Քաղաքական

11.03.2020 11:05


Ադրբեջանի փորձերը` սրելու իրավիճակը ՀՀ-ի հետ պետական սահմանին, վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու նրա քայլերը կրում են միտումնավոր բնույթ. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի փորձերը` սրելու իրավիճակը ՀՀ-ի հետ պետական սահմանին, վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու նրա քայլերը կրում են միտումնավոր բնույթ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.): Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է միտումնավոր կերպով սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում:

Ադրբեջանի պարբերական փորձերը սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ:

Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար»:

Այս խորագրի վերջին նյութերը