշ տնտեսական աճ`տեղ-տեղ հատելով 12-13 տոկոսի սահմանագիծը։ 2005-2007 թթ. արտագաղթը փաստացի կասեցված էր, և ներգաղթի միտում էր նկատվում` Հայաստան եկողների ու գնացողների հաշվեկշիռը` «սալդոն», փոխվել էր եկողների օգտին։

Աղքատության ցուցանիշն էապես կրճատվել է`1998թ. 56.1 տոկոսից 2006-ին հասել է 26.5 տոկոսի, ծայրահեղ աղքատների ցուցանիշը`21 տոկոսից 4.1 տոկոսի։ Ընդհանուր առմամբ` 1998-2008թ. աղքատությունը կրճատվել է մոտ 2 անգամ, ծայրահեղ աղքատությունը` 4.6 անգամ, և դրանից հետո քիչ է փոխվել. հետհեղափոխական 2018-ին աղքատությունը, պաշտոնական տվյալներով, կազմում էր 23,5 տոկոս` 2008-ի 27,6 տոկոսի փոխարեն։ Այսինքն`10 տարում, ներառյալ թավշյա «հրաշքի» առաջին տարին, նվազել է ընդամենը 4 տոկոսով։

Եվ սա այն դեպքն է, երբ մեկնաբանություններն իսկապես ավելորդ են. հասկացողը հասկանում է, իսկ «չհասկացողին» ոչնչով օգնել չենք կարող...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը