Մեկնաբանություն

28.02.2020 13:37


 ՀՀ խաբված, բայց հպարտ քաղաքացու անձնագիրը

 ՀՀ խաբված, բայց հպարտ քաղաքացու անձնագիրը

Սարսափելին ու վտանգավորն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը ցածրակարգ քարոզ է իրականացնում և փորձում սեփական շահի ապահովումը ներկայացնել որպես ժողովրդի պահանջի բավարարում։

Սարսափելին ու վտանգավորն այն է, որ նրա էժանագին քարոզի սպառողը կա։ Եթե չլիներ, ապա քարոզն էլ չէր լինի։ Եվ ընդհանրապես, քայլարածների իշխանությունը չէր լինի։ Պատկերացնո՞ւմ եք, մեր երկրում ապրում են մարդիկ, ովքեր նիկոլական ստերին հավատում են, նրա քայլերը ողջունում են և դեռ նրա կողմնակիցն են։ Վերջիններս ավելի սարսափելի են, քան իրենց կուռքը, քանզի կուռքի թեման վաղ թե ուշ փակվելու է, բայց թե ի՞նչ պետք է անել նրա լսարանի հետ, դժվար է պատկերացնել։

Նիկոլը ոչ թե էմոցիոնալ, այլ հաշվենկատ քարոզ է տանում։ Նա շատ լավ գիտի իր լսարանին։ Նա գիտի, որ մեր քաղաքացիների միայն ոչխարական հատվածի վրա կարող է ազդել իր քարոզը։ Գիտի, որ միայն այդ հատվածն է մնացել իրեն հավատացող։ Գիտի ու քարոզում է։ «Հպարտ քաղաքացու» անձնագիր է դրել շրջանառության մեջ։

Այդ անձնագրի տերերը մեր ժողովրդի պողոսական հատվածն են։ Նրանք միգուցե շատ են, բայց հաստատ 650 հազարի չափ չեն, որ իրար կոխկրտելով լցվեն ընտրատեղամասեր ու «ЦЗП՛» ասեն Նիկոլի բռնապետական ու մենիշխանական ռեժիմ ստեղծելու ծրագրերին։

Հանրաքվեն փորձելու են կեղծել։ Քարոզի նպատակը կեղծիքի քողածածկույթ ապահովելն է։

Նիկոլը հերթական անգամ է ուզում խաբել իր «հպարտ» լսարանին։

Նա խաբում էր, երբ խոսում էր արագաչափերի դեմ։ Խաբում էր հերոս Աբաջյանի կեղծ պապիկին հրապարակում հավաքվածների վրա իսկականի տեղ տուլիտ անելով։ Խաբում էր բյուջեն մսխելիս ու թիմակիցներին աստղաբաշխական պարգևավճարներ բաժանելիս։ Խաբում էր բազմաթիվ այլ հարցերում։

Հիմա էլ է խաբում՝ համոզելով, թե, իբր, կյանքը չի լավանա, մինչև ինքը ՍԴ–ն «ժողովրդին» (դե՛, իրեն, էլի՛) չտա։

Խաբում է անգամ «հպարտ քաղաքացու» անձնագիր տպելուց ու վտանգավոր քայլի գնում։

Նա անձնագրի վրա Հայաստանին կցված Արցախ է նկարել։ Նիկոլը քարոզի ժամանակ ուզում է ռազմահայրենասեր երևալ՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» տարբերակով, բայց ի լուր աշխարհի պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է բավարարի նաև ադրբեջանական ժողովրդին։

Եթե Նիկոլն ուզում է բավարարել նաև ադրբեջանական ժողովրդին, ապա լկտիաբար կեղծում է, երբ քարոզչական «անձնագրի» վրա Ղարաբաղը Հայաստանի հետ է նկարում, քանզի ադրբեջանական ժողովրդին լրիվ այլ բան է բավարարում։

Ի դեպ, ներքին լսարանի համար տպված այդ անձնագիրը կարող է դրսում սկանդալ առաջացնել։ Նիկոլն ուզում է ասել, որ Ղարաբաղն արդեն ներառված է Հայաստանի կազմի մե՞ջ։

Կարելի է ամբողջ ժողովրդին խաբել մի կարճ ժամանակահատվածում։ Կարելի է ժողովրդի մի փոքր մասին խաբել միշտ։ Բայց ամբողջ ժողովրդին ու միշտ խաբել հնարավոր չէ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը