Լրահոս

07.03.2020 18:50


Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի ծեծի գործով մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կայացրել է Արմեն Դանիելյանը, ում վարկանիշը -14 է

Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի ծեծի գործով մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կայացրել է Արմեն Դանիելյանը, ում վարկանիշը -14 է

Եղեգնաձորում դաժանաբար ծեծված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները չեն համակերպվում Մխիթարյանին ծեծի ենթակելու գործով մեղադրյալ՝ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբոր՝ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման հետ։ Արա Մխիթարյանի հայրը լիահույս է, որ դատախազությունը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Նշենք, որ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, ով համարվում է վատագույն վարկանիշն ունեցող դատավորը։ Արմեն Դանիելյանը 2019թ.-ին եղել ամենացածր վարկանիշն ունեցող դատավորը՝ -43 միավորով։ Թեև 2020թ նոր է սկսվել, բայց Դանիելյանն այս պահի դրությամբ կրկին համարվում է ամենացածր վարկանիշն ունեցող դատավորը՝ -14 միավորով։

Բացի այդ՝ Դանիելյանը համարվում է իշխանահաճո դատավոր։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր. «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման։ Այդպես չի լինում»։

Դատախազությունն առայժմ չի արձագանքել բողոքի ակցիաներին եւ պարզ չէ՝ վճռաբեկ բողոք կներկայացնեն մեղադրյալին ազատ արձակելու որոշման դեմ, թե ոչ։

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` միակ մեղադրյալը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրն է՝ Զավեն Գրիգորյանը, թեեւ մամուլի տեղեկություններով`փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ մարզպետը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին։ Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները։

Մեղադրյալն ազատ է արձակվել 1.5 միլիոն գրավի դիմաց։ Ծեծված փոխգնդապետը շուրջ 6 ամիս է, ինչ գտնվում է կոմայի մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը