Կարծիք

06.03.2020 19:00


էմոցիաները և քաղաքականությունը կամ էմոցիաների մենեջմենթը

էմոցիաները և քաղաքականությունը կամ էմոցիաների մենեջմենթը

«Թույլ քաղաքական ինստիտուտներ ունեցող հասարակությունները դժվար են հաղթահարում անձերի ու մարդկանց խմբերի ցանկությունների հետևանքները»

Սեմուել Հանթինգտոն

1991-ից սկսած Հայաստանի ընդդիմության գլխավոր զենքը զանգվածների վրա հոգեբանական ազդեցություն թողնելն էր: Ով ամենահուժկու և ամենահամարձակ եղանակով էր մեղադրում իշխանությանը, նա դառնում էր մարդկանց մտքերի ու սրտերի տիրակալը: Իսկ իշխանություններն, անկախ իրենց որակներից, հիմնականում ստիպված էին պաշտպանվել ընդդիմության ճիշտ կամ սուտ հոգեբանական գրոհներից կամ էլ արհամարհել դրանք ու ընտրությունների ժամանակ հայտնի եղանակներով «հաղթել» նրանց: Մինչ 2018-ը դա հայկական քաղաքական պայքարի հիմնական սխեման էր` ընդդիմությունը փորձում էր խաղալ հանրության էմոցիաների վրա, իսկ կառավարող ուժը դա արհամարհում էր ու ընտրությունների ժամանակ կատարում իր «սև» գործը:

«Ժողովուրդը չունի քաղաքական գիտելիքներ, այլ ունի մշուշոտ քաղաքական զգացմունքներ»

Ալֆոնս դը Մարտին

2018-ից հետո կարծես թե պետք է դերերը փոխվեին՝ ընդդիմությունը դառնար հանրության էմոցիաների տիրակալը, սակայն ի հեճուկս հայկական քաղաքական ավանդույթների՝ դա տեղի չունեցավ, կառավարող ուժը՝ նախկին ընդդիմությունը, շարունակում է իր հին գործելակերպը՝ խաղում է մարդկանց էմոցիաների հետ ու բողոքում իրեն խանգարողներից՝ նախկիններից։ Դա աննախադեպ գործելակերպ է, ինչը շփոթության է հանգեցրել ողջ քաղաքական համակարգը։

Առհասարակ, մարդկանց կամ տվյալ դեպքում ընտրողների էմոցիաների վրա խաղալը դեմոկրատիայի ուղեկցող երևույթ է։ Երկրորդ աշխարհամարտից հետո Միացյալ Նահանգներում շրջանառության մեջ է մտնում «քաղաքական հոգեբանություն» տերմինը, որն արագ թափով դառնում է գիտության առանձին ճյուղ։ Նահանգներում պարբերաբար ընտրություններ են տեղի ունենում, և դրան արդեն գիտականորեն մոտենալը հարաճուն խնդիր էր առաջացրել։

1968-ին Քաղաքական գիտությունների ամերիկյան ասոցիացիան (American Association of Political Science) հիմնում է Քաղաքական հոգեբանության հետազոտական կոմիտեն (Research Committee in Political Psychology), որն ունի հազարից ավելի անդամ։ Զանգվածների կառավարումն արդեն գիտության ճյուղ է դառնում։ Քաղաքական պայքարն արդեն ընթանում է ընտրողների հոգիների ու զգացմունքների մենեջմենթի համար, որտեղ բանականությունն արդեն երկրորդական պլան է մղվում։ Այս գիտակցությունը նոր է տեղ հասել Հայաստան, որը տակնուվրա է անում Հայաստանի քաղաքականացված հանրության մտածողության ավանդական սխեմաները։

«Մենք ապրում ենք շրջահայացության դարաշրջանում, հիմա առաջնորդներն են հետևում ժողովրդին»։

Բենջամին Դիզրաելի, Բրիտանիայի վարչապետ, 19-րդ դար

Ֆրանսիացի հռչակավոր հոգեբան ու սոցիոլոգ Սերժ Մոսկովիչին կարծում էր, որ «Կոլեկտիվին ներշնչելն ու նրա վրա ներազդեցություն ունենալն անհատական պլանում նույն բանն է, ինչ որ նեվրոզը։ Երկուսի դեպքում էլ ենթադրվում է հեռանալ տրամաբանական մտածողությունից և առավելություն տալ հակատրամաբանությանը»։

Ամենաէմոցիոնալ զգացումը վախն է, որին սկսել են պարբերաբար դիմել Հայաստանի իշխանության ներկայացուցիչները։ «Ներքին թշնամիներ», «ժողովրդի թշնամիներ», «դավաճաններ», «դավադրություններ» և նման բառերը գնալով ավելի հաճախակի են հնչում նրանց շուրթերից։ Պարզ է, որ թշնամիներին դիմակայում են «ժողովրդի նվիրյալները»։ Իշխանության «սև» լինելու մասին ավանդական պատկերացումը սկսել է երերալ։ Հիմա կարելի է և՛ «սպիտակ» լինել, և՛ միաժամանակ իշխանություն ունենալ։

Վախերը ժողովրդի կառավարման գործիքներից մեկն են։ Դա, իհարկե, պրիմիտիվ կառավարում է, որը բնորոշ է քաղաքակրթական ցածր աստիճանում գտնվող հանրույթների համար, սակայն Հայաստանի համար՝ բավականին արդյունավետ։

«Ցանկացած ժամանակաշրջանում մարդկության ամենաչարամիտ ներկայացուցիչներին կարելի է գտնել ժողովրդի առաջնորդների շրջանում»։

Թոմաս Մաքոլեյ, անգլիացի պատմաբան, պետական գործիչ

Հետազոտող Ն․Ռախմանովը համարում է, որ «Մեծ հաջողությունների են հասնում այն մարդիկ, որոնք հաճախակի են օգտագործում բռնության լեզուն՝ հասկանալով, որ հետսովետական հասարակություններում հաստատվել է ուժի պաշտամունքը։ Դրա համար պետք չէ զարմանալ, որ այս կամ այն քաղաքական և հանրային դեմքերը գրում և արտահայտվում են պարզունակ լեզվով։ Որովհետև բռնության լեզուն բավականին արխայիկ է և սևի ու սպիտակի երանգներն ունի։ Նման ազդեցության գործիքը նպատակ չունի մարդկանց խրախուսել մտածել ու կասկածել, այլ խնդիրների լուծման շատ պարզ լուծումներ է տալիս»։

Սա այն է, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում։ Իշխանության ներկայացուցիչներն օգտագործում են պարզ սլենգային լեզու, պարբերաբար բռնության ցուցադրական ակտեր են կազմակերպում ու փորձում են կառավարել հանրության վախերն ու հույզերը։ Էմոցիաների վրա հիմնված կառավարման համակարգ է Հայաստանում ձևավորվել, սակայն արևմտյան հանրություններում այդ տեխնոլոգիաներին զուգահեռ պետք է նաև կոնկրետ արդյունք ցույց տալ, մեզ մոտ էմոցիաների պաշարը դեռևս բավականացնում է անգամ հանրաքվե կազմակերպել՝ առանց որևէ տրամաբանական հիմնավորման։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը