Մեկնաբանություն

28.02.2020 01:15


«Այո»-ի լոգոն ու իշխանության... լոլոները

«Այո»-ի լոգոն ու իշխանության... լոլոները

Իրենցքայլական կամ քաղպայմանագրային մտացածին հանրաքվեի «այո»-ի քարոզչական մեկնարկը իսկապես էլ դղրդոցով եղավ: Կարելի է ասել՝ «դըմփ-դը՛մփ»-ով, «հո՛ւ»-ն էլ՝ հետը:

Պայմանական ասած՝ առաջին «դը՛մփ»-ն այն էր, որ Փաշինյանի հակակոռուպցիո՜ն, սակավակյա՜ց, մաքրամաքո՜ւր իշխանությունն իր շահերն սպասարկելու նպատակ հետապնդող «հանրաքվեի» քարոզչության ֆինանսավորման «հանգանակությանը» գործարար շրջանակների ներկայացուցիչների էր «բերման ենթարկել»: Կարծեմ Այգեկցու առակն էր՝ հարսանիքի հրավիրելու վերաբերյալ: Ինչևէ:

Երկրորդ «դը՛մփ»-ն այն էր, որ նախընտրական հիմնադրամի համար օրենքով սահմանված առավելագույնը 100 մլն դրամի պայմանը Փաշինյանի ՔՊԿ-ն այդ «հանգանակությամբ» 205 տոկոսով գերակատարեց: Հիմա պիտի մտածեն, թե ինչպե՞ս անեն, որ դա համապատասխանեցնեն օրենքի պահանջին կամ ավելի «հանգանակված» 105 միլիոն դրամն ինչպես փաթեթավորեն:

Դե, իսկ «հո՛ւ»-ն էլ ավելի շուտ «հո՛» է: Այսինքն՝ քարոզչական տարբերանշան-լոգոյի վրա հո՜ ծախսեր չարեցին: Ամբողջ 6 միլիոն դրամ: Ու այդքանով հանդերձ, ներկայացված հարյուրավոր տարբերակների միջից ընտրեցին թերևս ամենից թույլը: Իբր դա քիչ էր, հաջորդ պահին էլ դա «Հո՛ւ-հա՛» դարձավ, քանզի պարզվեց, որ այդ լոգո-«այո»-ն ամբողջությամբ (շեշտն էլ հետը) պատճենված է «Երեկոյան Երևան» թերթի 1991 թվականի սեպտեմբերի 23-ի համարում Հայաստանի Անկախության հանրաքվեի թեմայով նկարված պլակատից: Սա էլ է որոշակի դիտարկումների առիթ տալիս, բայց դրանք՝ քիչ անց կամ այլ առիթով:

Տվյալ դեպքում բնութագրական է այն, որ Փաշինյանի երևացող «իրենցքայլականները» փորձում են իրենց պահել քաղաքական գործիչների նման: Այսինքն, ինչպես քաղաքական գործիչների մասին այն անեկդոտում, որ անկախ այն բանից, թե որքան խայտառակ վիճակում են իրենց բռնացրել, ժպտում են ու ձևացնում, իբր ոչի՜նչ էլ չի եղել, ամեն ինչ OK է: Ջրից ուզում են չոր դուրս գալ, պարզ ասած, ու լոգոյի վերաբերյալ լոլոներ է, որ պատմում են:

Բայց մեկ այլ հարց էլ կա: Իշխանության քարոզչական լոգոյի սկանդալը, թեկուզ ենթագիտակցորեն, շաղկապվում է 1991 թվականի պատմական իրադարձության՝ Անկախության հանրաքվեի հետ: Զանազան մեկնաբանություններում այսօրվա «այո»-ն փորձում են անգամ ներկայացնել որպես 29 տարի առաջվա «այո»-ի շարունակություն (եթե մեկնաբանողը «իրենցքայլական» կամ իշխանական թևից է): Կա նաև հակառակը՝ այսօրվա «այո»-ի վերաբերյալ բացասական վերաբերմունքը, հաճախ անուղղակիորեն, արտացոլում են 1991 թվականի կամ այն օրերի պլակատի վրա:

Բայց 1991-ի «այո»-ն բնական և օրինաչափ էր: Դա Անկախ պետականության վերականգնման համաժողովրդական կամարտահայտություն էր: Մինչդեռ այսօր շատ նեղ ու միայն իշխող շրջանակին, եթե չասվի վարչապետ Փաշինյանին հետաքրքրող, իշխանության բոլոր ճյուղերը մեկ անձի ձեռքում կենտրոնացնելուն նպատակաուղղված հարց է դրվում, որին «այո» ասել-չասելն իշխանական քարոզիչները ամենապարզունակ հարթության վրա բերում-կապում են հայ կամ ոչ հայ լինելու հետ:

Իրականում, 1991-ի այո-ն վերաբերում էր ոչ միայն պարզապես անկախ պետականությունը վերականգնելուն, այլև՝ ժողովրդավարական, իրավական, սոցիալական հանրապետություն ունենալուն: Այն, ինչն ի դեպ, Սահմանադրությամբ էլ է ամրագրված ու անփոփոխելի հոդվածով է ամրագրված: Այնինչ այժմ հայտարարված հանրաքվեն ինքնին ու, առավել ևս բավականին ագրեսիվ քարոզվող «այո»-ն վերաբերում են այն բանին, որ ոտնատակ արվի առնվազն իրավական պետության սկզբունքը:

Արդեն հեռավոր թվացող 1991-ի գաղափարը նաև իշխանության փոխհավասարակշռող ճյուղերով պետություն ունենալն էր, այլ ոչ թե մի կազմավորում, որտեղ հասարակական-քաղաքական, իրավական ու դատական, սոցիալ-տնտեսական ու նաև կրթական անցուդարձը կախված են իշխանության ղեկին հայտնված անձի քմահաճույքներից, հիստերիկ նոտաներով հագեցած ելույթներից կամ անհամարժեք ընկալումներից:

Արմեն Հակոբյան

Հ.Գ. Ինչ վերաբերում է «այո» լոգոյին, որը փաստորեն 1991-ին էր արվել, խորհրդային պլակատագրության ավանդույթներով ու ոճով, ապա 2020-ին դրան նախապատվություն տալը հուշում է, որ այն ընտրողների առնվազն գեղագիտական ընկալման մակարդակը մնացել է խոր անցյալում:

Այս խորագրի վերջին նյութերը