Կարծիք

09.03.2020 15:15


Հեղափոխությունը՝ թարմացված հանրային պայմանագիր

Հեղափոխությունը՝ թարմացված հանրային պայմանագիր

2018-ից հետո իշխանության եկած մարդկանց խումբը պնդում է, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել: Կան նաև այդ պնդման հակառակորդներ, որոնք համարում են, որ Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, այլ եղել է ընդամենը իշխանափոխություն: Հասկանալի է, որ «հեղափոխությունը» գործող կառավարության քարոզչության մեխն է, իսկ հակառակորդները ցանկանում են այդ «մեխը» չեզոքացնել։ Ինչպես ենք կարող կաղմնորոշվել այս իրավիճակում, արդյոք եղե՞լ է հեղափոխություն, թե՞ ոչ և ինչո՞ւ է կարևոր այդ հարցի պատասխանը։ Փորձենք հասկանալ, թե որոնք են հեղափոխությունների չափորոշիչները և որքանով են դրանք համապատասխանում մեր դեպքին։

Հեղափոխությունը (լատիներեն` revolutio – շրջադարձ, հեղափոխում, փոխակերպում) նշանակում է հասարակական-քաղաքական մի վիճակից կտրուկ մեկ այլ վիճակի փոխվել։ Որպես կանոն՝ հեղափոխություններից հետո ընդունվում են հռչակագրեր, որտեղ հայտարարվում են նոր արժեքները, որոնց հիման վրա կառուցվում են կառավարման նոր ինստիտուտները։ Իսկ ի՞նչ է նշանակում մի վիճակից մեկ այլ վիճակի փոխվել։ Այդ խնդրին փորձենք մեկ այլ տեսանկյունից մոտենալ։

«Հանրային պայմանագիր» հասկացությունը շրջանառության մեջ մտավ 17-րդ դարից սկսած, երբ իշխանությունը սկսեց դիտարկվել ոչ թե որպես աստվածային շնորհ, որը տրված է շատ նեղ խմբին՝ տիրակալին ու ազնվականներին, այլ հանրային քաղաքականության խնդիր, դրանից բխող մի շարք հարցերով․ ո՞ւմ է պատկանում իշխանությունը, ո՞ւմ է ծառայում պետությունը և այլն։ Երբ զանգվածը սկսեց դառնալ քաղաքական գործոն, ապա առաջացավ պահանջ՝ հաշվի առնել նրա կարծիքը։ Երբ իշխանությունը պատկանում էր մարդկանց շատ նեղ խմբերին, ապա բավական էր, որ նրանք միմյանց միջև գան որոշակի պայմանավորվածությունների, սակայն, հետագայում՝ «զանգվածների դարաշրջանում», պետք էր դիմել ողջ հանրությանը։

Բրիտանացի մտածողներ Ջոն Լոկը, Թոմաս Հոբսը, հետագայում ֆրանսիացի Ժան-Ժակ Ռուսոն առաջ քաշեցին «հանրային պայմանագրի» մասին տեսությունները, նաև այդ պայմանագրի տեսակների մասին կարծիքներ՝ ուղղահայաց պայմանագիր՝ իշխանության ու հասարակության միջև, և հորիզոնական պայմանագիր՝ քաղաքացիների միջև։ Պարզ է, որ «պայմանագիրը» պայմանական իմաստով է գործածվում, այսինքն ինչ-որ եղանակներով քաղաքացիները պայմանավորվում են իրենց և պետության իրավունքների ու պարտականությունների մասին, նաև գծում են թույլատրելիության սահմանները, դա Սահմանադրության գաղափարի սկիզբն էր։ Սահմանադրությունը խաղի կանոնների մասին համընդհանուր «պայմանագիրն» է։ Իսկ ի՞նչ է հեղափոխությունը․ երբ «խաղի կանոններն» արդեն իրենց սպառում են, պահանջ է առաջանում պայմանավորվել «խաղի» նոր կանոնների մասին։ Այդ փոփոխությունները կարող են հաստատվել էվոլյուցիայի կամ ռեվոլյուցիայի միջոցով, սակայն բովանդակային առումով դա կարևոր է։ Հեղափոխական փոփոխություններն, ըստ էության, «խաղի կանոնների» փոփոխություն են նշանակում, այսինքն՝ ձեռք է բերվում նոր «հանրային պայմանագիր»։

