Լրահոս

27.02.2020 17:50


Մարդկանց ազատում են ու բերում են իրենց բարեկամներին. «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում աշխատողներին ասում են` ազատման դիմում գրել (տեսանյութ)

Մարդկանց ազատում են ու բերում են իրենց բարեկամներին. «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում աշխատողներին ասում են` ազատման դիմում գրել (տեսանյութ)

Բոլորին հեռացնում են, եթե բոլորը համախմբվեն, չեք պատկերացնում, թե ինչ զանգված կլինի, հիմա ցրված են, բայց որ հավաքվեն, երկու հարյուր հոգի մարդ կլինի: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բուժքույր Ժենյա Մկրտչյանը` ներկայացնելով, որ հիվանդանոցում աշխատողներին պարտադրում են ազատման դիմում գրել:

«Իրենք ասում են աշխատանքային խնդիր, բայց դա ազատման պատճառ չէ, եթե ինձ կբերեն ինչ-որ հիմնավոր պատճառ, որ իրենք իրավունք ունեն դրա համար ինձ ազատել, խնդիր չկա: Շատերին կանչում են, ասում են՝ դուք պետք է ազատման դիմում գրեք, եթե չեք գրում, ուրեմն մենք կազատենք այն ձևով, որ դուք ոչ մի տեղ չեք կարող աշատել»,- ասաց նա և նշեց, որ բոլոր բաժիններից մարդկանց ազատում են:

«Բերում են իրենց հորքուրի աղջիկներին, մորքուրի աղջիկներին, հիմա մեզ ավագ քույր են բերել, ով ռեանիմացիայի ավագ բուժքրոջ հարսն է, մենեջերներ են բերում, մեր աշխատավարձերը իջեցնում են, իրենց բերած մարդկանց աշխատավարձերը բարձրացնում են, դա էլ փաստ է: Թող նայեն իրենց մարդիկ ինչքան են ստացել, ինչ ամանորյա գումարներ են ստացել: Հայաստանի Հանրապետության մի աշխատող ու քաղաքացի ես եմ, մեկն էլ իրենք են։ Որքան տնօրենը, փոխտնօրեն կամ իրա մարդիկ իրավունք ունեն այս երկրում ու հիվանդանոցում, այդքան էլ ես ունեմ իրավունք: Ես, աշխատելով տասը տարի այս հիվանդանոցում, ինձ նկատողություն, զգուշացում չի արվել, հիմա պարզապես կախված են փրփուրներից, մտնում են բաժին, ասում են՝ դու նստած ես, գիտես քեզ աշխատանքից պետք է ազատենք, իջի դիմում գրի»,- պատմեց բուժքույրը և նշեց, որ շատերին են դա ասել:

«Կարդիոբիտի սենյակում բերել «կամերաներ» են դրել, և մենք երկու անգամ կանանց կրծքերի ЭКГ (էլեկտրոկարդիագրամ – Tert.am) ենք անում, ու այդ ամեն ինչը «կամերան» նկարում է, ու դա նայում են «ախրանաները», նայում է տնօրենը, փոխտնօրենները, տղամարդիկ, դա կարդիոբի՞տ է, թե 18+ բաժին, ու ոչ մի տեղ գրված չէ, որ այդ ամենը նկարահանվում է»,- ասաց նա:

Ըստ նրա` իրեն ասում են ազատման դիմում գրի, որովհետև ինքը ճշմարտությունը բարձրաձայնում է: «Ինձ ասում են՝ պետք է ազատման դիմում գրես։ Ինչի՞ համար, որ շատ եմ խոսո՞ւմ, ճիշտն եմ խոսում, որ տնօրենին ասել եմ, որ մենք պետք է ունենանք ութը մոնիտոր, ունենք ընդամենը երեքը, մենք անգամ չունենք թթվածնի բալոն հիվանդներին վերևից ներքև տեղափոխելու համար, անալիզները գրելու համար անգամ թուղթ չունեինք, դա լրիվ իմ խոսելու համար է փոխվել: Իմ շատ խոսելու պատճառով իրենք բան էին ման գալիս, որ ինձ հանեին: Ես Արսեն Թորոսյանին էլ եմ գրել, գրել եմ՝ Արսեն Թորոսյան ինձ բացատրեք ինչո՞ւ 13-րդ աշխատավարձ չեմ ստացել, ինչո՞ւ իջավ իմ աշխատավարձը: «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը ոչ մեկի հոր հիմնարկը չէ: Իրենք եկել են մարդկանց ազատելու համար, ու շարունակվում է այդ ջարդը: Մարդկանց ազատում են ու բերում են իրենց մարդկանց, բարեկամներին, իրենց աթոռն են պնդացնում»,-ասաց նա:



Կրտսեր բուժաշխատող Անուշ Առաքելյանը նշեց, որ արդեն 27 տարի բուժքույր է աշխատել: «Փետրվարի 21-ի հերթապահության օրը մենք ամբողջ անձնակազմով` քույրը և ես, նստած ենք եղել աթոռին` բժշկի դիմաց, խնդրեցի գնալ 20 րոպե հանգստանալ ոտքս ուռած էր, այնուհետև վերադարձել եմ և երկու բուժքույր են «պոստում» եղել, այդ թվում ես: Հիմա մեզ մեղադրում են` իբր «պոստում» մարդ չի եղել, որ մենք իրավունք չունենք հանգստանալ, սպառնալիքով ստիպում են դիմում գրել, ես էլ չեմ գրում»,- ասաց նա և նշեց, որ ինքն իր աշխատանքն անթերի է կատարում:

Նա նաև նշեց, որ փետրվարի 24-ին ինքը ևս հերթապահել է, և պարզվել է, որ սրվակ է կորել: «Այդ փոքր բաժնից հինգ հոգու ասել են` դիմում գրեք, դուրս եկեք: 21-րդ դարում ենք ապրում, բայց ստրկատիրական կարգեր են, 20 րոպեի համար ինձ աշխատանքից հանո՞ւմ են, ես իրավունք չունե՞մ հանգստանալ: Տնօրենը ոչ մեկին ո՛չ ընդունում, ո՛չ էլ զրուցում է, բայց մենք մինչև վարչապետ գնալու ենք»,-ասաց նա:



Բուժքույրներից Ռոզա Գեղամյանը պատմեց, որ առավոտյան ավագ բուժքույրը զանգել և հայտնել է, որ ասել են` ազատման դինում ներկայացնեն: «Պատճառը այն է, որ փետրվարի 25-ին հերթապահել ենք և օգտագործել ենք սիբազոն տեսակի դեղամիջոցը: Տվյալ հիվանդին ստենդավորել էին և նա ագրեսիվ ու ոչ ադեկվատ էր իրեն պահում, և բժշկի ցուցումով դեղամիջոցը Ժենյա Մկրտչյանը հավաքել է երկու ներարկիչի մեջ, մեկը դրվել է բժշկի մոտ չհրկիզվող պահարանում, մյուսը հիվանդների մոտ չհրկիզվող պահարանում, իսկ սրվակը սեղանի վրա է դրվել, և այն պետք է հատուկ տուփով պահվի: Հիմա պատճառաբանում են այդ սրվակը կորել է ու չենք իմանում, ուր է»,- ասաց նա և նշեց, որ իրենք դեղամիջոցը ներարկել են հիվանդին և հիմա պահանջում են տեսագրությունները հետ տալ, որպեսզի հասկանան, թե ինչ է եղել իրականում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնն ավելի ուշ տարածել է պարզաբանում, որում ասվում է.

«Այսօր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում: Բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում որոշ աշխատակիցների կողմից աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում (հատուկ դեղորայքային ռեժիմը խախտելու, պացիենտից գումար պահանջելու և վերցնելու, աշխատանքային ժամին տեղից բացակայելու, ինչպես նաև աշխատաժամին քնելու, պացիենտների, նրանց հարազատների ներկայությամբ անպատշաճ բառապաշար կիրառելու և այլնի համար) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց: Տվյալ գործընթացին աշխատակիցներն արձագանքել են էմոցիոնալ կերպով, սուբյեկտիվ ընկալումներով: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, մասնավորապես` Սրտաբանական բաժանմունքում աշխատանքները որևէ պահի չեն խաթարվել և շարունակվում են բնականոն հունով»։

Այս խորագրի վերջին նյութերը