Լրահոս

27.02.2020 18:00


ՄԻՊ-ն անընդունելի է համարում երթևեկության կազմակերպման խնդիրների համար վարորդին տուգանելը

ՄԻՊ-ն անընդունելի է համարում երթևեկության կազմակերպման խնդիրների համար վարորդին տուգանելը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ նախքան տուգանային կամ այլ կերպ ասած բալային համակարգի ներդրումը պետությունը պետք է լուծեր երթևեկության անհրաժեշտ պայմանների ապահովման հարցը: ՄԻՊ-ը վարորդի կամքից անկախ կատարած խախտման համար տուգանքի նշանակումն անընդունելի է համարում: Թաթոյանն այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներում:

«Նախագծի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ այդպես էլ չիրականացվեցին պատշաճ իրազեկման աշխատանքներ: Նախագծի սկզբնական տարբերակում նախատեսված էր մինչև համակարգի գործադրումը 6 ամիս ապահովել իրազեկման աշխատանքների համար և ևս 6 ամիս ճանապարհային նշաններով կահավորելու համար: Արդյունքում ստացվեց, որ հասարակությունում կա տարերային բնույթ ունեցող տեղեկությունների սփռում: Եվ իմ գործունեության արդյունքները վկայում են, որ մարդիկ հստակ պատկերացում չունեն, թե ով ինչ խախտման համար կարող է պատասխանատվության ենթարկվել, և այս կամ այն վարքագիծը ինչ հետևանք կարող է առաջացնել: Չեմ կարող ասել, թե իրազեկման աշխատանքներ առհասարակ չեն իրականացվում, դրանք իրականացվում են, սակայն ստացվեց, որ նախ դրանք քիչ են և երկրորդն իրականացվում են այս համակարգի ներդրմանը զուգահեռ»,-ասաց ՄԻՊ-ը:

Նա նկատեց՝ չնայած ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտումներ, որոնք առաջացնում են միավորների զրկում, բացառապես կախված են վարորդի վարքագծից, օրինակ` առանց հաշվառման համարանիշի, ալկոհոլի ազդեցության տակ վարելը, ամրագոտի չօգտագործելը, այնուամենայնիվ, առկա են այնպիսիք, որոնց կատարմանը նպաստում է երթևեկությանն անհրաժեշտ պայմանների բացակայությունը: Այսինքն` դրանք մարդու կամքից առհասարակ կախված չեն:

Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքների ուսումնասիրության համաձայն՝ երկրում առկա են ճանապարհների կահավորման հետ կապված խնդիրներ, օրինակ՝ մասնավորապես հետիոտնային անցումների տեսանելիություն, ասֆալտապատումից հետո նոր գծանշումների բացակայություն, երթևեկության ծանրաբեռնվածություն, ինչը օրինակ հանգեցնում է կայանման խնդրի: «Սրան բախվում են հիմնականում տաքսիների վարորդները և առաքիչները, որոնք ստիպված են կայանել, այսպես կոչված, երկրորդ գծում: Խնդիրն իր հերթին առաջացնում է նաև այլ վարորդների կողմից երթևեկության կանոնների խախտման հարց: Այս խախտումների համար մարդու նկատմամբ ներգործության միջոցներ կիրառելը, այսինքն տուգանքը, ես կարծում եմ, որ արդարացված չէ այս պայմաններում: Սա մարդու իրավունքի չափազանց բարձր աստիճանի միջամտություն է: Իսկ որքան բարձր է մարդու իրավունքի միջամտությունը, պետք է պետությունն այդքան մեծ պարտավորություն ու ջանքեր գործադրի, որ մինչև այդ համակարգի ներդրումը համաչափության թեստը հաղթահարի: Կարծում եմ, որ մեր պետությունը պետք է ջանքերը շարունակաբար և շատ ինտենսիվ գործադրի ճանապարհային նշանների կահավորման ուղղությամբ»,-ասաց ՄԻՊ-ը:

Թաթոյանը նշեց՝ ՃՈ-ի հետ ունեն հաստատված շատ լավ աշխատանք, սակայն հարցին պետք է համակարգային լուծում տրվի: Նա նշեց՝ բալային համակարգը աշխարհում արդյունավետ համակարգ է, սակայն պետք է ջանքեր գործադրել, որ մյուս բաղադրիչները նույնպես պահպանված լինեն, օրինակ արագաչափ սարքերի մասին նշաններն ավելի տեսանելի լինեն և այլն:

Այս խորագրի վերջին նյութերը