Կարծիք

11.03.2011 18:04


Մի վերցրու

Մի վերցրու

Հայ ժողովուրդը

ոչ ղրղզների համարձակությունն ունի,

ոչ էլ լեհերի բախտը

Ժամանակակից ասացվածք

Եվ, իհարկե, շատ լավ է որ այդպես է: Շատ լավ է նաև, որ հայ ժողովուրդն այսպիսի ընդհանրացնող սուր միտք ունի: Զարմանում ես` ինչպես կարելի է մեկ ասացվածքով ձեռք առնել սեփական ընդդիմությանն ու  ամոթանք տալ իշխանություններին: Օրինակը մեր առջև է:

Ընդդիմությունը ոչ մի կերպ չի կարողանում ակտիվացնել զանգվածներին, իսկ իշխանությունն էլ ոչ մի պարագայում չի հեռանա, այլ կվերարտադրվի հավերժ, քանի դեռ իր գլխին մի փորձանք չի բերել: Ինչևէ:

Թողնենք այս տխուր թեման եւ փորձենք հասկանալ մեր ժողովրդի` սուր միտք ունենալու բուն պատճառը: Չզարմանաք, բայց սուր միտքը, մեր կարծիքով, հարմարվողականության հետևանք է: Ընդ որում, նկատենք, սուր միտք ունի ոչ միայն ժողովուրդը: Նրանից հետ չեն մնում քաղաքական ուժերը` թե ընդդիմադիր եւ թե իշխանական: Եվ բոլորը հարմարվող են: Հարմարվող են նույնիսկ արտագաղթողները: Այնքան էլ ճիշտ չէ այն միտքը, որ մարդիկ երկրից հեռանում են, քանի որ չեն հարմարվում գործող օրենքներին: Ընդհակառակը` հարմարվում են օրենքներին, իշխանություններին, ընդդիմությանը եւ, որպեսզի նրանց չխանգարեն, համաձայնում են հեռանալ հայրենիքից: Տեսեք` աշխատանք են պահանջում, ապրուստի միջոց, բուժման, ուսում ստանալու հնարավորություն, անհիմն թանկացումների բացառում ու, երբ իշխանությունները նրանց երեք մատ են ցույց տալիս, փոխանակ պատասխանեն նույն կերպ` թողնում-հեռանում են, այսինքն` հարմարվում են:

Մինչդեռ կռվել է պետք, պայքարել պահանջների բավարարման համար եւ ոչ թե փիլիսոփայել, թե հայ ժողովուրդը բախտ չունի: Իսկ կռվել-պայքարելը բոլորովին պետք չէ հասկանալ որպես զինված պայքար կամ հերոսամարտ: Խոսքը դրա մասին չէ: Ավելին` մի անգամ մարդկությունը ականատես է եղել, թե ինչպես բոլշևիկները, սեփական տան պատերի ամրությունը փորձարկելու նպատակով, ռումբ պայթեցրին ներսում: Հետևանքները մինչև օրս էլ կրում է ռուս ժողովուրդը, նրա հետ էլ մենք` Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներս:

Պայքարի, իշխանափոխության շատ ավելի անարյուն ձևեր կան: Կան նույնիսկ իշխանության համար անտեսանելի ձևեր: Ու, քանի դեռ ժողովուրդն անտեղյակ է այդ ձևերին, նրան թվում է, որ մինչև ձեռքը զենք չառնի, իշխանությունները չեն հեռանա: Այս անհեթեթությունը նրանց ուղեղը լցնողը ընդդիմության հատկապես բացօթյա հատվածն է, մեր դեպքում` ՀԱԿ-ը. «Կատարեք մեր պահանջները, այլապես որ տեղներիցս վեր կացանք, ի՞նչ է…»: Խնայում են առայժմ իշխանություններին, բավարարվում հաթաթայով: Բայց իրենց եթե հարցնես` չեն կարող ասել, թե ինչ է տեղի ունենալու, որ տեղներից վեր կենան: Եվ այս էլ որերորդ անգամ ժողովուրդը հասկանում է, որ բացօթյա ընդդիմությունը տեղից վեր կացողն ու իրեն դեպի Ավարայրի դաշտ առաջնորդողը չի: Մարդիկ աստիճանաբար հարմարվում են այն մտքի հետ, որ առաջնորդ չունեն, բայց ունեն մի «սուրբ» առաքելություն ` օրվա իշխանություններին հաթաթա տվողներին փողոցից նախ` տանել խորհրդարան, իսկ այնտեղից էլ, ով գիտի, գուցե դեպի իշխանություն: Ահա եւ մեր հարցի առաջին մասի պատասխանը, թե ինչու հայ ժողովուրդը ղրղզների քաջությունը չունի: Հանուն ո՞ւմ դիմի ղրղզական քաջության, չէ՞ որ ծանոթ է իր բոլոր հաթաթաչիներին:

Այն էլ ասենք, որ դարդին դարման լինել չեն կարող նաև առանձին քաղաքական ուժերի ինքնահրկիզումները: «Ժառանգության» մեր գործընկերները թող չնեղանան, բայց միշտ ժողովրդի հետ լինել` չի նշանակում սիրենաները միացրած արագ արձագանքման ջոկատի պես վրա տալ հրդեհին: Կողքից դիտողների մեջ դա ավելի շուտ զարմանք է առաջացնում, քան հիացմունք, ասեմ: Նման դեպքերում ուժերն այնքան անհավասար են, որ ոչ միայն արյունահեղություններով, այլև ամենախաղաղ իշխանափոխության հնարավորությունն է զրոյական:

Ի՞նչ անել: Աշխատել է պետք ժողովրդի հետ: Նրա միջից պետք է հանել հարմարվողականության այն հարուցիչը, որ պատճառն է այս դժբախտությունների եւ «սուր» մտքեր հղանալու: Ինչո՞ւ նախանձել ղրղզների քաջությանը, կամ երազել լեհերի բախտի մասին, եթե քեզ ոչ այն եւ ոչ էլ մյուսը պետք չեն, որովհետև դու ոչ ղրղզ ես եւ ոչ էլ` լեհ: Մերոնց դեռ պետք է համոզել, որ ինչպես Ղրղզստանն ու Լեհաստանն են այդ ժողովուրդների հայրենիքը, այնպես էլ Հայաստանն է իրենցը, եւ իրենք են այդ հայրենիքի տերը: Այո իրենք, եւ ոչ թե` իրենց կեղեքող իշխանություններն ու թլսորող ընդդիմությունը: Ո՞վ են նրանք, որ քեզ ստիպեն տնիցդ հեռանալ կամ համոզեն ղրղզանալ, եթե դու եւ միայն դու իրավունք ունես որոշելու քո կենսակերպը: Սա է պետք հասկացնել մարդուն, ով դեռևս մտածում է իշխանություններից ու ընդդիմությունից սուր ասացվածքներով ջիգրը հանել: Եվ առաջին քայլը որ պետք է լինի հայրենիքի զգացում սերմանելու ճանապարհին, ոչ թե հայ մարդու մեջ ղրղզ տեղադրելն է, այլ քաղաքացի արթնացնելը:  Օրինակ` այսպիսի մի պարզ պահանջով` չի կարելի փող վերցնել եւ այդ փողի գյորա քվեարկել: Պատվիրանի պե՞ս է հնչում: Ուրեմն թող լինի առաջին պատվիրանը` չհարմարվելու եւ քղաքացու մեջ քաղաքացի արթնացնելու ճանապարհին:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը