Լրահոս

06.03.2020 16:40


Գյումրեցի 28-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա երեխային. նոր մանրամասներ՝ Գյումրու միջադեպից

Գյումրեցի 28-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա երեխային. նոր մանրամասներ՝ Գյումրու միջադեպից

2020 թվականի մարտի 5-ին` ժամը 14:50-ին, ապա՝ 15:15-ին, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա 12-ամյա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժօգնության:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն տան 42-ամյա բնակչուհու դին՝ բռնության հետքերով, ինչպես նաև՝ վերջինիս ծանոթ, Գյումրի քաղաքի 28-ամյա բնակչին:

Վերջինս առերևույթ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և խոստովանել, որ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը:

Նույն օրը հանցագործությունը կատարելու կասկածանքով նա ձերբակալվել է:

Դեպքի առթիվ 2020 թվականի մարտի 5-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը