Մեկնաբանություն

12.03.2011 14:55


«Եգիպտանալ» և «թունիսանալ»՝ չսերժանալով

«Եգիպտանալ» և «թունիսանալ»՝ չսերժանալով

Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի միջև, ակնհայտորեն, աշխատանքի բաժանման յուրօրինակ համաձայնություն է ձեռքբերվել, ընդ որում՝ պարտադիր չէ, որ նրանք դա արած լինեին «տետ–ա–տետ» հանդիպման ձևաչափով. գործընթացներն ամեն ինչ ցույց են տալիս։ Ըստ այդմ՝ Ս. Սարգսյանն ու նախագահականի կողմից վերահսկվող ողջ եթերը լծված են ՀԱԿ–ից միակ ընդդիմություն կերտելու գործին, իսկ դրա դիմաց Տեր–Պետրոսյանը պետք է վերահսկի հասարակության մեջ առկա հեղափոխական տրամադրությունները, մարի դրանք ու քաղաքական զարգացումներն ուղղորդի իշխանության վերարտադրման հուն, մի խոսքով՝ գեղամյանություն ու արթուրբաղդասարյանություն անի միաժամանակ։ Իսկ այն, որ ՀԱԿ–ը ներկայացնող գործիչները (ասենք՝ Հրանտ Բագրատյանը) հանրահավաքի ժամանակ միտինգավորներին կոչ են անում «թունիսանալ» կամ «եգիպտանալ», տեղավորվում է «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական 40 միաբանները» համագործակցության մոդելի մեջ։

Նկատենք, որ Բագրատյանը կարող է նույնիսկ տեղյակ չլինել Լևոն–Սերժ համակեցության բանաձևի մասին ու անկեղծորեն հեղափոխական կոչեր անել։ Բագրատյանը կարող է տեղյակ չլինել, բայց տեղյակներն ու նրանց վերահսկողության տակ գտնվող «ազատ, բայց պատասխանատուները» հաստատ տեղյակ են ու դրա համար ՀՀ նախկին վարչապետին որևէ ձևով չեն հակադարձում։

«Պատասխանատուներն», օրինակ, կարող էին հիշեցնել, որ տնտեսական ավերածություններն ու թալանը ծաղկում են ապրել հենց Բագրատյանի օրոք, և  հակաքարոզչություն անել նրա դեմ։ Կարող էին, բայց չեն անում։

«Պատասխանատուները», իրենց հատուկ ոճով, կարող էին Հ. Բագրատյանին հիշեցնել նաև թալան–սեփականաշնորհման, «մազութի գործի», չինական վարկի ու տնտեսական այլ «հաջողությունների»  մասին, բայց գերադասում են չանել այդ բանը։

Փոխարենը՝ «պատասխանատուներն» ու նրանց տերերը եթեր են տրամադրում նույն Բագրատյանին ու մյուս «անհնազանդներին», ինչպես նաև լայնորեն գովազդում ՀԱԿ–ի հանրահավաքի մասնակիցների թվաքանակը։

Հետաքրքրական է, որ նույն այդ «պատասխանատուները» փակ են պահում «իրենց» Վարդան Օսկանյանի մուտքը հեռուստաեթեր ու հարձակվում են նրա վրա, իսկ ահա Հրանտ Բագրատյանին ու մյուս «արմատականներին» սիրահոժար «ազատ, բայց պատասխանատու» են դարձնում հայկական երկնագույն էկրաններին։

Այս ամենը հուշում է, որ սարգսյանական ծրագրերը հետևյալն են. Լևոնից սարքել միակ ընդդիմադիր, նրան հետագայում հատկացնել որոշ տեղեր ապագա ԱԺ–ում և Հայաստանում հաստատել «Մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգ, որին կից կգործի «ազատ, բայց պատասխանատու» «ընդդիմությունը»։ Սա նրանց ծրագիրն է, բայց մերն էլ պետք է լինի այդ ամենը թույլ չտալը, և եթե պետք է «եգիպտանալ» ու «թունիսանալ», ապա դա պետք է անել չսերժանալով ու ներիշխանական կայունության երաշխավորը չդառնալով։

Ժամանակը ցույց կտա, թե ում ծրագիրը կաշխատի՝ Սերժի Սարգսյանի՞, թե՞ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը