Մեկնաբանություն

04.03.2020 13:30


Արևմուտքի լռության գինը

Արևմուտքի լռության գինը

Վիկիլիքսի հայտնի «բացահայտումներից» հետո շատերը` նույնիսկ նրանք, ում դժվար է կասկածել Նիկոլի ու իր քարոզչական կցորդների ստերը հալած յուղի տեղ ընդունելու մեջ, զարմանում ու տարակուսում են. ախր ինչպե՞ս կարող էինք երկու ոտքով թակարդն ընկնել և հավատալ Մարտի 1-ի «լևոնանիկոլական շարադրանքին», ըստ որի, «խաղաղ ցուցարարներն իրենց համար մուշ-մուշ քնած»` «ավազակապետությունը» գող-գող եկավ, վրա տվեց, ջարդեց-փշրեց ու «տապալեց սահմանադրական կարգը»` 10 մարդու մահվան պատճառ դառնալով։

Իրականում Վիկիլիքսի հրապարակումներում, բացի մեկ-երկու դրվագից, որոնք ամբողջացնում են մարտիմեկյան իրադարձությունների և պատճառահետևանքային կապերի խճանկարը, որ ամրագրված է, մասնավորապես, Սամվել Նիկոյանի գլխավորած «մարտիմեկյան» հանձնաժողովի եզրակացության մեջ, ըստ էության, նոր բան չկա։

Լրահոսում, Յութուբում և իշխանության «տակ չմտած» հեռուստաալիքների եթերում «Մարտի 1-ի վերաբերյալ նոր փաստեր, որոնք երբեք չեք տեսել ու չեք լսել» խորագրի ներքո պտտվող տեսանյութերը հաստատ երեկ չեն «ծնվել». ո՛չ 30 հոգով ոստիկանին գրոհելու ու քացու տակ գցելու և ոստիկանության ուժերի դեմ «պատերազմական գործողությունների» մնացած հոգեցունց կադրերը, ո՛չ Փաշինյանի հրահրիչ կոչերն «անմահացնող» կադրերը («հոգիս փառավորվում է, երբ տեսնում եմ...», «դա ոստիկան չի` սրիկա ա, իրան հասնում ա` ինչ արել են, ճիշտ են արել», «զինվեք ով ինչով կարող է» և այդպես շարունակ), որոնցով շիրա էր տալիս «խաղաղ ցուցարարներին» ու քսի տալիս ոստիկանների վրա, ո՛չ «սպանված երեխայի» կոշիկին հարգանքի տուրք տալու «հուզիչ տեսարանը»...

Այլ բան է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո այդ փաստերը «չպարզված հանգամանքներում» հայտնվեցին «արխիվում»` հանրության «աչքից հեռու» մի տեղ։ Առաջացած «սուրբ տեղը»` ինֆորմացիոն «վակուումը», լրացրեց նիկոլահհշական «գեբելսյան» հակաքարոզչությունը, ստի, ատելության և կույր վրեժխնդրության քարոզը` դրանից բխող բոլոր տխուր հետևանքներով։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, և Վիկիլիքսի հրապարակումներն էլ փաստում են Միացյալ Նահանգները ընդգծված շահագրգիռ կեցվածքը մարտիմեկյան խժդժությունների կազմակերպիչների` «ընդդիմության» պարագլուխների, այդ թվում` Փաշինյանի նկատմամբ 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքը փոխելու, ավելի մեղմ պատիժ ենթադրող հոդվածներով փոխարինելու հարցում, որ մեծագույն դեպքում անգամ անհնար է «չեզոքություն» համարել։ ԵԽԽՎ-ն և Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատարն իրենց հերթին ամեն ինչ արեցին, որ ապագա վարչա(հրամայա)պետն ու իր շրջապատը «պլստան» արդարադատությունից այնքանով, որքանով դա հնարավոր էր իրավապահների արձանագրած և համապատասխան դատական ակտերով ամրապնդված փաստերի պայմաններում։

Այս համատեքստում առավել ևս աչք է ծակում ակնհայտ անտարբերությունը, որով Միացյալ Նահանգներն ու նույն եվրոպական կառույցները հետևում են Ռոբերտ Քոչարյանի (և ոչ միայն նրա) նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումներին և դատարանի դահլիճում ու դատարանի շուրջ տեղի ունեցող ճչացող ապօրինությունների, երկակի ստանդարտների, իրավական «սյուռեալիզմի» մյուս դրսևորումներին, որոնց «պսակը» ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեն է։

Ի՞նչ արժե այդ լռությունը` կարելի է ենթադրել։ Բայց որ «ժողովրդավարություն և մարդու իրավունքներ» տարածող արևմտյան ինստիտուտների ակնկալիքները Փաշինյանի «ռեժիմից» աշխարհաքաղաքական դաշտում են` ոչ մի կերպ պայմանավորված չեն հայկական Էլչիբեյի կամ «թավշյա ժողովրդավարության» հանդեպ նրանց անանձնական սիրով, ավելին` ուղղակիորեն կապված են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու «գլոբալ» ծրագրի հետ, որտեղ Արցախին ու Հայաստանին վերապահված է մանրադրամի «վճռորոշ» դերակատարություն, միայն հիմարը կարող է չտեսնել ու չհասկանալ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը