Կարծիք

11.03.2020 10:26


Հաղթեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ կուրթանեցի Մեխակը

Հաղթեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ կուրթանեցի Մեխակը

Կուրթանեցի 34-ամյա Մեխակն ասում է, թե Նիկոլ Փաշինյանն իրենց զրույցի ժամանակ իրեն հաղթեց, բայց նա սխալվում է: Հաղթեց հենց ինքը՝ իր համեստությամբ, իր պահվածքով, եթե ուզում եք՝ իր խեղճությամբ: Հաղթեց, այն էլ բացահայտ առավելությամբ: Այդ պահին ես ամաչեցի, որ մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանն է:

Սա, ցավոք, առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը կոպտում է, վիրավորում իրեն դիմողներին, իր առջեւ հարց բարձրացնողներին, նրանց, ում ասում էր՝ դու մենակ չես, մենակ չես, մենակ չես: Նա վիրավորում է գրեթե բոլորին: «Ու ոչ միայն դու, այլ քո կարգավիճակում գտնվող բոլոր մարդիկ»,-ասաց Փաշինյանը կուրթանեցի 34-ամյա բազմաթիվ հիվանդություններ ունեցող երիտասարդին, եւ ոչ միայն նրան ու հեռացավ: Դեռ լավ է, որ չասաց՝ ձեզ նման շնաբարո դուրսպրծուկներին:

Գուցե այդ պահին Փաշինյանին եւս թվում էր, թե ինքը հաղթեց կուրթանեցուն, մյուսներին, բայց ինքը եւս սխալվում է: Ի դեպ, կուրթանեցի «առողջ» տղան Փաշինյանին չէր դիմում որպես մեկ այլ առողջ տղայի, այլ վարչապետի: Այո, վարչապետը, կառավարությունը պարտավոր են ամեն ինչ անել, որ ոչ միայն այս երիտասարդը, այլեւ մյուս բոլոր երիտասարդները կարողանան այս կամ այն ձեւով բնակարանային խնդիրը լուծել:

Լոռու մարզում, Տավուշի մարզում, Սյունիքում ապրում են բազմաթիվ աշխատող եւ առողջ տղաներ, որոնք ամուսնացել են, բայց տան խնդիրը չեն կարողանում լուծել: Եւ հենց վարչապետի եւ կառավարության խնդիրն է օգնել նրանց: Ոչ բոլորին է բախտ վիճակվում գալ Երեւան ու հանդիպել ....

Ցավ ես ապրում, մեծ ցավ, երբ լսում ես կուրթանեցի Մեխակին, բայց նաեւ հասկանում ես, թե ինչ ուժեղ մարդ է նա: Նա լրագրողի հետ կարճ զրույցում օգնություն չէր խնդրում, այլ բացատրում, արդարանում էր, թե ինչու է մոտեցել վարչապետին: Նա հաղթեց վարչապետին նաեւ նրանով, որ մի քանի րոպեի ընթացքում շնորհակալությամբ լցված նշեց իր մորաքրոջ որդու եւ գյուղապետի մասին, որոնք օգնել են նրան բուժստուգում անցնել:

Ընդունենք, որ մեր օրերում ոմանք մոռանում են անգամ միլիոն անգամ ավելի արված օգնությունները, անգամ հրապարակայնորեն հրաժարվում դրանից:

Վստահ եմ, կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն եւ Մեխակին եւ նրա երեխաներին, բայց մնալու է ծանր նստվածքը: Քաղաքակիրթ, կիսաքաղաքակիրթ երկրներում այս միջադեպից հետո վարչապետը ներողություն կխնդրեր եւ հրաժարական կտար: Ավելին, կառավարող կուսակցությունը առաջինը կբարձրացներ նրա հրաժարականի հարցը: Մեզ մոտ այդպես չէ: Մեզ մոտ ՀՀ հպարտ քաղաքացուն վիրավորելուց հետո վարչապետը շտապեց ուղղաթիռ նստել, թեեւ գտնվում էր արձակուրդում:

Սա Նիկոլ Փաշինյանի, բայց նաեւ Հայաստան պետության ծանր պարտությունն էր:

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը