Քաղաքական

29.02.2020 11:29


Պաշտոնյաների պարգևավճարների տրման նոր, գաղտնի համակարգը․ «168 ժամ»

Պաշտոնյաների պարգևավճարների տրման նոր, գաղտնի համակարգը․ «168 ժամ»

«2019 թ. հոկտեմբերից մինչ օրս պետական տարբեր կառույցներում, մեկը մյուսի հետևից, անհասկանալի պարբերականությամբ և առանց հիմնավորման վճարվող պարգևավճարների շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Խոշոր չափերի պարգևավճարների տրամադրման փաստը հանրության շրջանում դրական արձագանքի չէր արժանացել ի սկզբանե, իսկ դժգոհությունն է՛լ ավելի մեծացավ, երբ պարզ դարձավ, որ նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների, Երևանի քաղաքապետարանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի նմանօրինակ բարձրացումն իրականացվել է վարչապետ Փաշինյանի գաղտնի հանձնարարականի հիման վրա։ Դա էր փաստում նաև «Հետք» լրատվական կայքի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից ուղարկված գրությունը․ «Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։

Լրատվամիջոցներում բարձրացված աղմուկին զուգահեռ՝ վարչապետի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը վարչապետի անօրինական որոշումը պարզաբանել էր այսպես՝ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոսանոց պարգևատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով, ինչպես նաև սահմանվել են նախարարների, մարզպետների գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգևատրումների չափեր, որոնց համաձայն՝ նախարարի ամսական աշխատավարձ՝ գումարած պարգևավճարը կկազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը` 1 միլիոն դրամ, մարզպետներինը` 900 հազար դրամ: Այսինքն՝ փաստացի այդ որոշմամբ վարչապետի կողմից գործածության մեջ դրվեց պարգևատրումների նոր համակարգ։

Վստահ ենք, որ ուշադիր ընթերցողի աչքից չվրիպեց «անօրինական որոշում» բառակապակցությունը։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով պարգևատրումը բնորոշվում է՝ որպես միանվագ վճար, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության գնահատման և/կամ հատուկ առաջադրանքների և/կամ որակյալ աշխատանքների կատարման համար: Այսինքն՝ օրենքով պարգևավճարը չի դիտարկվում՝ որպես պարբերական վճարում աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման համար, այլ դիտարկվում է՝ որպես աշխատանքի արդյունքի գնահատման և պետական ծառայողների խրախուսման բացառիկ միջոց, որի ստանալն ուղղակիորեն պայմանավորվում է որոշակի բացառիկ հանգամանքներով՝ լինի դա ծառայողական գործունեության գնահատում, որակյալ աշխատանքի կամ հատուկ առաջադրանքի կատարում։

Մինչդեռ, պարբերաբար զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից և դրանց ի պատասխան արված պաշտոնական պարզաբանումներից նկատում ենք օրենքին հակասող դինամիկա, այն է՝ պարգևավճարներ տրվում են յուրաքանչյուր ամիս։ Ստացվում է, որ պարգևավճարը հավասարեցվել է աշխատավարձի արհեստական բարձրացմանը։

Բացի այդ, օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասը՝ մինչև 2020թ. փետրվարի 1-ը գործող խմբագրությամբ, սահմանում էր, որ հատուկ առաջադրանքների և/կամ որակյալ աշխատանքի կատարման համար պաշտոնատար անձին պարգևատրում կարող է տրվել տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ: Մինչդեռ միայն 2019 թ. նախարարներն առնվազն 4 անգամ ստացել են պարգևատրում: Այսինքն՝ պետական ծառայողների պարագայում օրենքը պարգևավճարի հիմքում դրել է այն ճիշտ տրամաբանությունը, որ պարգևավճար տրվում է որակյալ աշխատանքի և/կամ հատուկ առաջադրանքի կատարման դիմաց՝ որպես բացառիկ խրախուսական միջոց, և ոչ թե՝ որպես ամենամսյա վճարում։

Վարչապետի որոշմամբ պարգևատրումային այս նոր համակարգի սահմանումը հանգեցնում է լուրջ հետևանքների, քանի որ այդ համակարգը նախատեսվում է ապագայի բոլոր իրավիճակների համար՝ անկախ պետական ծառայողի գործունեության գնահատման արդյունքներից։ Չէ՞ որ, օբյեկտիվորեն, վարչապետը նախապես չի կարող կանխատեսել, թե արդյո՞ք կոնկրետ նախարարը կամ փոխնախարարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա ապագա ամիսներին ինչպես են կատարելու իրենց աշխատանքը, կատարելո՞ւ են արդյոք հատուկ առաջադրանք, որպեսզի ըստ այդմ էլ վերջիններիս համար սահմանվի պարգևավճար:

Այս ամենից հետո ավելորդ է խոսել, թե ինչու վարչապետ Փաշինյանի կողմից այդ գործընթացն իրականացվել է գաղտնի ընթացակարգով, քանի որ նման որոշման իրականացումը չի տեղավորվում օրենքի ոչ մի դրույթի մեջ՝ այն չի պարունակում պետական, ծառայողական, բանկային և առևտրային գաղտնիք, այն չի պարունակում այնպիսի տեղեկություն, որի տարածումը կհանգեցնի ծանր հետևանքների առաջացմանը Հայաստանի Հանրապետության անվտանգության համար և, որ ամենակարևորն է, նախարարների և փոխնախարարների աշխատավարձի հաշվարկման կարգը և անհրաժեշտ տվյալները սահմանված են օրենքով և հասանելի են բոլորի համար։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց փաստացի աշխատավարձի բարձրացումը հասարակությունից թաքցնելը և ողջ գործընթացն անօրինական ճանապարհով իրականացնելը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ սա ոչ այլ ինչ է, քան իշխանության մակարդակով պետական բյուջեից «օրինականացված» և պարբերական յուրացման մեխանիզմ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը