Մեկնաբանություն

06.03.2020 09:25


Նա այդպես էլ ոչինչ չհասկացավ, ոչինչ չսովորեց

Նա այդպես էլ ոչինչ չհասկացավ, ոչինչ չսովորեց

Երկու տարի իր բաժին «ժողովրդին» վհուկների որսով, բռնոցի-բացթողոցի-պախկվոցիների զգայացունց տեսարաններով, վարչա(հրամայա)պետական ճղավոցներով ու բղավոցներով, սատանաների, սևազգեստ մարդկանց, դավադիրների փնտրտուքով զվարճացնելուց հետո Փաշինյանը հայտնվել է ելման կետում`կոտրած տաշտակի առաջ։

Վիճակագրական փուչիկներով ձեռնածությունների «սեանսներից», այս ընթացքում ձեռքբերված «գլխապտույտ հաջողություններով» ինքն իրեն ու հավատավոր հոտին դուխ տալուց հետո վերջապես տեղն է բերել, որ ավտոմեքենաների «սպեկուլյացիայի» ժամանակավոր և կասկածելի դիվիդենտներով, խաղատնային բիզնեսի, ընդերքն անխնա փորփրելու և վաճառելու, ստվերից դուրս եկած աշխատատեղերն ու աշխատավարձերը հարկային դաշտ բերելու հաշվին տնտեսություն չես զարգացնի։

Դրա համար անհրաժեշտ են ներդրումներ, որոնք չկան ու չեն սպասվում, քանզի այսքան ժամանակ այդպես էլ չի հասկացել, թե ինչն է խանգարում «վատ պարողին»`երկիրը դարձնելու ներդրումների «օազիս»։

Սկզբում ասում էր` աշխարհի լավագույն ներդրողները, հայիլ-մայիլ եղած մեր «թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ», իրար հրմշտելով` կլցվեն Հայաստան ու հերթ կկանգնեն մեր տնտեսության մեջ ներդրումներ անելու համար։ Հետո հայտարարեց` մինչև Ազգային ժողովն ի՛մը չլինի, ներդրումների մասին չի կարող խոսք լինել. Ազգային ժողովն իրենով արեց, բայց ներդրումներ, ինչպես չկային, այնպես էլ չեկան։ Հետո «պլաստինկան» փոխեց, թե բա` ներդրումներին դատական համակարգն է խանգարում, առաջին հերթին`«նախկին կոռումպացված իշխանությունների վերջին բաստիոն» Սահմանադրական դատարանը, ու քափ-քրտինք մտած` փորձում է քանդել, նորից սարքել։

Զուգահեռաբար ասպարեզ նետեց Հայաստանի` «ձախողված պետություն», կառավարման համակարգի` անգործունակ, կաթվածահար լինելու թեզը և «կոկորդիլոսի արցունքներ թափեց», թե համակարգը դիմադրում է. ինչ անում ենք, ի հեճուկս պետական ապարատի ենք անում։ Հատկապես ով կամ ովքեր էին կատաղորեն դիմադրում «հեղափոխական բարեփոխումներին», այդ թվում` ներդրումների ներգրավման ոլորտում, դիմադրության «օջախները» բացահայտվել ու վնասազերծվե՞լ են, թե՞ դեռ իրենց տեղում են ու շարունակում են դիմադրություն ցույց տալ «հեղափոխությանը»` այդպես էլ չիմացանք։

Հիմա էլ մնում-մնում` ամենուրեք (ԱԱԾ-ում, ոստիկանությունում, ընդհուպ՝ տնտեսական բլոկը համակարգող գերատեսչություններում) վխտացող «դավաճաններից» է բողոքում, «հին» Հայաստանից ժառանգություն ստացած պաշտոնյաներից, «վատ կադրերից», որոնք չեն թողնում`մեկուկես տարի առաջ հաղթական ավարտին հասցված «հեղափոխությունը» թափ հավաքի. հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով խանգարում են, թույլ չեն տալիս` ներդրումները հոսեն Հայաստան ու զարգացնեն տնտեսությունը։

Ու չկա մեկը, որ էդ մարդուն բացատրի` «հեղափոխությունը» և տնտեսության զարգացումը, ամենօրյա ռեժիմով բեմականացվող դատական ֆարսերը, մասկի-շոուները, կուլակաթափության և սեփականության վերաբաշխման սպառնալիքներն ու ներդրումները մի կաթսայում չեն եփվի. ոչ մի խելքը գլխին ներդրող չի գա և ներդրումներ չի անի մի երկրում, որտեղ իշխող դասը՝ վարչա(հրամայա)պետի գլխավորությամբ, առավոտից իրիկուն խոսում է քաղաքական հակառակորդներին ասֆալտին «պառկցնելու», պատերին ծեփելու մասին, գիշերները չի քնում`դավաճաններ ու դավադիրներ է ման գալիս, ընդունում օրենքներ, որոնք փաստացի վերացնում են բանկային գաղտնիքը և սեփականության անձեռնմխելիության ինստիտուտը։

Եվ եթե կա մեկը, ով իրականում խանգարում է ներդրումներին և խոչընդոտում կառավարման համակարգի բնականոն գործունեությանը, ապա դա նախ և առաջ Փաշինյանն է`«քանդարարների» իր բրիգադով։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը