Մեկնաբանություն

07.03.2020 11:45


«Քրեական ենթամշակույթն» ու «թավշյա ապերախտությունը»

«Քրեական ենթամշակույթն» ու «թավշյա ապերախտությունը»

«Վստրեչի Ապերի», նույն ինքը՝ Արամ Վարդանյանի տան վրա ոստիկանության կատաղի հարձակումը լուրջ, երկար ու ծանր քննարկման նյութ է, իհարկե: Անկախ այն բանից, թե ինչ շրջանակների հետ է առնչվում Արամ Վարդանյանն ինքը կամ նույնիսկ՝ ինչ հակաօրինական արարքների մեջ է կասկածվում կամ մեղադրվում: Այլ բան եթե չլինի, ապա նրա 5 տարեկան թոռնիկի առողջությանը պատճառված վնասը բավարար հիմք է այդ միջնադարյան հարձակումը կատարած ոստիկանախմբին ու նրանց հրաման տվողին առնվազն իրավապահ համակարգից հեռացնելու, ապա նաև՝ պատասխանատվության ենթարկելու համար:

Բայց այս դեպքում հետաքրքիր է նաև բոլորովին այլ հարց: Ամենայն հավանականությամբ, ազդված թոռան հետ կատարվածից, որ յուրաքանչյուր նորմալ մարդու հունից կհաներ՝ Արամ Վարդանյանը «Հրապարակ»-ի թղթակցին բավականին հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերաբերող ոչ վաղ անցյալից: Ավելի կոնկրետ՝ պատմել է այն ժամանակների մասին, երբ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի գործով, որպես մեղադրյալ, ապաև՝ կալանավոր, գտնվում էր բանտում: Ըստ այդմ, Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի ապերը», իր հնարավորությունների սահմաններում, ամեն անգամ հասել է օգնության, երբ Նիկոլ Փաշինյանը բանտում որոշակի նեղության մեջ է եղել կամ աջակցության կարիք է ունեցել, և նման օգնության խնդրանքով Վարդանյանին դիմել են նախկին հակաիշխանական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ու ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ կապված: Նաև նախկին լրագրող, այժմ պետական գործիչ, ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանի դեպքում է մարդն իր կարողությունների սահմաններում օգտակար եղել:

Կարելի է չկասկածել, որ Արամ Վարդանյանը տարիներ առաջ իր օգնության ձեռքը մեկնել է առանց որևէ ակնկալիքի՝ զուտ մարդկային ընկալումներից ելնելով: Ավելին, նա որոշակի առումով նաև ռիսկի է դիմել, քանզի կարող էր և իշխանությունների կամ նույն ոստիկանների հավելյալ ուշադրությանն արժանանալ, ինչը, մեղմ ասած՝ անցանկալի ու տհաճ է, եթե անգամ որևէ մականուն չունես ու այսպես կոչված «քրեական ենթամշակույթին» էլ չես առնչվում, իսկ ոստիկանությունն էլ հայկականն է:

Այստեղ կշրջանցենք անգամ այն նուրբ հարցը, որ այսօր «քրեական ենթամշակույթ» ասվածի դեմ կրքոտ պայքարի ելած անձինք ժամանակին ամենևին էլ չեն խորշել այդ ենթամշակույթին առնչվող անձանց հետ կապեր հաստատելուց, նրանց օգնությանը դիմելուց և այդ աջակցությունն ընդունելուց:

Փոխարենը, շատ ավելի հետաքրքիր է ներկայիս իշխանական «թավշյա ենթամշակույթը», ավելի ճիշտ ասած՝ «թավշյա ապերախտությունը»: Մարդը, անկախ իր ով լինելուց կամ հակաօրինական ինչ-որ բան արած-չարած լինելուց՝ իր կապերի ու հնարավորությունների սահմաններում ռեալ աջակցություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին, երբ նա բանտում է եղել: Իսկ այսօր, ահա, նույն Նիկոլ Փաշինյանի ուղիղ ենթակայության տակ գտնվող ու նրա հրամաններով շարժվող ոստիկանությունը, մի քանի հարյուր հոգով, գիշերվա կեսին գրոհել է նույն Արամ Վարդանյանի տունը, ինչպես լենկթեմուրյան արշավողները կգրոհեին որևէ միջնաբերդ կամ պարիսպ: Այնպես են գրոհել, որ այդ ամբողջ կոշմարի հետևանքով հինգ տարեկան երեխան խոսելու ունակությունը կորցրել է, հուսանք՝ առժամանակ:

Հիմա, իհարկե, հեքիաթներ են պատմում, թե Փաշինյանը չի իմացել ոստիկանության այդ գործողության մասին ու նման բաներ: Միամիտ և դյուրահավատ մարդիկ կարող են կամովին այդ արիշտան կախ տալ իրենց լսողության արտաքին օրգաններից: Ընտրության ու ընկալման հարց է: Բայց նույնիսկ այդ դեպքում պետք է որ հարց ծագեր. լավ, եթե այդ պահին չի իմացել, հապա դրան հաջորդած երկու օ՞րն ինչ գործի էր, կարո՞ղ էր, չէ՞ որևէ կերպ հանդես գալ, իր ենթակայությամբ գործող ոստիկանությանը կարգի հրավիրեր, բորբոքվեր, վերջապես:

Այլ բան որ չլինի, նեղ դրության մեջ քեզ օգնության եկած մարդուն քո ենթակաները վատություն են արել, բա էլ ե՞րբ կամ ո՞ւմ «ծեփես պատերին», եթե ոչ նրանց: Բայց ոչ մի նման դրսևորում չնկատվեց Նիկոլ Փաշինյանի կողմից:

Առհասարակ, վերջին մոտ երկու տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ նմանօրինակ դրվագներ են եղել: Փաշինյանից հեռացել են տարբեր թիմակիցներ: Նրանց մի մասի վրա, հաջորդ իսկ պահին, հասկանալի է՝ «վերին հրահանգով», պիտակավորման արշավ է սկսվել:

Դա էլ այդպիսի իշխանական «թավշյա ենթամշակույթ» է, որին տարբեր մարդիկ նաև ապերախտություն կամ երախտամոռություն են ասում:

Ճիշտ է, «Իմ քայլի» այն ներկայացուցիչները, առհասարակ, մարդիկ, ովքեր ոչ մի լավություն Նիկոլ Փաշինյանին չեն արել, կարող են որոշ չափով իրենց ապահով զգալ: Դե, եթե լավություն չեն արել, ուրեմն փաշինյանական ոստիկանությունը գիշերվա կեսին բաբանով չի խոյահարի իրենց տան դուռը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը