Լրահոս

11.03.2020 11:40


Ալավերդում հնչել են կրակոցներ. վիրավորը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է. Քննչական կոմիտե

Ալավերդում հնչել են կրակոցներ. վիրավորը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է. Քննչական կոմիտե

2020 թվականի մարտի 9-ին՝ ժամը 17:00-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդոսկրի միջին երրորդականի բազմա­բե­կոր կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնա­կիչ: Վերջինս հայտարարել է, որ պայթյունի ձայն է լսել, որից հետո ազդրի շրջանում զգացել է ցավ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020 թվականի մարտի 9-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ալավերդի քա­ղա­քի Սայաթ-Նովայի հրապարակին հարակից այգում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, մարմնա­կան վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ապօրինի ձեռք բերած հրազենով կրակ է արձակել Օձուն գյուղի բնակչի ուղ­ղութ­յամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:

Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինության մեջ կատարված զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի, առանց գործարանային համարի հրազեն, որի պահունակում առկա է եղել 4 հատ փամփուշտ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձին պարզելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը