Մեկնաբանություն

26.02.2020 09:50


Զոմբիները գոհ են, Նիկոլը` բավարարված, իսկ Ալիևը գոհունակությամբ շփում է ձեռքերը

Զոմբիները գոհ են, Նիկոլը` բավարարված, իսկ Ալիևը գոհունակությամբ շփում է ձեռքերը

2020թ. փետրվարի 25-ին Փաշինյան Նիկոլն արձանագրեց իր ամենամեծ պյուռոսյան հաղթանակներից մեկը` արեց այն, ինչ իրենից առաջ ոչ մեկին չի հաջողվել. քաղաքական անմեղսունակության բացարձակ ռեկորդ սահմանեց, որ կմտնի համաշխարհային պատմության մեջ։ Որպես պերճախոս օրինակ, թե ինչպես չի կարելի վարվել պետության, պետության հեղինակության, պետական ինստիտուտների և պետական խորհրդանիշերի հետ` անթույլատրելի, կոպիտ ոտնձգություն պետականության և պետականաշինության դեմ։

Առաջին անգամ երկու նախկին նախագահ, երկուսն էլ «գենետիկորեն»` իրենց կյանքով և գործով, քաղաքական կենսագրությամբ, ակունքներով կապված Արցախի, Արցախյան ազատամարտի, Արցախի Հանրապետության հռչակման և կայացման հետ, նույն օրը` տարբեր մեղադրանքներով, «բերման ենթարկվեցին» դատարան և նստեցին մեղադրյալի աթոռին։ Մեկը`կալանավայրից, քաղբանտարկյալի կարգավիճակով, մյուսը`զրկված ազատ տեղաշարժի իրավունքից։

Առաջինին առաջադրված մեղադրանքն ի սկզբանե բացահայտ հակասահմանադրական է` արմատապես հակասում է նախագահի անձեռնմխելիության դրույթին, «դիսոնանսի» մեջ է անձի վիճակը վատթարացնող օրենսդրական նորմը հետին թվով կիրառելու` ենթադրյալ հանցագործության պահին գոյություն չունեցող հոդվածով մարդուն մեղադրանք առաջադրելու արգելքի հետ և խնդրահարույց`իրավական որոշակիության տեսանկյունից։ Ինչը, նկատենք, պաշտոնապես հաստատել է Սահմանադրական դատարանը`Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցով վարույթ հարուցելով և դիմելով ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին`կարծիք ստանալու ակնկալիքով։

Երկրորդի դեպքում մեղադրանքը, մեղմ ասած, համոզիչ չէ. «մանրապճեղ» մի բան է` պաշտոնական լիազորությունների ենթադրյալ չարաշահման ճանապարհով պետական բյուջեին մի քանի միլիոն դրամի վնաս պատճառելու հետ կապված, որ հարիր կլիներ փողոցից «բիրդան» իշխանության եկած «շնաբարո դուրսպրծուկներին», ինչպիսին Նիկոլն ու իր խունվեյբիններն են, բայց 30 տարի տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած նախագահի հետ մի տեսակ չի ասոցացվում։

Կարող էին, չէ՞, ավելի «տպավորիչ» հոդված կարել վրան։ Օրինակ` մեղադրել գյուղնախարարի «իշխանությունը յուրացնելու» միջոցով սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հա՛մ ավելի «լավ» կնայվեր, հա՛մ երկակի ստանդարտների խնդիր չէր առաջանա` երկուսին «կմտցնեին» մի հոդվածի տակ, կպրծներ-կգնար։ Ապացույցների համար պետք չէր լինի «գրպանը մտնել». ի՞նչ նախագահ, որ կյանքում գեթ մեկ անգամ տապալած չլինի սահմանադրական կարգը... Այն էլ` առանձնահատուկ դաժանությամբ։

Ինչպես նույն Ռոբերտ Քոչարյանը, որ «չարամտորեն» կանխեց մարտիմեկյան հեղաշրջման փորձը` չթողեց բանակն՝ ի դեմս «ժողովրդի» նկատմամբ անանձնական սիրով խենթացած ՊՆ երկու փոխնախարարների, որոնցից մեկն այսօր քրեական հետապնդման տակ է, ներքաշել քաղաքականության մեջ։ Հետո էլ, իր սահմանադրական լիազորություններից օգտվելով` արտակարգ դրություն մտցրեց և թույլ չտվեց, որ զինված «խաղաղ ցուցարարները» շարունակեն ավերել մայրաքաղաքի կենտրոնը, հարձակվել և դյուրավառ հեղուկով շշեր, քարեր շպրտել ոստիկանների վրա, մարմնական վնասվածքներ հասցնել կտրող-ծակող գործիքներով, մեքենաներ այրել, թալանել խանութները։ Եվ չկայացած հեղաշրջման դիջեյի հրահանգով այսօր «պատասխան է տալիս» դրա համար։

Զոմբիները գոհ են։ Քայլարածներն ուրախությամբ շփում են ձեռքերը։ Նիկոլը, չնայած կորոնավիրուսի հնարավոր ներթափանցման հետ կապված ժամանակավոր դժվարություններին, բավարարված է և հպարտ` գիտակցումից, որ ինքը էնքան կա, որ կարող է մի օրում երկու նախկին նախագահների քարշ տալ դատարան ու կանգնեցնել «վնգստացող թավշյա արդարադատության» առջև։

«Կիրթ» Ալիևն, անկասկած նույնպես երջանիկ է` Արցախյան ազատամարտի կազմակերպիչներին (Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին, որ իր քթից բռնած 20 տարի ման ածելով, պահեցին «գրավյալ» տարածքներն ու սկուտեղի վրա մատուցեցին Նիկոլին) տեսնելու հանցագործի «ամպլուայի» մեջ։

Ուրիշ էլ ո՞վ կարող էր նման անկրկնելի հաճույք պատճառել Ադրբեջանի սուլթանապետին, եթե ոչ հայ զոմբիների վարչահրամայապետ, «ադրբեջանական ժողովրդի հերոս» Նիկոլ Ամենակարողը։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը