Կարծիք

12.03.2011 13:39


Ծրագրելը և երազելը դեռ քիչ են

Ծրագրելը և երազելը դեռ քիչ են

Հայաստանում տխուր, բայց միաժամանակ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Տխուր, քանի որ ժողովրդի կենսամակարդակը գնալով անկում է ապրում, գները շարունակում են աճել, արտագաղթը շարունակվում է: Իսկ հետաքրքիր, քանի որ բավական հետաքրքիր բացահայտումների շրջան է սկսվել, և այն գնալով խորանալու է:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ վարչախումբն այլևս չի կարողանում կառավարել հին ձևերով և եղանակներով, իսկ ժողովուրդն էլ այլևս չի ցանկանում ապրել նախկին ձևով և հանդուրժել այս իրավիճակը։ Եվ որ ամենակարևորն է, Հայ ազգային կոնգրեսն է՛լ ավելի է համոզվում, որ այլևս չի կարողանում զսպել ժողովրդի ցասումը:

Առանց կասկածի կարող եմ ասել, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, թե այդ որտեղի՞ց հնարեցիր, թե Կոնգրեսն իր առջև նման խնդիր է դրել: Վերցրեք Կոնգրեսի առաջնորդների ելույթները և հարցազրույցները, ու ինքներդ կհամոզվեք, թե իր առջև ինչ խնդիր է դրել Կոնգրեսը։ Բայց ամենակարևորն այն է, որ այսպես այլևս չի կարող շարունակվել, և որքան էլ ՀԱԿ առաջնորդները փորձեն այնպիսի կեցվածք ընդունել, թե իրենք խնդիր չունեն զսպելու ժողովրդական ապստամբությունը, միևնույն է, տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում դա անելն այլևս անհնար է: Վարչապետի հրաժարական պահանջելով՝ ժողովրդի վստահությանն արժանանալ հնարավոր չէ: Իսկ երբ ՀԱԿ-ին սկսում են գովերգել ՀՀԿ-ականները, դա արդեն ցնցող և հուզիչ տեսարան է:

ՀՀԿ-ականները շարունակում են պնդել, թե ՀԱԿ-ն է միակ ընդդիմությունը։ ՀՀԿ-ականներն ասում են՝ ա՛յ անամոթ ժառանգականներ, չե՞ք ամաչում, ՀԱԿ-ը բազմահազարանոց հանրահավաքներ է անում, և ոստիկանների հետ որևէ ընդհարում տեղի չի ունենում, իսկ ահա դուք, ա՛յ անամոթներ, դուրս եք գալիս փողոց և նետվում խեղճ ոստիկանների վրա:

Պատկերացնո՞ւմ եք՝ «Հայլուրն» էլ ոչ միայն անդրադառնում է ՀԱԿ-ի առաջնորդների ասուլիսներին, այլ նաև կադրեր է ցուցադրում հանրահավաքներից, և հատուկ ընդգծվում է, թե որքան մարդ է հավաքվել Մատենադարանի մոտ: Այս ամենը չեն կարող հարցեր չառաջացնել: Եվ բնականաբար, այս հարցերը հասնում են նաև Կոնգրեսի առաջնորդներին, որոնք ստիպված են լինում պատասխանել դրանցից գոնե մի քանիսին: Ինչևէ։

Ահա այսպես, ամեն ինչ հայտնվում է ջրի երեսին: Այսքան ասվում էր, որ Տիգրան Սարգսյանը ոչ թե բարեփոխական է, այլ նեոբոլշևիկ, ասում էին, թե չափազանցնում ենք: Իսկ հիմա ի՞նչ անուն տալ գների աճը սահմանափակող ամբոխահաճ որոշմանը: Եթե սա բոշևիզմ չէ, ապա էլ ի՞նչ է: Իսկ այս երիտասարդին ժամանակին գովերգում էր անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հիմա արդեն պահանջում է նրա հրաժարականը:

Տիգրան Սարգսյանը փոխանակ ամեն ինչ անի, որ վերացվեն մենաշնորհները, տարօրինակ որոշում է ընդունում գների սահմանափակման վերաբերյալ, որը ծանր հարված է հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչներին: Այսպես կոչված օլիգարխները բռնել են գլուխները, չեն հասկանում, թե է՞լ ինչ անեն, իսկ Տիգրան Սարգսյանը շարունակում է իր խոսքի տերը մնալ և ամեն ինչ անում է, որ Հայաստանում որևէ արտադրություն չլինի: Այս ամենը մտնում է նաև նրանց ծրագրերի մեջ, ովքեր իրականացնում են «Ընտրություն–2018» և «Մեկ ազգ, մեկ օլիգարխ» ծրագրերը:

Այս ծրագրերը, վարչախմբի և ՀԱԿ-ի, մյուս ընդդիմադիր և կիսաընդդիմադիր կուսակցությունների տարօրինակ գործողությունները թուլացնում են մեր երկիրը, բայց միաժամանակ նպաստում փոփոխությունների, արմատակա՛ն փոփոխությունների մեկնարկին: Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ ամեն ինչ չի կարող ընթանալ այնպես, ինչպես ծրագրված է Բաղրամյան փողոցում: Լինում են այնպիսի անխուսափելի գործընթացներ, որոնք կախված չեն ո՛չ մեր ցանկությունից, ո՛չ էլ ծրագրերից: Հայաստանն էլ հիմա այնպիսի իրավիճակում է, որ բնազդորեն չի կարող թույլ տալ, որ մի քանի ամբիցիոզ երիտասարդներ և ագահ «գործիչներ» կործանեն մեր երկիրը:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը