Լրահոս

06.03.2020 12:41


Փաստաբանները պահանջում են Գագիկ Խաչատրյանի անհապաղ վիրահատություն

Փաստաբանները պահանջում են Գագիկ Խաչատրյանի անհապաղ վիրահատություն

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այսօր հայտարություն է տարածել, որում մասնավորապես, իրավասու մարմիններից պահանջում է անհապաղ հնարավորություն ընձեռել, որպեսզի նա օրենքով սահմանված կարգով ստանա անհրաժեշտ և անհետաձգելի բժշկական օգնությունը՝ ենթարկվի կրկնակի վիրահատության: Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն արդեն իսկ բազմիցս տեղեկացրել է, որ նա վիրահատական միջամտության կարիք ունի, որի իրականացման հնարավորությունը ՀՀ իրավապահ մարմինները չեն ապահովում, ինչի պատճառով էլ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն օրեցօր ավելի է վատթարանում:

«Դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին և օգոստոսի 5-ին քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ՀՀ առողջապահության նախարարի կողմից ՀՀ առաջատար մասնագետների ներգրավմամբ երկու բժշկական կոնսիլիում էր հրավիրվել, որոնց արդյունքում տրված եզրակացություններով փաստվել էր, որ Գագիկ Խաչատրյանին անհարժեշտ է կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, որը հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում, քանի որ սկզբնական վիրահատությունը դեռևս 2018թ.-ին իրականացվել է Գերմանիայի դաշնությունում և իմպլանտ է տեղադրվել։ Կրկնակի վիրահատության անհրաժեշտության մասին են փաստել նաև Գերմանիայի Դաշնության Համբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական կենտրոնի և Փարիզի ամերիկյան հոսպիտալի առաջատար բժիշկ-պրոֆեսորների կողմից իրականացված բժշկական կոնսիլիումների արդյունքում»,-տեղեկացրել է Երեմ Սարգսյանը։ Նա նաև հավելել է, որ բոլոր բժշիկներն էլ համակարծիք են և հաստատել են, որ վիրահատությունը պետք է կատարվի հնարավորինս շտապ, քանի որ դրա հապաղումը կարող է հանկարծակի և անդառնալի վնաս պատճառել Գագիկ Խաչատրյանի առողջությանը:

Փաստաբանական խումբն ահազանգում է, որ չնայած այս նախազգուշացումներին, Գագիկ Խաչատրյանին մինչ օրս վիրահատվելու հնարավորություն չի տրվել. փոխարենը շուրջ 6 ամիս գտնվելով քրեակատարողական հիմնարկում, նա ընդամենը ցավազրկողներ է ստացել: Այս ամենի պատճառով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն ավելի է վատթարացել, որի պատճառով էլ նա ներկայումս գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ կոնսերվատիվ և վերականգնողական բուժում է ստանում, ինչը սակայն, ըստ բժիշկների, չի հանդիսանում հիվանդության հիմնական բուժում:

«22.01.2020թ. և 28.02.2020թ. բժշկական կոնսիլիումների արդյունքում արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանի անհրաժեշտ է կրկնակի վիրահատություն, այսինքն՝ անհրաժեշտ է կրկնակի վիրահատության միջոցով իրականացնել ողնուղեղի պարանոցային հատվածի վիրաբուժական դեկոմպրեսիա: Նման իրավիճակում Պետությունն ուղղակի պարտավոր է մտահոգվել իր քաղաքացու առողջությամբ և հնարավոր բոլոր եղանակներով ապահովել նրա՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը»,-ասել է պաշտպանը։

Նշենք, որ անհապաղ բժշկական օգնության չապահովումն առնվազն հանգեցնում է Պետության կողմից դրսևորվող «վատ վերաբերմունքի», ինչն անթույլատրելի է և ուղղակիորեն արգելված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով։

Խաչատրյանների փաստաբանական խումբ

Այս խորագրի վերջին նյութերը