Այսօրվա Հայաստանում կատարվող պրոցեսներին անցնելուց առաջ շատ կարճ ներկայացնենք ժամանակակից քաղաքագիտական մտքի այն տեսակետը, ըստ որի աշխարհի 25 ամենազարգացած երկրները կարողացել են ժամանակին հանգել մի շարք պայմանավորվածությունների՝ «հանրային պայմանագրերի», որը նրանց թույլ է տվել զարգանալ։ Կարևոր է նաև հասկանալ այն տեսակետը, որ կան հասարակություններ, որոնք կարող են ձեռք բերել հանրային պայմանավորվածություններ և կան հասարակություններ, որոնք անկարող են դա անել՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ։ Առաջին խմբի հասարակությունները հանդիսանում են ժամանակակից քաղաքակրթության լիիրավ անդամներ և ունեն տնտեսական զարգացման բարձր ցուցանիշներ։

Երբ տարիներ առաջ Հայաստանում սկսեցին խոսել «հանրային պայմանագրի» գաղափարի մասին, ապա այդ ժամանակ, դրանց տպավորության տակ, Նիկոլ Փաշինյանը հիմնեց իր կուսակցությունը, որի անվանման մեջ հենց այդ գաղափարը դրվեց՝ «քաղաքացիական պայմանագիր», անգամ առաջարկեց Հայաստանի քաղաքացիներին իր հետ կնքել պայմանագիր։ Դա, իհարկե, շատ սրամիտ, բայց մակերեսային առաջարկ էր։ Սակայն այս հարցը չէ այս հոդվածի նպատակը, ոչ էլ մտնել «հանրային պայմանագիր» հասկացության փիլիսոփայական-քաղաքագիտական խորխորատները։ Դա մի կողմ դնենք։ Մեր նպատակն է փոխկապակցել «հանրային պայմանագիր» և «հեղափոխություն» հասկացությունները, որը մեզ կօգնի գալ կարևոր եզրակացության։

Հայաստանի դեպքում Սերժ Սարգսյանը պայմանավորվածություններ էր ձեռք բերում որոշակի էլիտայի հետ, այդ թվում նաև ընդդիմադիր՝ նրանց տալով արտոնություններ և տեղեր խորհրդարանում, սակայն կյանքը ցույց տվեց, որ դա քիչ էր, 2018-ին «հեղափոխականները» դիմեցին ավելի լայն զանգվածներին՝ խոստանալով պաշտպանել նրանց շահերն ընդդեմ կոռումպացված քաղաքական էլիտայի՝ իշխող կուսակցությունների ու նրանց հետ պայմանավորվածությունների եկած ընդդիմադիրների։ Դա ապստամբություն էր ընդդեմ քաղաքական ու տնտեսական «էլիտայի»։ Կոռուպցիան, ըստ էության, էլիտայի խաղի կանոնն էր, նրան տրվում էր արտոնություն, իսկ մյուսներին՝ օրենք։ Վերացնել կոռուպցիան, նշանակում էր ստեղծել նոր խաղի կանոններ։

Հանրությունը չէր ցանկանում ապրել հին պայմաններով, սակայն չկա այն հարցի պատասխանը, թե ի՞նչ նոր պայմաններով է ցանկանում ապրել։

1988-ին Հայաստանի հանրությունը ընդամենը մեկ «հանրային պայմանագիր» է կնքել, դա եղել է Ղարաբաղի մասին։ «Ղարաբաղը մերն է» կարգախոսը կնքվել է արյան միջոցով, ինչպես նաև հանրությունը դրան համաձայնել է՝ անցնելով զրկանքների միջով։ Ընդամենը մեկ «պայմանագիրն» արդեն Հայաստանի հանրությանը բարձրացրել է շատ ավելի բարձր որակի շատ ու շատ այլ հանրություններից, որովհետև նրանցից շատերն անգամ մեկ հարցի շուրջ չեն կարողանում գալ պայմանավորվածության, սակայն կյանքը ցույց տվեց, որ դա բավական չէ, պետք են նաև այլ պայմանավորվածություններ, ինչի համար ժողովուրդը դուրս եկավ փողոց։ Սակայն՝ ինչի՞ շուրջ պետք է պայմանավորվել, դեռ հստակ պատասխան չկա։ Կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած պետության պարտականությունն է, դա հանրային պայմանագիր չէ։ Պայմանավորվածությունները պետք է լինեն շատ բազիսային, անկյունաքարային՝ մեկ կամ մի քանի խնդիրների կամ «նոր խաղի» կանոնների շուրջ։

Նոր կառավարությունը դա չի կարողանում անել կամ, ավելի ճիշտ, չի էլ փորձում դրա անհրաժեշտությունը հասկանալ, այդ իսկ պատճառով շատերը, հասկանալով այդ ամենը, հեղափոխություն բառը չակերտների մեջ են վերցնում, իսկ հանրության մյուս հատվածը դա կանի ավելի ուշ։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը