Լրահոս

10.03.2020 18:31


Ամուսինս կթողնե՞ր, որ գնայի. ինչու գյումրեցի 13-ամյա աղջկա հորաքույրը նրան չի այցելում

Ամուսինս կթողնե՞ր, որ գնայի. ինչու գյումրեցի 13-ամյա աղջկա հորաքույրը նրան չի այցելում

Գյումրիում մարտի 5-ին 43-ամյա կնոջ սպանության եւ նրա 13-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու օրը տանն է եղել նաեւ գործով մեղադրյալ 28-ամյա Դավիթ Պողոսյանի մայրը։ Այս մասին NEWS.am-ին պատմեց, 13-ամյա աղջկա հորաքույրը՝ Վարսիկ. Գ.–ն։

Կնոջ խոսքով՝ 2 տարի առաջ՝ եղբոր մահանալուց հետո, իրենք դադարել են շփվել հարսի հետ։ Մեկ տարի առաջ եղբոր որդին, չհամակերպվելով մոր՝ ընկեր ունենալու փաստի հետ, տեղափոխվել է հորաքրոջ տուն բնակության, վերջին երեք ամիսներին էլ բնակվում է Ռուսաստանում, դեպքի մասին տեղեկանալուց հետո վերադառնում է Հայաստան։

Երեխաներից փոքրը՝ աղջիկը, մնացել է մոր հետ, թեև հորաքույրը պնդում է, որ ինքը ցանկություն է հայտնել նաև նրա խնամքով զբաղվել, սակայն մայրը թույլ չի տվել։

Կնոջ խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում ինքը որևէ տեղեկություն չի ունեցել հարսից ու եղբոր աղջկանից. «Անցել է 2 տարի ու ես այդ կողմով անգամ չեմ էլ անցել. չէի ուզում իրենց տեսնեի։ Ես հարեւանից եմ տեղեկացել, որ այդպիսի դեպք է պատահել»։

Նրան հարևանները պատմել են, որ վերջին ամիսներին հարսի ու նրա անչափահաս դստեր հետ բնակվել են ոչ միայն մեղադրյալը, այլև նրա մայրը. «Սպանության ժամանակ էլ այդտեղ է եղել ու շտապօգնություն է կանչել, որ երեխային տանեն հիվանդանոց»։

13–ամյա աղջկան, որն արդեն հինգ օր Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում է, և այսօր գիտակցության է եկել, մինչև հիմա հարազատները չեն այցելել։ Հորաքրոջ խոսքով՝ մոր կողմի հարազատները Հայաստանում չեն, հոր կողմի հարազատներն էլ չեն ուզում նրա հետագա խնամքի համար պատասխանատվություն ստանձնել. «Ես չեմ կարող այդ երեխային խնամակալ կանգնեմ։ Թոշակառու, ինֆարկտ տարած կին եմ»։

Հարցին՝ ինչո՞ւ գոնե երեխային տեսակցության չի գնում, նա պատասխանեց. «Ինչի՞ գնայի, ամուսինս կթողնե՞ր, որ գնայի։ Չէ, չեմ գնա։ Սիրտս էլ չի տանի, որ գնամ երեխային այդ վիճակում տեսնեմ։ Թող տանեն մանկատուն»։

Նշենք, որ 28-ամյա տղամարդը կալանավորվել է։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիի Պռոշյան 14 հասցեում հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նշված տանը ոստիկանությունը հայտնաբերել էր 43-ամյա կնոջ՝ դին՝ ակնհայտ բռնության հետքերով եւ իր 13-ամյա աղջկան՝ տրավմային շոկով եւ գանգուղեղային փակ վնասվածքով։

13-ամյա աղջիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին եւ 14-րդ կետի հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը