Քաղաքական

17.03.2009 21:20


Ի՞նչ են մտածում արտախորհրդարանական ուժերը

Ի՞նչ են մտածում արտախորհրդարանական ուժերը

Հայաստանյան քաղաքական դաշտում ստեղծվել է մի տարօրինակ իրավիճակ։ Այնպես է ստացվել, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի շրջանում  իրարանցում է առաջացել նախընտրական ցուցակների շուրջ։ Այս ամենին գումարվեց նաև «Հանրապետական» կուսակցության կողմից, ընտրություններից երկու ամիս առաջ Գագիկ Բեգլարյանի նշանակումը քաղաքապետի պաշտոնում, ինչը բազմաթիվ քաղաքական շրջանակներ դիտարկեցին, որպես ընտրությունների ելքը կանխորոշող քայլ։ Իսկ ի՞նչ է կատարվում ընդդիմադիր դաշտում։ Շատերը կանխատեսում էին մի սցենար, որով Հայ ազգային կոնգրեսը և «ժառանգություն» կուսակցությունը ընտրություններին  հանդես կգային միասնական ցուցակով։ Իրականում՝ «Ժառանգությունը» հայտարարեց իր առանձին մասնակցության մասին։ Ստեղծված իրավիճակը մեկնաբանելու համար «7 օր»–ը դիմել է արտախորհրդարանական ուժերին։

Խոսրով Հարությունյանը (ՀՔԴՄ)՝ մեկնաբանելով ՀԱԿ նախընտրական ցուցակում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջինը լինելու փաստը, ասաց.

Եթե այդ ուժը իր առջև նպատակ է դրել իշխանափոխության, ապա այդ ցուցակը պետք է գլխավորեր հենց ինքը Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ընդհանրապես, այս ընտրությունները պետք է ավելի կենցաղային և կոմունալ բնույթ կրեին, ոչ թե համազգային հարցեր լուծեին»։ Համամիտ լինելով Խ. Հարությունյանի այս կարծիքի հետ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբաուխանյանը, նշեց, որ Հայ ազգային կոնգրեսի մեջ պառակտում և նահանջ է նկատվում և միավորման տեսանկյունից կոնգրեսի այդ որոշումը ճիշտ էր։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջինը լինելուն և այդ ֆոնի վրա Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին դեմքի հնարավոր փոփոխմանը, ապա մեր զրուցակիցները համակարծիք չէին։ Խ. Հարությունյանի կարծիքով նման բան տեղի չի ունենա.

-Չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցությունը փոխի իր կարծիքը։ Վերջ ի վերջո, եթե իրենք ավելի հարմար թեկնածու ունենային, ապա կառաջադրեին,- ասել է նա։ Դրան հակառակ, Հայկ Բաբուխանյանը չբացառեց նման փոփոխության հնարավորությունը։

Մենք կապ հաստատեցինք նաև ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, սակայն նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, ասելով միայն այն, որ «Ազգային ժողովրդավարների միությունը» որոշել է չմասնակցել քաղաքապետի ընտրություններին»։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը