Մեկնաբանություն

07.03.2020 11:40


Ինչի՞ համար էր «վստրեչի կրուգի» հատուկ նշանակության օպերացիան

Ինչի՞ համար էր «վստրեչի կրուգի» հատուկ նշանակության օպերացիան

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Նիկոլի սրտի ոստիկանությունը գերազանցեց ինքն իրեն և «ոչ իրավաչափ ուժի կիրառման» բոլոր ռեկորդները` ուշ գիշերով «մեր», այսինքն` իրենց ոստիկանին, ավելի ճիշտ` ոստիկանական մի ամբողջ «գումարտակ» (ասում են` մոտ 100 հոգուց կազմված) ուղարկեց «վստրեչի կրուգ»`գրոհելու Վստրեչի Ապոր` Արամ Վարդանյանի և իր ազգականների «կեցավայրը»։

Ինչո՞ւ դա արեց բառի բուն իմաստով «գազանաբարո» (գուցե «շնաբարո») ձևով` խախտելով մարդկային օրենքներով և օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ ցույց չտալով, ջարդելով ու փշրելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, դիվադադար անելով շրջակա շենքերի բնակիչներին, ահաբեկելով ու հոգեբանական սթրեսի ենթարկելով հնգամյա աղջնակին, այնպես, որ երեխան, ոչ ավել, ոչ պակաս` հայտնվեց հիվանդանոցում։ Կողքից նայելիս` կարելի էր կարծել, թե մեր ազգային անվտանգությանը հանդուգն մարտահրավեր նետած բացառիկ վտանգավոր հանցագործ(ներ)ի կամ միջազգային ահաբեկիչների էին վնասազերծում։

Ինչո՞վ էր պայմանավորված «Վարդանյանենց» վայրկյան առաջ հարայ-հրոցով, աղմուկ-աղաղակով, հայհոյանքներով, մասկի-շոուներով` բոլորին ի լուր ու բոլորին ի տես, առանձնահատուկ «դաժանությամբ» խուզարկելու և ասֆալտին փռելու այս փութաջանությունը։ Չէի՞ն կարող «շնորհքով ներխուժել» ու կատարել շեֆի հանձնարարականը։ Կարող էին, բայց այս տարբերակն են ընտրել, որովհետև շեֆին «սե՛նց պետք էր» արժանանալ Նիկոլի բարեհաճությանը և, ի վերջո, ձերբազատվել «ժամանակավորի» պիտակից. ինքնահաստատվել Վստրեչի Ապոր ընտանիքի հաշվին և, որպես «պարգևավճար», հաստատվել ոստիկանապետի պաշտոնում։

Փաշինյանը դեռ հունվարի 25-ին` Կապանյան 5 ժամանոց ասուլիսում բարձրաձայնեց ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարների մանկության երազանք(ներ)ը կյանքի կոչելու` ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնում «ամրագրելու» պայմանը. ասաց` ես իմ «քայլը» արել եմ, ժամանակավոր պաշտոնակատարներին արտոնել եմ, ի հեճուկս սահմանված կարգի և ձևավորված պրակտիկայի, նստել տնօրենի (պետի), ոչ թե տեղակալի առանձնասենյակում. հիմա իրե՛նց հերթն է «քայլ անելու»` հավատարմության «իրեղեն ապացույցներ» ներկայացնելու, ապացուցելու, որ «դավաճան» չեն, ո՛չ էլ «դավադիր»` հենց այն են, ինչ պետք է թավշյա բեսպրեդելը լիարժեք և վերջնական դարձնելու համար։

Ինչպե՞ս` երևի պետք չէ բացատրել։ Իր հայտնի «վախենալու» ելույթում, որով ԱԺ ամբիոնից «հիմնավորում» էր ՍԴ դատավորներին գործից հանելու պատասխանատվությունը «ժողովրդի» վրա բարդելու` Սահմանադրության ժամկետանց հոդվածը վերաձևելու հարցով հակասահմանադրական հանրաքվե անցկացնելու ճակատագրական անհրաժեշտությունը, Փաշինյանն ակնարկեց` ինչ է ուզում ԱԱԾ-ից ու ոստիկանությունից («շուտով դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու, բոլորով»)։

Դե, նրանք էլ ջանում են` ինչպես կարող են։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանն, օրինակ, Վարդանյանների դեմ գիշերային «ռեյդով» իշմար տվեց, որ պատրաստ է անցնել բոլոր կարմիր գծերը` թքած ունենալով «մունդիրի պատիվ» ասածի վրա։ Այլընտրա՛նք չունի. մեկ անգամ արդեն «պադվադիտ» է արել թավշապետին ու արժանացել ընտանիքապետության «պաշտոնաթերթի» դեղին քարտին։ Այնպես որ, ուզի-չուզի` պետք է «ուղղի սխալը», հակառակ դեպքում պաշտոնի երես չի տեսնի։

Սա, ի դեպ, լրիվ տեղավորվում է «Վստրեչի ապոր» շրջանառության մեջ դրած վարկածի տրամաբանության մեջ, ըստ որի` իրեն գործարք են առաջարկել, ասել են`ե՛կ Հայաստան, դուխով, շախով, շուխով, շուխուրով «պառկըցնենք ասֆալտին», հա՛մ քո համար լավ կլինի, հա՛մ մեզ համար։

Վարչա(հրամայա)պետը ոստիկանապետի հավակնորդի «գիշերային ծառայությունները» կգնահատի՞ անշնորհք, շա՛տ անշնորհք բեմականացված թունդ «հակաահաբեկչական» ներկայացումը, թե՞ չէ` շուտով կիմանանք...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը