Լրահոս

03.03.2020 16:00


Առաջարկվում է դադարեցնել ՃՈ և պարեկապահակային ծառայությունների գործունեությունը, արդյունքում ստեղծել «Պարեկային ոստիկանություն» ծառայություն

Առաջարկվում է դադարեցնել ՃՈ և պարեկապահակային ծառայությունների գործունեությունը, արդյունքում ստեղծել «Պարեկային ոստիկանություն» ծառայություն

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Նախագծով իրավական հիմք է ստեղծվում ՀՀ ոստիկանության կազմում «Պարեկային ոստիկանություն» ծառայության ստեղծման, պարեկային ոստիկանների հրամանագրման և նրանց գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս ոստիկանության համակարգում գործում են «Ճանապարհային ոստիկանություն» և պարեկապահակային ծառայությունները, որոնք համապատասխանաբար իրականացնում են ճանապարհային երթևեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները և հասարակական կարգի պահպանությունը։

Ոստիկանության նման կառուցվածքով և գործառույթների տարանջատմամբ, տարբեր մոտեցումների, միմյանց հետ արդյունավետորեն չփոխկապակցված երկու արտաքին ծառայությունների գործունեությունը հանգեցնում է տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության խնդիրների, մինչդեռ նշված գործունեության ուղղություններում ոստիկանության բարձր որակի աշխատանքն առաջնային կարևորություն ունի հանցագործությունների կանխման, նախականխման ու հակազդման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների և երկրի հյուրերի շրջանում ոստիկանության վերաբերյալ կարծիքի ձևավորման, վստահության և ապահովության համար։

Նկատի ունենալով, որ ռազմավարությամբ նախատեսվել է, որ նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության գործառույթները՝ անհրաժեշտ է գործընթացը սկսել պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, որը հաջողությամբ անցնելու դեպքում, վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին։

Առաջարկվում է՝ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ, դադարեցնել ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների գործունեությունը։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը