Մեկնաբանություն

29.02.2020 10:05


Եթե պահանջատեր է, ապա միայն Մարտի 1-ը Քոչարյանի վրա «սաղացնելու» հարցում

Եթե պահանջատեր է, ապա միայն Մարտի 1-ը Քոչարյանի վրա «սաղացնելու» հարցում

Մյունխենյան «առերեսումից» երկու շաբաթ է անցել, բայց հարցը`ինչո՞ւ վարչահրամայապետ Փաշինյանը Ալիևի «պորտը տեղը չդրեց», երբ սա հերթական անգամ փորձեց «Խոջալուի ցեղասպանությունը» մեր վրա կախել, և ոչինչ չասաց Սումգայիթի եղեռնագործության, Բաքվի հայկական ջարդերի մասին, չհիշատակեց կացնով մարդասպանի հերոսացման, ապրիլյան քառօրյան, թալիշցի ծերունի ամուսինների նկատմամբ վանդալիստական գործողությունները, հայ զինծառայողի գլուխը կտրելու և որպես «ավար», համալսարանական կայքում ցուցադրելու պատմությունը։

Օրերս, երբ «Նեզավիսիմայա գազետան» շրջանառության մեջ դրեց Սումգայիթի «դեպքերի» ադրբեջանական վերաշարադրանքը, ըստ որի` հայերն իրենք են կոտորել իրենց, որ մեղքը գցեն խեղճ ադրբեջանցիների վրա (սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում. «մեկը» կար, ասում էր` Արցախում կան դավադիրներ, որ պատրաստվում են հողեր հանձնել, մեղքը գցել ինձ վրա), էլի իրար խառնվեցինք, անհանգստացանք`պաշտոնական Երևանն ինչո՞ւ է բերանը ջուր առել, ինչո՞ւ չի հակադարձում ստահոդ հրապարակմանը, հերքում չի պահանջում և այլն։

Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ պիտի հակադարձեր։ Ինչո՞ւ պիտի «հանուն ոչնչի» փչացներ հարաբերությունները Ադրբեջանի սուլթանի հետ` քչփորելով «համատեղ» անցյալի արյունոտ էջերը։ Նիկոլին բա դա պե՞տք է։ Հազիվ է լեզու գտել Ալիևի հետ, վերելակային և այլ պայմանավորվածություններ է ձեռք բերել, այդ թվում` իրար խնայելու, «չփչացնելու», «անուն չդնելու» վերաբերյալ։ Մանրից «մինի և միկրոհեղափոխություններ» է անում` Հայաստանի, Արցախի և, որ ամենակարևորն է` Ադրբեջանի ժողովուրդներին նախապատրաստելով «խաղաղության», հող ստեղծում «բոլոր կողմերի համար ընդունելի» լուծումը «հպարտ քաղաքացուն» պարտադրելու համար։

Այսքանից հետո ուզում եք` ջո՞ւրը լցնի այդ ամենը, իրերը կոչի իրենց անուններո՞վ ու խա՞չ քաշի հայ-ադրբեջանական քիրվայության վրա։ Հո իզո՞ւր չէ, որ «մոռանում» է շնորհավորական ուղերձ հղել Արցախի հանրապետության հռչակման տարեդարձի առթիվ, Արցախի վերածննդի օրվա մասին էլ հիշում է միայն այն բանից հետո, երբ կայքերը և ՖԲ «պնդերես» օգտատերերը հիշեցնում են, հուշում են, ահազանգում` վարչապետն ինչի մասին ասես գրում և խոսում է, բացի օրվա խորհրդից։

Հեռու չգնանք`մինչ Ադրբեջանում հարյուրի վրա «պտտացնում» են Խոջալուի «ցեղասպանության» մաշված ձայնասկավառակը, ինքը Սումգայիթի «թեմայով» ո՛չ պաշտոնական հայտարարություն է անում, ո՛չ էլ անգամ «հերթապահ» մի գրառում. բավարարվում է նրանով, որ ծաղկեփունջ է դնում Սումգայիթի զոհերի հուշաքարին ու նկարը գցում Ֆեյսբուք` լայքեր հավաքելու համար։ Է՞լ ինչ է պետք, որ հասկանանք և արձանագրենք` էդ մարդու «դարդուցավը» Արցախը չէ, Սումգայիթը չէ։ Էդ մարդը Արցախի հայանպաստ կարգավորման պահանջատերը չէ, Սումգայիթի, Բաքվի ջարդերի անմեղ զոհերի արյան պահանջատերը չէ։

Նրանը Մարտի 1-ի «պահանջատիրությունն» է։ Իհարկե, ո՛չ այն իմաստով, թե պատրաստ է կյանքը տալ 10 զոհերի մահվան հանգամանքների «լիարժեք բացահայտման» համար կամ ձեռքերը կկտրի, եթե հանրությունն, ի վերջո, չստանա 12 տարի օդում կախված հարցերի պատասխանները. ում կրակոցից են զոհվել այդ մարդիկ, ով է տվել կրակելու հրամանը, ովքեր էին մեքենաների հետևից դուրս գալիս, կրակում, հետո նորից դարան մտնում։ Կամ, ոստիկանների դեմ պատերազմող «խաղաղ ցուցարաներին» խառնված, ավտոմատային կրակահերթ արձակում օդ կամ կոնկրետ թիրախների ուղղությամբ։ Եթե սադրիչներ էին, ինչո՞ւ «խաղաղ ցուցարարներին» դա չէր անհանգստացնում և այլն։

Եթե պահանջատեր է` բացառապես սեփական իշխանությունն ատամներով պահելու և Մարտի 1-ը երկրորդ նախագահի վրա «սաղացնելու», նրան հնարավոր ու անհնար, թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով ճաղերի հետևում թողնելու հարցում։

Մարտի 1-ի «զորահավաքն» է այդ և միայն այդ նպատակադրումով է հայտարարել. որպեսզի ևս մեկ անգամ ի լուր անգրագետ պողոսի և իր բազմամարդ ընտանիքի հայտարարի այդ մասին։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը