Մեկնաբանություն

01.03.2020 16:42


Հանցավոր անգործությո՞ւն, թե՞ անմեղսունակություն

Հանցավոր անգործությո՞ւն, թե՞ անմեղսունակություն

Ստախոսի տանը հրդեհ է բռնկվում։

Սա բղավում է և օգնություն խնդրում։

Ոչ մեկ չի հասնում օգնության։ Կարծում են, թե կրկին ստում է։

Ժողովրդական պատմություն

Եվ այսպես, վարչապետական թքոցին չօգնեց։ «Թու, թու, թու»–ն չկարողացավ կորոնավիրուսի դեմն առնել։

Ակնհայտ է, որ վիրուսը մինչև «թքելն» էր ներթափանցել Հայաստան, քանզի հնարավոր չէր, որ Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում վիրուսը լիներ, իսկ ահա այդ երկրների հարևանությամբ գտնվող Հայաստանում չլիներ։

Հնարավոր չէր, որ աշխարհով մեկ տարածված սփյուռք, Չինաստանի հետ ակտիվ առևտուր անող ժողովուրդ և Իրանի հետ գործնականում չփակված սահման ունեցող Հայաստան վիրուսը չներթափանցեր։

Թաքցնո՞ւմ էին, թե՞ անմեղսունակության հետևանքով քայլեր չէին ձեռնարկում քայլարածները, դժվար է ասել։ Սրանք հա՛մ անմեղսունակ են, հա՛մ այնքան հանցավոր, որ հանուն սեփական շահի կարող են «փուռը» տալ բոլորին։

Կորոնավիրուսի հետ կապված պատմությունը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը «փաթթած» ունի իր կողմից հպարտ հռչակված քաղաքացիներին։ «Փաթթած» ունի բոլորին միասին վերցրած և առանձին–առանձին։ Ինքը բացառապես շոուով է զբաղված և մտահոգվում է միայն սեփական աթոռով, բյուջեի մսխումով և դրամահավաքներով։

Իրեն պետք էր մարտի 1–ի երթը՝ քաղաքական թամաշա սարքելու և դիակների վրա կանգնած սեփական փիառն անելու համար, տարածում էին, թե բա Հայաստանում կորոնավիրուս չկա։ Հենց զգացին, որ երթը կարող է ձախողվել գլխաքանակի քչության պատճառով, հայտարարեցին, թե բա վիրուս կա և երթը դրա համար չեղարկում ենք։

Ամբողջ խնդիրն այն է, որ եթե այս անգամ իրենք չեն խաբել և վիրուսն իրոք այս գիշեր է հայտնաբերվել, ապա միևնույն է իրենց հավատացող չկա արդեն, քանի որ սուտասանին այլևս ոչ մեկ չի վստահում։

Կորոնավիրուսի պատմությունը ցույց տվեց նաև, որ նիկոլական իշխանությունը կատարյալ անճար է, դիլետանտ և մատնված է հանցավոր անգործության։ Նիկոլը հա՛մ համաճարակաբան է, հա՛մ դրամ հավաքող, հա՛մ ստատուսչի, հա՛մ քաղաքապետ, հա՛մ դատախազ, հա՛մ...

Հենց որոշեց, որ վիրուսը եկել է, սկսեցին իր թիմակիցները թութակի պես կրկնել։ Իր նախարարն ասում է՝ վախենում եք, ձեր երեխաներին դպրոց մի տարեք։ Էն մյուս նախարարն էլ, թե բա ես իմ երեխաներին դպրոց եմ ուղարկելու։ Հետո Նիկոլը որոշում է փակել դպրոցները և իր նախարարները հայտնվում են հիմար վիճակում։ Նույն պատկերն է ամենուրեք։ Դե հիմա պատկերացրեք, որ թշնամին հարձակվի ու մեր երկրի անվտանգության հարցերն այս անմեղսունակները որոշեն։

Ասել է թե՝ թիվ մեկ վիրուսը, որ ներթափանցել է Հայաստան՝ Փաշինյանի գլխավորած իշխանությունն է։ Վիրուսները կգան ու կգնան, բայց սրանց գործած ու գործելիք ավերածությունների հետևանքները դեռ երկար կմնան։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը