Կարծիք

07.03.2020 10:05


Հունվարյան հարահոս թվերը

Հունվարյան հարահոս թվերը

Հրապարակվեց այս տարվա առաջին ամսվա սոցիալ-տնտեսական պատկերը ներկայացնող պաշտոնական տեղեկագիրը: Մեր տոների ու հիշատակի օրերի մասին օրենքով՝ հունվար ամիսը սովորական չես համարի: Այս տարի այն, կարծեմ, 17 աշխատանքային օր ուներ: Ավելի քիչ, քան փետրվարը: Բայց միևնույն է Տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.9 տոկոս է հայտարարված: Դա էական բան չէ, որովհետև համեմատված է 2019-ի հունվարի տվյալների հետ: Բնականաբար։ Իսկ մեր հունվարները աշխատանքային չես համարի: Բայց դա վիճակագրությանը չի խանգարում սոցիալ-տնտեսական առաջընթաց նկատել:

Անկեղծ ասած, այդ առաջընթացն իր բնույթով իներցիայի արդյունք է: Այս հունվարին էլ աճել են տնտեսության այն ոլորտները, որոնք նախկինում էլ էին աճում: Աճում էին՝ հաշվի չառնելով իշխանությունների բացասական կամ դրական վերաբերմունքն առ այդ ոլորտ:

Օրինակ նշվում է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 13.4 տոկոսով: Մեր արդյունաբերությունը դասակարգվում է չորս խոշոր ենթախմբերի: Ամենափոքրը ջրամատակարարում, կոյուղու թափոնների կառավարում-վերամշակումն է: Այս ոլորտում աճի փոխարեն անկում է` այս հունվարին այն 2019թ․ հունվարի 88.9 տոկոսի չափ է կազմել: Մյուս խումբը` էլեկտրաէներգիայի արտադրություն, գազի, գոլորշու մատակարարումն է: Աճն այստեղ կազմել է 109 տոկոս: Այն նկատելիորեն ցածր է արդյունաբերության ընդհանուր` 13.4 տոկոս ցուցանիշից: Միջին-ընդհանուրից ցածր է նաև մշակող արդյունաբերության աճի ցուցանիշը: Աճը նախորդ հունվարի համեմատ՝ 11 տոկոս: Իսկ այ հանքագործական արդյունաբերությունը, որի դեմ համարյա բոլոր իշխանավորներն են խոսում, աճել է 38.8 տոկոսով: Աճել ու ապահովել է ընդհանուր արդունաբերության աճ, որով բոլոր իշխանավորներն են հպարտանում: Հպարտանում են՝ չնկատելու տալով, որ մետաղական հանքերի արդյունահանումը աննախադեպ պատմական ցուցանիշ է արձանագրել՝ 39.9 տոկոս աճ: Այս թվի կողքին համեստ է նայվում ծառայությունների ոլորտի 13.4 տոկոսանոց աճը:

Ծառայությունների ոլորտի մանրամասն պատկեր չի ներկայացվում: Չնայած բոլոր փորձագետների համար էլ ակնհայտ է, որ այն ապահովվել է ոլորտի 21-22 տոկոսը կազմող շահումով խաղերի, վիճակախաղերի ու այլ մոլեխաղերի հաշվին: Բայց այս հունվարի առանձնահատկությունն այն է, որ ծառայությունների ոլորտում նվազում է արձանագրում կրթությունը: 2019-ի հունվարի համեմատ կրթության ոլորտի կրճատումը կազմել է 4.9 տոկոս: Բայց եկեք չնկատելու տանք այս փաստն ու շարունակենք դիտարկել սոցիալ-տնտեսական վիճակի մյուս ոլորտները: Օրինակ այն, որ 2019-ի 1 556 հանցագործության դիմաց այս տարվա հունվարին գրանցվել է 1 654-ը: 6 տոկոսանոց աճը դրակա՞ն երևույթ է, թե՞ բացասական, կարող են քրեագետները վերլուծել: Հատկապես, որ այս հաշվետվության մեջ ամփոփված են նաև 2019-ի իրավախախտումների շատ տվյալներ:

Իսկ հաշվետվություն-տեղեկագիրը ավարտվում է անշարժ գույքի վիճակագրությամբ: Այստեղ ևս հիմնականում նախկինում գրանցված գործընթացների իներցիոն «զարգացումներն» են: Անցած տարվանից մեր սոցիալ-տնտեսական վիճակի տեղեկագրերում հայտնվել է անշարժ գույքի շուկայում օտարերկրացիների մասնակցությամբ կատարված գործարքների վիճակագրություն: Այս տարի էլ նախորդ տարվա նման օտարերկրացիներն ավելի շատ վաճառել են անշարժ գույք, քան գնել: Հունվարի թվերը սրանք են` վաճառք` 219, գնում 126: Ընդ որում օտարերկրացիները վաճառել են 48 առանձնատուն, գնել՝ 20-ը: Վաճառել են 98 բնակարան, գնել` 64-ը: Արտադրության ոլորտում արտասահմանցիները երևի ոչինչ չեն ձեռնարկել: Որովհետև վաճառել են արտադրական նշանակության 1 օբյեկտ՝ փոխարենը ոչինչ չգնելով:

Ահա այսպիսին էին 2020-ի հունվարի սոցիալ-տնտեսական վիճակի տխուր և ուրախ թվերը: Թվեր, որ փաստում են սոցիալ-տնտեսական ոլորտի գործընթացների հարահոս բնույթը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը